Գեյլ Բորդեն անգլ.՝ Gail Borden | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 9, 1801[1][2][3] Նորվիչ, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | հունվարի 11, 1874[1][2][3] (72 տարեկան) Borden, Կոլորադո շրջան, Տեխաս, ԱՄՆ |
Գերեզման | Վուդլոն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | գյուտարար և գործարար |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն |
Պարգևներ | |
Երեխա(ներ) | John Gail Borden? |
Հայր | Gail Borden, Jr.,?[5] |
Մայր | Philadelphia Borden?[5] |
Ստորագրություն | |
Gail Borden Վիքիպահեստում |
Գեյլ Բորդեն (անգլ.՝ Gail Borden, նոյեմբերի 9, 1801[1][2][3], Նորվիչ, Նյու Յորք, ԱՄՆ - հունվարի 11, 1874[1][2][3], Borden, Կոլորադո շրջան, Տեխաս, ԱՄՆ), ամերիկացի գործարար, գյուտարար, առավել հայտնի է 1853 թվականին խտացրած կաթի հայտնագործումով[6][7]։
Բորդենը ծնվել է 1801 թվականի նոյեմբերի 9-ին Նյու Յորք նահանգի Նորվիչ քաղաքում։ Նրա ընտանիքը տեղափոխվել է Կենտուկի 1814 թվականին, այնուհետև մեկնում է Ինդիանա։ 1821 թվականին առողջական խնդիրների պատճառով Բորդենը տեղափոխվում է Միսիսիպիի հարավ-արևմուտք։ Դասավանդում էր դպրոցում և 7 տարի աշխատում որպես նահանգի տեսուչի տեղակալ[8]։ Այնուհետև 1829 թվականին տեղափոխվում է Տեխաս, որտեղ աշխատում է Տեխասի առաջին տեղագրական քարտեզի վրա։ Բորդենը 1833 թվականից մինչև մեքսիկացիների ներխուժումը գլխավորում էր Տեխասի հողային վարչությունը։ 1835 թվականին եղբոր՝ Թոմասի հետ հիմնում է Տեխասի առաջին երկարակյաց թերթը Սան Ֆելիպեում՝ «Telegraph and Texas Register»-ը[9]։ Երբ 1836 թվականին Տեխասն անջատվեց Մեքսիկայից, Բորդենն օգնեց գրել նահանգի առաջին սահմանադրությունը[8]։
1844 և 1845 թվականներին կնոջ և երեխաների մահից հետո Բորդենը որոշեց թեթևացնել ամերիկացի պիոներների կյանքը և մշակեց մթերքների պահածոյացման մեթոդներ։ Բորդենի առաջին գյուտը դեհիդրիտացված մսից բիսկվիտներն էին, որի համար նա 1851 թվականին Լոնդոնի համաշխարհային ցուցահանդեսում ստացավ ոսկե մեդալ։ Բորդենի բիսկվիտներն օգտագործվում էին հետազատողների և ծովագնացների կողմից, սակայն նրա ընկերությունը հաջողություն չուներ միս արտադրող մրցակիցների պատճառով[8]։ Բորդենի հաջորդ մշակումը կաթի խտացման գործընթացն էր։ 1853 թվականին նա դիմեց կաթից 75% հեղուկի հեռացման և նրա մեջ շաքար ավելացնելու գործընթացն արտոնագրելու համար։ Սկզբում նրա դիմումը մերժվեց նորարարության բացակայության պատճառով, սակայն 3 տարի անց, երբ նա ցույց տվեց, որ օգտագործում է վակուումային խոռոչներ, նրան տրամադրեցին արտոնագրումը (օգոստոսի 19, 1856 թվական, արտոնագրման համար՝ US 15,553)[8][10]։ 1856 թվականին ստեղծվում է խտացրած կաթի Նյու Յորքի ընկերությունը։ 1860-ական թվականներին Բորդենն ստացավ ևս 4 արտոնագրում։ Նրա ընկերությունը հատկապես հաջողություն ունեցավ ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմի սկսումով, երբ խտացրած կաթի սպառումը կտրուկ աճեց՝ բանակի համար խոշոր պատվերի հաշվին[6][7][11][12][13][14]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեյլ Բորդեն» հոդվածին։ |
|