Գեորգե Ասաքի

Գեորգե Ասաքի
մոլդ.՝ Георге Асаки
Ծնվել էմարտի 1 (12), 1788[1]
ԾննդավայրՀերցա, Մոլդովական իշխանություն
Վախճանվել էնոյեմբերի 12 (24), 1869[1] (81 տարեկան)
Վախճանի վայրՅաշ, Վալախիայի և Մոլդովայի միացյալ իշխանություն[2][1]
Մասնագիտությունլեզվաբան, վիմագրող, բանաստեղծ, ճարտարագետ, պատմաբան, ճարտարապետ, գրող, նկարիչ, դրամատուրգ, լրագրող, թարգմանիչ, արձակագիր, ուսուցիչ և հրապարակախոս
Լեզուռումիներեն
Ազգությունհայ
Քաղաքացիություն Մոլդովական իշխանություն,  Վալախիայի և Մոլդովայի միացյալ իշխանություն և  Ռումինիա
ԿրթությունԼվովի համալսարան
ԱմուսինԵլենա Ասաքի
ԶավակներHermiona Asachi?
Изображение автографа
 Gheorghe Asachi Վիքիպահեստում

Գեորգե Լազարի Ասաքի (մարտի 1 (12), 1788[1], Հերցա, Մոլդովական իշխանություն - նոյեմբերի 12 (24), 1869[1], Յաշ, Վալախիայի և Մոլդովայի միացյալ իշխանություն[2][1]), հայազգի ռումինական գրող, լուսավորիչ։ Փիլիսոփայության դոկտոր։ Արտասահմանյան գիտական ընկերությունների անդամ։

Ծնվել է գրող, հոգևորական, հայազգի Լազար Ասաքիևիչի ընտանիքում։ 1796-1804 թվականներին սովորել է Լվովում, ապա՝ Վիեննայում և Իտալիայում։ Ռումինիայի և մոլդովայի գրականության պատմության մեջ նշանակալի դեր են կատարել Գեորգե Ասաքիի բանաստեղծությունները, առակները, պատմական նորավեպերը։

Մոլդովայում բացել է առաջին ազգային դպրոցը և ճարտարագիտական ուսումնարանը։ Կազմակերպել է ռումինիայի առաջին թատերական ներկայացումները (1816), Յաշում հիմնել փիլիսոփայության իրավունքի և աստվածաբանության Միհըյլյան ակադեմիան (1835), երաժշտադրամատիկական դպրոց (1836), գրել է պիեսներ, զբաղվել նկարչությամբ։

Իր հիմնադրած «Ալբինա» (1835) տպարանում հրատարակել է իր խմբագրած լրագրերը և գիտական պարբերականները («Գազետ դը Մոլդովա» («Մոլդովական լրագիր»), «Ալբինա Ռոմընեասկը» («Մեղու Ռումինիո»)), լուսաբանել է հայկական մշակութային հարցեր, տպագրել նմուշներ հայ գրականությունից, կազմել «Ֆրանս-ռումինական հանրագիտարանը»։

Լույս է ընծայել «Վավերաթղթերի հավաքածու» ժողովածուն (1853, ռումիներեն), որն արժեքավոր նյութեր է պարունակում մոլդովահայության մասին[3][4]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեորգե Ասաքին ծնվել է Մոլդովայի հյուսիսում՝ Հերցա քաղաքում (այժմ՝ Ուկրաինայի Չեռնովցիի մարզի Հերցայի շրջան) 1788 թվականին։ Ընտանիքը նախկինում ապրել է Տրանսիլվանիայում, որտեղ հայտնի է եղել Ասաքիևիչ (Asachievici) ազգանունով։ Հայրը՝ Ղազար Ասաքին, հայկական ծագումով ուղղափառ քահանա էր, իսկ մայրը՝ Ելենան, Տրանսիլվանիայի քահանայի դուստրը։ Հերթական ռուս-թուրքական պատերազմի սկսվելուց հետո ընտանիքը տեղափոխվել է Բուկովինա, այնուհետև Գալիցիա։ Մոտավորապես 1795 թվականին նրանք բնակություն են հաստատել Լվովում։ Այստեղ Ասաքին սովորել է ճիզվիտական քոլեջում, իսկ 1803–1804 թվականներին՝ Լվովի համալսարանի փիլիսոփայութան ֆակուլտետում։ Երկու տարի սովորելուց հետո վերադարձել է Մոլդովա։ Ասաքիի մայրը շուտով մահացել է, իսկ հայրը նշանակվել է Մոլդովական թեմի ավագ քահանա և տեղափոխվել Յաշ։

