Դալիա Էլ Բեհերի արաբ․՝ داليا البحيرى | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 15, 1970 (54 տարեկան) |
Ծննդավայր | Տանտա, Եգիպտոս |
Կրթություն | Helwan University? |
Քաղաքացիություն | Եգիպտոս |
Մասնագիտություն | մոդել, հեռուստահաղորդավարուհի, դերասանուհի և գեղեցկության մրցույթի մասնակից |
Պարգևներ և մրցանակներ | |
Դելիա Մահմուդ Քոթեբ Էլ Բեհերի (արաբ՝. داليا محمود قطب البحيري հոկտեմբերի 15, 1970, Տանտա, Եգիպտոս) - եգիպտացի դերասանուհի, որը 1990 թվականին հաղթել է «Միսս Եգիպտոս» գեղեցկության մրցույթում և այդ նույն տարում Լոս Անջելեսում անցկացված «Միսս տիեզերք» մրցույթում զբաղեցրել 27-րդ տեղը։
Էլ Բեհերին ավարտել է Հելվան համալսարանը տուրիզմի և հյուրանոցային գործի բակալավրի որակավորումով և աշխատանքի է անցել որպես մոդել, միաժամանակ հանդես է եկել Եգիպտոսի արբանյակային հեռուստատեսության ժամանցային ծրագրերում։ Հանդիսատեսների կողմից նկատվել և դրվատանքի է արժանացել նրա դերասանական խաղը Ալի էլ Հագարի "Tegeesh neaeesh" երգի հոլովակում։ Որպես դերասանի նրա կայացմանը մեծապես նպաստել է նաև մոդելի դերում հանդես գալը։ Էլ Բեհերիի մասնակցությամբ առաջին կինոնկարներից մեկը Ադել Իմամի Al Safara fe Al Emara կինոկատակերգությունն էր, որտեղ նրա խաղընկերներն էին Հանի Ռամզին, Մուստաֆա Ամարը, Խալեդ Սալիմը և ճանաչված այլ կատակերգու դերասաններ ու երգիչներ։
Հեռուստատեսային իր հարցազրույցներից մեկի ժամանակ Էլ Բեհերին ասել է, որ կցանկանար կինոյում մարմնավորել հին Եգիպտոսի նշանավոր թագուհիներից մեկին՝ գեղեցկությամբ ու խելքով աչքի ընկած Նեֆերտիտիին։
2008 թվականին կինոդերասանուհին ամուսնացել է դերասան Ֆարիդ Շավքիի թոռան և կին պրոդյուսեր Նահեդ Ֆարիդ Շավքիի որդու՝ Ֆրեդ Մորսի հետ, ունեցել մի դուստր (առաջին ամուսնությունից ունեցած աղջիկը ութ ամսական հասակում մահացել էր հազվադեպ մի հիվանդության պատճառով)։
2010 թվականի նոյեմբերին էլ Բեհերին համաձայնություն է տվել դառնալու բարի կամքի դեսպան[1][2]։
“Al Arabiya” ռադիոհեռուստատեսային ալիքի թղթակցի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ Էլ Բեհերին իր ուրախությունն է արտահայտել Եգիպտոսի 2011 թվականի անարյուն հեղափոխության կապակցությամբ և աջակցություն հայտնել իր հայրենիքում հանուն մարդու հիմնարար ազատությունների, քաղաքական բարեփոխումների, հանուն հայրենի երկրի ու ժողովրդի պայծառ ապագայի կառուցման գործադրվող ջանքերին։ Նա միաժամանակ ընդգծել է, որ անվտանգության, ապահովության բացակայությունը, առողջ դատողության տեր մյուս մարդկանց նման, իրեն էլ է խիստ անհանգստացնում և իր երախտագիտությունն է հայտնել այն երիտասարդ եգիպտացիներին, ովքեր փողացային պայքարի խառնակ օրերին միավորվել ու պաշտպան են կանգնել հանրային ունեցվածքին, մասնավորապես՝ թույլ չեն տվել, որ վնասվեն կամ թալանվեն թանգարանները, որոնց մեծարժեք ցուցանմուշները գայթակղել էին պղտոր ջրերում ձուկ որսալու սիրահարներին[3]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դալիա Էլ Բեհերի» հոդվածին։ |
|