Գիորգի Գվելեսիանի վրաց.՝ გიორგი გველესიანი | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Վրաստան | ||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 5, 1991[1][2] (33 տարեկան) | ||
Ծննդավայր | Թբիլիսի, Վրաստան | ||
Հասակ | 193 սանտիմետր | ||
Դիրք | պաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Գիորգի Գվելեսիանի (վրաց.՝ გიორგი გველესიანი, մայիսի 5, 1991[1][2], Թբիլիսի, Վրաստան), վրացի ֆուտբոլիստ, իրանական «Պերսեպոլիս» ակումբի և Վրաստանի ազգային հավաքականի պաշտպան։ Եվրոպայի 2024 թվականի առաջնության մասնակից։
Գիորգի Գվելեսիանին Թբիլիսիի «Դինամո» ֆուտբոլային դպրոցի սան է։ Նա իր նորամուտը հարազատ ակումբում նշել է 2010/11 մրցաշրջանում։ Մայրաքաղաքային թիմում նա հանդես է եկել հաջորդ 5 մրցաշրջաններում, որոնց ընթացքում անցկացրել է 65 հանդիպում և դարձել 6 գոլի հեղինակ։ Նա խաղացել է նաև ակումբի երկրորդ թիմում՝ երեք հանդիպում անցկացնելով «Դինամոյի» պահեստային թիմում։ «Դինամոյում» խաղալու ընթացքում նա երեք անգամ դարձել է Վրաստանի չեմպիոն, 4 անգամ՝ երկրի գավաթակիր, երկու անգամ՝ երկրի սուպերգավաթակիր։
2015/16 մրցաշրջանի ավարտից հետո Գիորգին ազատ գործակալի կարգավիճակով լքել է հարազատ ակումբը[3] և հաջողությամբ փորձաշրջան անցել «Վոլին» ակումբում[4]։ 2016 թվականի հուլիսի 18-ին նա պայմանագիր է ստորագրել ուկրաինական ակումբի հետ[5], սակայն տրանսֆերային արգելքի պատճառով ի վերջո հեռացել է Լուցկի թիմից[6]։ 2017 թվականի սկզբին նա վերադարձել է Թբիլիսիի «Դինամո», որտեղ խաղացել է վեց ամիս։
2017 թվականի կեսերին Գիորգին դարձել է իրանական «Զոբ Ահան» ակումբի խաղացող[7], որի հետ արծաթե մեդալներ է նվաճել Իրանի բարձրագույն դիվիզիոնում[8]։ Մրցաշրջանի վերջում՝ 2018 թվականի կեսերին, նա դարձել է Պրո-լիգայի մեկ այլ թիմի՝ «Նասաջի Մազանդարանի» խաղացող[9]։ 2019 թվականին տեղափոխվել է «Սեփահան»[10][11]։
2022 թվականի հունիսի 19-ին նա երկու տարվա պայմանագիր է ստորագրել «Պերսեպոլիս» ակումբի հետ[12]։
Վրաստանի երիտասարդական հավաքականի կազմում Գիորգի Գվեսելիանին անցկացրել է 3 հանդիպում: Ֆուտբոլիստը հրավիրվել է ազգային հավաքական 2016 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Շոտլանդիայի դեմ հանդիպմանը, սակայն ամբողջ խաղն անցկացրել է պահեստայինների նստարանին[13]։
Գվելեսիանին եղել է Վրաստանի առաջին խոշոր մրցաշարին՝ Եվրոպայի 2024 թվականի առաջնությանը, մասնակցող թիմի կազմում։ Նա մասնակցել է չորս հանդիպումներից երեքին, այդ թվում՝ Իսպանիայի հավաքականի հետ փլեյ-օֆ փուլի խաղին[14]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գիորգի Գվելեսիանի» հոդվածին։ |
|