1805 թվականի սկզբին Գեորգե Ասաքին հիվանդացել է մալարիայով և բժիշկների առաջարկությամբ բուժման նպատակով մեկնել Վիեննա։ Նա ստացել է պետական կրթաթոշակ և սովորել մաթեմատիկա, աստղագիտություն և գեղանկարչություն։ Այդ ժամանակ Վիեննան գրավված է եղել Նապոլեոնյան բանակի կողմից։ 1808 թվականին, ռուս-թուրքական պատերազմի ժամանակ Մոլդովայում ռուսական ռազմական վարչակազմի ժամանակ, Ասաքիի հայրը խնդրել է Պավել Չիչագովին իր որդուն շնորհի լեյտենանտի կոչում և նշանակի ինժեներական կորպուսի ղեկավար, սակայն Գեորգե Ասաքին հրաժարվել է ստանձնել պաշտոնը և նույն թվականի ապրիլին Վիեննայից մեկնել է Իտալիա։ Նա մտադիր էր ուսումը շարունակել Հռոմում, սակայն ճանապարհին այցելում է Տրիեստ, Վենետիկ, Պադովա, Ֆեռարա, Բոլոնիա և Ֆլորենցիա և մայրաքաղաք է հասնում հունիսի 11-ին։ Օգոստոսի 19-ին նա մեկնում է Սիցիլիա՝ անցնելով Նեապոլով և Պոմպեյով։ Ասաքին առանց ուղեկցողի իջնում է Վեզուվի խառնարան։

Երիտասարդ Ասաքին

Շուտով Ասաքին վերադարձել է Հռոմ, որտեղ սովորել է իտալական գրականություն, հնագիտություն, գեղանկարչություն և քանդակագործություն։ 1809 թվականին նա հանդիպել է միլանցի վաճառականի 19-ամյա դստերը՝ Բիանկա Միլեզիին (Bianca Milesi), ով դարձել է Ասաքիի ոգեշնչման հիմնական աղբյուրը և օգնել նրան «արվեստագետից դառնալ բանաստեղծ»։ Բիանկա Միլեզին ամուսնացել է ֆրանսիացի բժշկի հետ 1825 թվականին և մահացել խոլերայից 1849 թվականին։

Այդ ժամանակ Ասաքին գրել է իր առաջին բանաստեղծությունները, որոնց համար մրցանակ է ստացել Ռումինիայի գրական ընկերությունից։ Այդ շրջանի բանաստեղծություններից է «Viitorul»-ը («Ապագա»), որտեղ Ասաքին ազգային վերածննդի կոչ է անում։ Ասաքին հետաքրքրվել է Դակիայի հնագույն պատմությամբ, ուսումնասիրել է Տրայանոսի սյան վրայի պատկերները, Վատիկանի գրադարանում փնտրել է Դակիայի և Դանուբյան իշխանությունների պատմության փաստաթղթերը։ 1812 թվականին Գեորգե Ասաքին վերադարձել է Մոլդովիա՝ նախ ժամանելով Գալաց, իսկ օգոստոսի 30-ին՝ Յաշ։ Դրանից որոշ ժամանակ առաջ, Բուխարեստի հաշտության պայմանագրի համաձայն, Մոլդովան վերադարձել է Օսմանյան կայսրության կազմ, իսկ կառավարիչ է նշանակվել Սկարլատ Կալիմակին։

Ասաքին մեծ ջանքեր է գործադրել ազգային մշակույթի և կրթության զարգացման համար։ 1814 թվականին Կառավարական ակադեմիայում կազմակերպել է ինժեներ-հողաշինարարների դասընթացներ, որտեղ առաջին անգամ ռումիներենով դասախոսություններ է կարդացել մաթեմատիկայի, գեոդեզիայի և ճարտարապետության մասին։ Ասաքին կազմակերպել է իր մայրենի լեզվով առաջին թատերական ներկայացումները (1816)։

Ասաքիի մշակութային գործունեությունը ընդհատվել է 1821 թվականին հունական հեղափոխությամբ, որը սկսվել է Մոլդովիայի տարածքում և դարձել թուրքական բանակի և հույն ապստամբների մարտերի թատերաբեմ։ Ինչպես շատ այլ մոլդովացիներ, Ասաքին ապաստան է գտել ռուսական տարածքում։ Մեկ տարի անց նա վերադարձել է, քանի որ Օսմանյան կայսրությունը վերջ է դրել Մոլդովայում ֆանարիոտական ռեժիմին, և Իոան Ստուրձան դարձել է կառավարիչ, ով Ասաքիին նշանակել է Ավստրիայում իր դիվանագիտական ներկայացուցիչ և այդ կապակցությամբ նրան շնորհել ազնվականության կոչում։ Ասաքին այդ պաշտոնը զբաղեցրել է 1822 թվականի նոյեմբերի 30-ից մինչև 1827 թվականի փետրվարը։

