Գրունտի սառեցում՝ թույլ և ջրով հագեցած գրունտի արհեստական սառեցում (բնական տեղադիրքում) մինչև 0 °C-ից ցածր ջերմաստիճաններ, այն ամրացնելու և անջրաթափանց դարձնելու համար։ Կիրառում են հանքահորերի, թունելների, մետրոպոլիտենի կայարանների ստորգետնյա պահեստարանների, հիմքերի, կամուրջների, կամարների շինարարության ժամանակ։ Գրունտի սառեցման համար օգտագործում են սառնարանային տեղակայանքներ՝ գրունտի մեջ ընկղմվող սառեցնող խողովակների համակարգով, որոնցով շրջապտույտ է կատարում սառեցնող հեղուկը։