Գերբերա ջեմսոնի, աստղածաղկազգիների ընտանիքին պատկանող բազմամյա կոճղարմատավոր բույս է։ Հայրենիքը Հարավային Աֆրիկան է։
Տերևակիր ցողունը կարճացած է, որի հետևանքով փետրաձև կտրտված երկրավուն տերևներն իրենց կոթուններով արմատամերձ դասավորություն ունեն։ Ծաղկափթթություները գեղեցիկ են և խոշոր՝ 6-8 սմ տրամագծով, մեկական՝ 40-60 սմ երկարություն ունեցող անտերև ծաղկակոթուններով։ Գունավորումը տարբեր է՝ վարդագույն, կարմիր, դեղին, նարնջագույն, սպիտակ և կրեմագույն։ Առատորեն ծաղկում է վաղ գարնանից մինչև ուշ աշուն։
Հայաստանում մշակության մեջ է մտցվել վերջին տասնամյակներում։ Գերադասում է արևոտ, լուսավոր հողամասեր, սննդանյութերով հարուստ, չափավոր խոնավ, ստրուկտուրային հողեր։ Բավականին ջերմասեր բույս է։ Նույն վայրում գերբերիան կարելի է թողնել տասը տարուց ոչ ավելի։ Մեկ բույսից տարվա ընթացքում կարելի է կտրել ոչ ավելի քան տաս ծաղիկ։ Բազմանում է սերմերով և վեգետատիվ եղանակով։ Սերմերը ծլունակությունը պահպանում են երեք ամիս, սակայն մինչև 5 °C ջերմության դեպքում ծլունակությունը չեն կորցնում մինչև մեկ տարի։ Ցանքը կատարում են մարտի սկզբին։ Ծիլերը երևում են 10-12 օր հետո։ Սերմնաբույսերը վերատնկում են արկղերի մեջ՝ 150-ական, իսկ 5-6 տերև ունենալու դեպքում տնկում են մշտական տեղում։ Նույն տարում բույսը ծաղկում է։
Սերմնային բազմացման դեպքում հատկանիշների խիստ ճեղքավորում է դիտվում։ Այդ պատճառով ամենաարժեքավոր տեսակները խորհուրդ է տրվում բազմացնել վեգետատիվ ճանապարհով։ Սովորաբար թփերը կիսում են 3-4 տարեկանում։ Բազմացնում են նաև կոճղարմատներով[1]։
- ↑ Լ․Վ․ Հարությունյան, Քո շրջապատի ծաղիկները, Արևիկ հրատարակչություն, Երևան, 1987