Ասաքին կյանքի վերջին տարիներին

Վիեննայում Ասաքին հանդիպել է ավստրիացի Էլենա Տաուբերին՝ Ստուրձայի երեխաների նախկին տնային դաստիարակչուհուն և վաճառական Կիրյակո Մելիրատոյի այրուն։ 1827 թվականին նրանք ամուսնացել են Յաշի ուղղափառ եկեղեցում։ Ելենան ուներ երեք երեխա նախորդ ամուսնությունից (աղջիկը՝ Հերմիոնան և երկու տղաները՝ Ալեքսանդրը և Դիմիտրին), որոնց Ասաքին որդեգրել է։

1827 թվականին Ասաքին վերադարձել է հայրենիք և նշանակվել կրթության դեպարտամենտի խորհրդական՝ ստանալով Աղա տիտղոսը։ 1828 թվականին նա օժանդակել է տարրական դպրոցի և Վասիլևայի գիմնազիայի բացմանը, որը կրել է Վասիլ Լուպուի անունը։ Ադրիանապոլսի հաշտության կնքումից հետո Դանուբյան իշխանությունների վրա ստեղծվել է ռուսական պրոտեկտորատ և Ասաքին ընտրվել է Օրգանական կանոնակարգի մշակման մոլդովական կոմիտեի քարտուղար։ 1829 թվականին նրա խմբագրությամբ, ռուսական վարչակազմի հավանությամբ, սկսել է լույս տեսնել մոլդովական առաջին թերթը՝ «Ալբինա ռոմինյասկե»-ն («Albina Romineasca» (1829-1849): 1830 թվականին Ասաքին ընդգրկվել է Սանկտ Պետերբուրգ մեկնող պատվիրակության կազմում, որպեսզի համաձայնեցնի Օրգանական կանոնակարգը Ռուսաստանի կառավարության հետ։ Ասաքիի վրա մեծ տպավորություն է թողել Ռուսաստանում պետական ինստիտուտների գործունեության սկզբունքները, և նա փորձել է դրանք վերարտադրել Մոլդովայում։ Սանկտ Պետերբուրգից վերադառնալուց հետո նա դարձել է պետական արխիվի ղեկավար, հրատարակել է մի շարք փաստաթղթեր երկրի պատմության վերաբերյալ, ստեղծել «Բժիշկների և բնագետների ընկերություն», հիմնել տպավիմագրատուն և Մոլդովայում թղթի առաջին գործարանը, հրատարակել ամսագրեր և դասագրքեր։

1834 թվականից ի վեր Ասաքին նոր տիրակալ Միխայիլ Ստուրձայի ամենամոտ զինակիցն է եղել և օժանդակել է մոլդավերեն լեզվով ուսուցմանը։ 1840-ական թվականներին պաշտպանել է պահպանողական արժեքները, դեմ է արտահայտվել ժողովրդականություն վայելող ազատական շարժմանը, 1848 թվականի մոլդովական հեղափոխությանը և Վալախիայի հետ Մոլդովական իշխանությունների միությանը և ակտիվ քայլեր է ձեռնարկել այդ միությունը կանխելու համար։

Միավորումից հետո Յաշում տեղի են ունեցել ժողովրդական հուզումներ՝ ընդդեմ միության երկարաձգման Կուզայի կառավարման վերջում (1866 թվականի ապրիլի 14), Ասաքին հարցաքննվել է ապստամբության հրահրման կասկածանքով։ Ավելի ուշ նրան մերժել են մասնակցել Ռումինիայի ակադեմիայի ստեղծմանը։

Տարբեր ֆինանսական կազմակերպություններում ներգրավվածությունը 1862 թվականին հանգեցրել է նրա սնանկացմանը։ Ասաքին երկար ժամանակ կախված է եղել պարտատերերից և միայն 1869 թվականի փետրվարին կառավարությունը նրան 8888 լեյ թոշակ է հատկացրել «1813-1862 թվականներին երկրին մատուցած ծառայությունների համար»։

Մի քանի ամիս անց Գեորգե Ասաքին մահացել է։ Նա թաղված է Յաշի Քառասուն Սրբերի եկեղեցում։

