Գրիկենբայզլ (գերմ.՝ Griechenbeisl), Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայի ամենահին ռեստորաններից մեկն է։ Տեղակայված է քաղաքի կենտրոնում և ունի մի քանի դարյա պատմություն։ Գրիկենբայզլը գտնվում է Ֆլյաիշմարկտ 11 (Fleischmarkt, 11) հասցեում։ Ռեստորանի այժմյան անվանումը զուգահեռվել է մոտակայքում տեղակայված հունական Երրորդություն եկեղեցու և Վիեննայի հունական թաղամասի հետ[1]։
«Grichenbeisl» ռեստորանը իր պատմությունը սկսեց Լևանտե առևտրականների ընտանիքի շնորհիվ, ովքեր բնակվում էին սնվելու հաստատությունից ոչ հեռու (ձևավորման սկզբում այն իրենից դեռ պանդոկ էր ներկայացնում)։ Լևանտեները Վիենայի ու արևելքի երկրների միջև առևտրականն կապերի մեջ էին ներգրավված դեռևս 11-րդ դարից՝ Բաբենբերգների՝ Ավստրիայի առաջին թագավորական տոհմի իշխանության ժամանակաշրջանում[1]։
Շինության ներսում պանդոկի գոյության մասին փաստաթղթային առաջին հիշատակումը թվագրում է 1447 թվականով։ 1500 թվականին ներկայիս «Griechenbeisl» հասատությունը Վիեննայում հայտնի էր «Դեղին եղջերուի մոտ» անվանումով և այդպես էր հանդես գալիս մինչև 1636 թվականը։ Առավել ուշ ժամանակաշրջանի փաստաթղթերում հաստատությունը հիշատակվում է «պանդոկ Կարմիր կտուր» անվանումով։ Այդ անվանումը հավանաբար ի հայտ է եկել 1200 թվականին քաղաքի ամրություններում ներառված աշտարակի շնորհիվ։ Ավելի ուշ՝ 14-րդ դարում, պաշտպանական աշտարակը վերակառուցվել է ուշ գոթական ոճով և վերափոխվել բնակելի աշտարակի։ Էլ ավելի ուշ ժամանակաշրջանի փաստաթղթերը վկայում են պանդոկի ոչ սակավաթիվ անվանափոխությունների մասին, օրինակ «Ոսկե հրեշտակի մոտ» (1762 թվական) կամ «Ռայխենբերգի պանդոկ» (հավանաբար ի պատիվ նոր սեփականատիրոջ)[1]։
17-րդ դարի կեսերին Ֆլյաիշմարկտ փողոցում սկսեցին հիմնավորվել հույն և լիբանանցի վաճառականներն իրենց ընտանիքներով, ուստի քաղաքի այդ հատվածը սկսեց կոչվել Հունական թաղամաս։ Հենց այդ մինչ օրս էլ կիրառվող անվանումն էլ վերագրվեց նաև պանդոկին և այն սկսեց կոչվել Գրիկենբայզլ (Griechenbeisl թարգմանաբար՝ հունական պանդոկ)։ Ի տարբերություն անվանը, ինչպես այն ժամանակ, այնպես էլ այժմ, ռեստորանը մասնագիտացած է բացառապես վիեննական խոհանոցի ավանդական ուտեստներ պատրաստելու և մատուցելու գործում[1]։
Ռեստորանի համար պատմական դարձավ 1852 թվականը։ Այդ ժամանակվա սեփականատեր Լեոպոլդ Շմիդտը որոշում կայացրեց Չեխիայի Պլզեն քաղաքից Վիեննա բերել «Pilsner Urquell» գարեջուրը և սկսեց առաջինն այն վաճառել Վիեննայում։ Մինչ օրս էլ Գրիկենբայզլ ռեստորանը համարվում է «Pilsner Urquell» չեխական գարեջրի պաշտոնական մատակարարը Վիեննայում[1]։
Անցյալում Ֆլյաիշմարկտ փողոցի կողմից ռեստորանի այսօրվա գլխավոր մուտքը չէր օգտագործվում։ Նախկինում որպես գլխավոր մուտք էր ծառայում Griechengasse փողոցի կողմի կողային մուտքը։ Շինության այն հատվածը, որը գտնվում էր Ֆլյաիշմարկտ փողոցի կողմից օգտագործվում էր ծառայողական նպատակներով։ Այժմ Griechengasse փողոցի կողմի բակում հաճախորդների համար բաց երկնքի տակ սեղանիկներ են տեղադրված։
Օ՜, իմ սիրելի Ավգուստին, |
17-րդ դարում ռեստորանում հաճախ ելույթ է ունեցել Վիեննայում այն ժամանակվա հայտնի թափառական երաժիշտներից մեկը՝ ժողովրդական երգերի կատարող Մարկ Ավգուստինը, ով անմահացել է «Օ՜, իմ սիրելի Ավգուստին» երգով[2]։ «Սիրելի Ավգուստին»-ը տաղանդավոր բանաստեղծ երգահան էր, վիրտուոզ, նվագում էր ժողովրդական գործիքներից մեկով։ Լեգենդի համաձայն` 1679 թվականին «սիրելի Ավգուստին»-ին մի անգամ ուժեղ գինարբուքից հետո անշարժ պառկած գտնում են ռեստորանից ոչ հեռու՝ կամրջի տակ և քանի որ երգիչը կենդանության որևէ նշան ցույց չէր տալիս, նրան նետում են Սուրբ Ուլրիխ եկեղեցու կողքին համաճարակի ժամանակ թաղումների համար բացված «ժանտախտի հորը», որտեղ ժողովրդի սիրելին հանգիստ կարողանում է քունն առնել, ինչից հետո նրան օգնում են դուրս գալ։ Այդ «թաղում»-ից հետո Մարկ Ավգուստինն ապրում է դեռ երկար ժամանակ և կարողանում է վիեննացիներին, այդ թվում նաև Griechenbeisl պանդոկի այցելուներին ուրախացնել իր կատարումներով։ Այսօր ռեստորանի մուտքի մոտ կոշիկները մաքրելու ճաղերի տակ «սիրելի Ավգուստին»-ի քանդակն է «թաքնված» և այցելուները կարողանում են ռեստորան ելումուտ անելիս նրա գլխարկի մեջ մետաղադրամներ նետել[3][4][5]։
