Գլխասունկ (լատին․՝ Calvatia), անձրևասնկայինների ընտանիքի ցեղ։
Հայաստանում հայտնի է 11 տեսակ։ Առավել տարածված է գլխասունկ պարկանմանը լատին․՝ C. utriformis. հանդիպում է բոլոր մարզերում։ Աճում է սաղարթավոր անտառներում, այգիներում, բացատներում, տափաստաններում, ալպյան մարգագետիններում, հողի վրա՝ ամռանը և աշնանը՝ միայնակ կամ խմբերով (1600- 3300 մ բարձրություններում)։ Պտղամարմինը (տրամագիծը՝ 5 - 18 սմ) պարկանման է, լայն տանձանման, կեղծ ոտիկով (սկզբում՝ սպիտակ, հետագայում՝ մոխրադարչնագույն), խավոտ՝ պատված մանր հատիկավոր թեփուկներով։ Պտղամիսը փափուկ է, սկզբում՝ սպիտակ, սպունգանման, հաճելի սնկային հոտով և համով, ապա՝ կանաչամոխրագույն, ձիթապտղագույն, հասունանալուց հետո՝ գորշ։ Միջուկը փոշիանում, դուրս է թափվում, և պտղամարմնից մնում է դատարկ, գավաթաձև հիմքը։ Հաստ միցելիումային ձգաններով ամրանում է հիմնանյութին։ Ուտելի է։ Օգտագործում են միայն թարմ, երիտասարդ պտղամարմինները (երբ պտղամիսը սպիտակ է)։ Գլխասնկից ստացվում է կալվացին հակաբիոտիկը, որն օգտագործվում է որպես հակաուռուցքային դեղամիջոց։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։