Հայտնի են Ասաքիի «Բանաստեղծություններ» (1836), «Ընտիր առակներ» (1836), «Իշխանուհի Ռուկսանան» (1841), «Մոլդավուհի Ելենան» (1851), «Սպիտակ հովիտ» (1855) պատմական նովելները և այլն։ Նրա գրական ստեղծագործությունները համատեղում են դասականությունը ռոմանտիզմի հետ։ Ասաքին հաճախ օգտագործել է մոլդովական արխաիզմներ և ռեգիոնալիզմներ։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ տարիներին Ասաքին մոլդովական իդեալիստների սերնդի ամենանշանակալի ներկայացուցիչներից է եղել[5]։ Իր ժամանակի համատեքստում, երբ ռոմանտիզմը և ուշ կլասիցիզմը գոյակցում էին, Ասաքին, Գրիգորե Ալեքսանդրեսկուի, Ջորջ Բարոնզիի և այլոց հետ միասին հարել է կլասիցիզմին[6][7]։ Գրականագետ Գաբարետ Իբրեիլյանուն պնդում է, որ Ասաքիի ստեղծագործությունը ներկայացնում է անցում կլասիցիզմից, որը ներկայացնում էր Կոստակա Կոնակին, դեպի ռոմանտիզմ, ինչպես արտացոլված է երիտասարդ Վասիլե Ալեքսանդրիի և Դիմիտրի Բոլինտինեանուի ստեղծագործություններում[8]։ Ասաքին հանձնարարում էր իր ուսանողներին սովորել իտալական գրականություն և հավանություն չէր տալիս ֆրանսիական գրական ազդեցությանը[8]։

Ասաքիի ստեղծագործության հիմքը կազմում են բանաստեղծությունները, որոնցից առաջինները գրվել են իտալերեն[8][9], ինչպես նաև մեծ թվով պատմվածքներ և նովելներ, որտեղ նա նկարագրել է լեգենդար պատմական իրադարձություններ և օգտագործել ռումինական դիցաբանությունը[10]։ Ասաքիի ստեղծագործության վրա մեծ ազդեցություն են ունեցել Վերածննդի հեղինակները (Ֆրանչեսկո Պետրարկա, Լուդովիկո Արիոստո, Տորկվատո Տասսո) և այնպիսի ժամանակակիցներ, ինչպիսիք են Սալվատորե Ռոզան, Թոմաս Գրեյը, Գոտֆրիդ Ավգուստ Բյուրգերը, Վասիլի Ժուկովսկին, Ջորջ Բայրոնը և Ֆրիդրիխ Շիլլերը[6]։

Ասաքին հնարել է մտացածին երկիր, որը կոչվում էր «Դոկիա» (Dochia)՝ ակնարկ Դակիայի և առասպել Դոկիա կնոջ մասին։ Այդ երկրում առկա է Չախլեու լեռնազանգված՝ Պիոն (Pion) անունով[10]։ Դոկիան հիշատակվում է նաև Մոլդովական Իշխանության առաջին տիրակալ Դրագոշի մասին էպիկական նովելում, որտեղ հնագույն տարեգրությունների տվյալները միահյուսված են հեղինակի երևակայության արգասիքի հետ[11]։

  • «Ընտիր առակներ», 1836։
  • «Բանաստեղծություններ» 1836։
  • «Իշխանուհի Ռոքսանա», 1841։
  • «Մոլդավուհի Ելենան», 1851։
  • «Ճերմակ հովիտը», 1855։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • История литературий молдовенешть. — Вып. 1. — Киш., 1958.
  • Левит Е. Георге Асаки. — Киш., 1966.
  • Булгару М.Д. Георге Асаки. — Киш.: Картя молдовеняскэ, 1987. — 123 с. — (Молдавские мыслители).

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 Асаки Георге // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  4. Արծվի Բախչինյան, Ծագումով հայ են, Ե., «Ապոլլոն», 1993, էջ 35։
  5. Cărăbuş, p. 194—195
  6. 6,0 6,1 Călinescu, p.53-56
  7. Măciucă, p. XXI
  8. 8,0 8,1 8,2 Ibrăileanu, Amestec de curente…
  9. Călinescu, p.53
  10. 10,0 10,1 Călinescu, p.54, 55
  11. Călinescu, p.55
  • Ефим Давидович Левит Писатель-просветитель, друг России. — Исторические новеллы. Дневник молдавского путешественника. Избранные статьи. — Кишинёв: Литература артистикэ, 1988. — С. 3—12. — 167 с. — ISBN 5368000413
  • Cãrãbuş G. G. Gheorghe Asachi — un separatist «avant la lettre» // Codrul Cosminului. —Suceava, 2004. — № 10.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգե Ասաքի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 553