1963 թվականին ռեստորանի շենքի վերակառուցման ժամանակ երեք քարե միջնապատ է հայտնաբերվել, որոնք պահպանվել են դեռ 1529 թվականին թուրքերի կողմից Վիեննայի պաշարման ժամանակաշրջանից։ Այսօր դրանք հասանելի են դիտելու համար և ներկառուցված են ռեստորանի մուտքի աջ կողմում[1]։
Պատմական շինությունը դարերի ընթացքում վերակառուցվել է մի քանի անգամ և նման կերպ էլ ընդլայնվել է պանդոկի տարածքը։ Այսօր ռեստորանը հաճախորդներին է առաջարկում 7 միմյանցից տարբերվող սրահներ, որոնցից յուրաքանչյուրը ձևավորված է տարբեր ժամանակաշրջանների ուրույն ոճով[1]։
Գրիկենբայզլ ռեստորանի առաջին հարկում տեղակայված են[6]՝
Վիեննայի Griechenbeisl ռեստորանի այժմյան պատմական շինությունը, որը գտնվում է Fleischmarkt և Griechengasse փողոցների հատման վայրում, ճարտարապետական պահպանվող հուշարձան է համարվում։ Կառույցի մասին մինչև մեր օրերը հասած առաջին գրավոր հիշատակումը կատարվել է 1350 թվականին, երբ դրա առաջին սեփականատերերից մեկը, ով ասպետական կոչմամբ Վիեննայի քաղաքացի էր, ցանկացավ գրանցել կառույցը իր անշարժ գույքի տեսքով ունեցվածքի ընդհանուր ցանկում։
1385 թվականին պատմական շենքն իր հարակից տարածքներով ձեռք է բերվում «Լիլիֆենդլ» («Lilienfeld») վանքի տիրոջ կողմից։ Այն ժամանակ այսօրվա ռեստորանի շինության մոտակայքի փողոցներն ու հրապարակները այլ անուներ էին կրում, որնոք այսօր չեն պահպանվել՝ Krongase, Zur Bürgermusterung, Oberer Hafnersteig, Auf dem Steig:
Այսօր տարբեր վարկածներ գոյություն ունեն այն մասին, թե ինչ նպատակներով է ծառայել շինության բակում գտնվող աշտարակը։ Այդ շինության ներքին մասը կարող է ծառայած լինել որպես պահեստային տարածքներ, վերին հատվածները՝ որպես բնակելի տարածքներ։ Քաղաքային պաշտպանական ամրությունների մի մասը անցնում էր հենց այդ հատվածով, սակայն հայտնի է, որ այն ժամանակ աշտարակը դեռ գոյություն չուներ։
Ինչպես արտաքին, այնպես էլ ներքին դիտարկումից կարելի է հավաստիանալ, որ շինությունը կառուցված է մի քանի մակարդակներով, որոնք կառուցվել են ոչ միաժամանակ, այլ կառուցվել են դարերի ընթացքում։ Ուստի ստացվում է, որ շինությունը բարձրության մասով «աճել» է ժամանակի ընթացքում, ինչպես կենդանի օրգանիզմը կաճեր։ Շինության ներսում կա հնագույն պտուտակաձև աստիճանավանդակ, որը տանում է վերին հարկեր, ուր այժմ տեղակայված են ռեստորանի մի քանի հարմարավետ սրահները։
Հատկապես ուշադրության է արժանի շինության գինու մառանը, որը նույնպես կառուցվել և կահավորվել է մի քանի փուլով։ գինու մառանի ամենահին հատվածը, որը գտնվում է այսօրվա «Schwedenplatz» պատմական հատվածում, կառուցվել է դեռ նախքան 13-րդ դարը։
Այսօր պահպանվել է դրա քարե հիմքը, որը շարվել է կարծր քարից՝ հին հռոմեացիների կողմից։
Շինության նկուղը բազմաթիվ անցումներով ու թունելներով լաբիրինթաձև միացված է եղել հարևան շինությունների նկուղներին։ Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ այդ անցումները օգտագործվել են քաղաքում ապահով տեղաշարժվելու համար։ Նախկինում այդ թունելներով կարելի էր երկար տարածություններ անցնել, այսօր սակայն, դեպի կատակոմբաներ մուտքը փակված է աղյուսի փլվածքներով։
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Գրիկենբայզլ վիեննական ռեստորան կատեգորիայում։ |