Դելսի Ռոդրիգես իսպ.՝ Delcy Rodríguez | |
![]() | |
Կուսակցություն՝ | Վենեսուելայի միասնական սոցիալիստական կուսակցություն, Movement We Are Venezuela? և Վենեսուելայի միասնական սոցիալիստական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Վենեսուելայի կենտրոնական համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, փաստաբան, դիվանագետ և կառավարում |
Դավանանք | կաթոլիկություն |
Ծննդյան օր | մայիսի 18, 1969 (55 տարեկան) |
Ծննդավայր | Կարակաս, República de Venezuela |
Քաղաքացիություն | ![]() |
Ի ծնե անուն | իսպ.՝ Delcy Eloína Rodríguez Gómez |
Հայր | Jorge Antonio Rodríguez? |
Պարգևներ | |
Դելսի Ռոդրիգես (իսպ.՝ Delcy Rodríguez, մայիսի 18, 1969, Կարակաս, República de Venezuela), վենեսուելացի պետական և քաղաքական գործիչ։ 2018 թվականի հունիսի 14-ից Վենեսուելայի փոխնախագահն է։
2013-2014 թվականներին զբաղեցրել է Վենեսուելայի հաղորդակցության և տեղեկատվության հարցերով նախարարի պաշտոնը[1], 2014-2017 թվականներին եղել է արտաքին գործերի նախարար[2], իսկ 2017 թվականի օգոստոսի 4-ից մինչև 2018 թվականի հունիսի 14-ը եղել է Վենեսուելայի Ազգային սահմանադրական ընդհանուր ժողովի նախագահ։ Դելսի Ռոդրիգեսի նկատմամբ մի շարք միջազգային իրավական պատժամիջոցներ են սահմանվել[3][4][5][6][7][8]։
Ծնվել է 1969 թվականի մայիսի 18-ին Կարակասում, Խորխե Անտոնիո Ռոդրիգեսի (Վենեսուելայի Սոցիալիստական լիգայի հիմնադիր) և Դելսի Գոմեսի ընտանիքում։ Հարազատ եղբայրը՝ Խորխե Խեսուս Ռոդրիգեսը, երկրի փոխնախագահն էր, իսկ հետո գրեթե մեկ տասնամյակ աշխատել է որպես Կարակասի քաղաքապետ։
Նախագահ Ուգո Չավեսի կառավարման տարիներին նա զբաղեցրել է մի քանի պաշտոն. 2003 թվականին եղել է էներգետիկայի և հանքերի նախարարության միջազգային գործերի տնօրեն, 2005 թվականին՝ եվրոպական գործերի փոխնախարար, 2006 թվականի փետրվարից մինչև օգոստոսը եղել է նախագահի գործերի նախարար, իսկ 2007-ին Վենեսուելայի փոխնախագահի գլխավոր համակարգողն էր, երբ նրա եղբայրը զբաղեցնում էր երկրի փոխնախագահի պաշտոնը[9][10]։ Tal Cual օրաթերթում հրապարակված հոդվածի համաձայն՝ Դելսի Ռոդրիգեսն ուսումնասիրել է աշխատանքային օրենսդրությունը Փարիզում, դասավանդել է Վենեսուելայի կենտրոնական համալսարանում և եղել է Վենեսուելայի աշխատանքային իրավունքի իրավաբանների ասոցիացիայի անդամ[11]։
2016 թվականին Դելսի Ռոդրիգեսը դեմ է հանդես եկել Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոյի գաղափարին, այն է՝ կասեցնել Վենեսուելայի անդամակցությունը կազմակերպությանը՝ ԱՊԿ-ի Ժողովրդավարական խարտիան խախտելու համար[12]։ 2017 թվականի հունիսի 21-ին որոշում է կայացրել առաջադրվել ազգային սահմանադրական վեհաժողովում և Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ընդունել է նրա հրաժարականը արտաքին գործերի նախարարությունից[2]։ Արտաքին գործերի նախարար դարձել է Սամուել Մոնկադան[13]։
2018 թվականի սկզբին, թողնելով իշխանության հիմնական կուսակցությունը (ՎՄՍԿ), դարձել է նախագահ Նիկոլաս Մադուրոյի թույլտվությամբ վերստեղծված «Մենք ենք Վենեսուելան» (Movimiento Somos Venezuela) ձախ շարժման գլխավոր քարտուղարը։
2018 թվականի հունիսի 14-ին նախագահ Նիկոլաս Մադուրոն Դելսի Ռոդրիգեսին նշանակել է Վենեսուելայի փոխնախագահ[7]։ Նաև դարձել է Բոլիվարի ազգային հետախուզության SEBIN ծառայության (Վենեսուելայի հետախուզական գործակալություն) գլխավոր պաշտոնատար անձը[14]։
2017 թվականի սեպտեմբերի 22-ին Կանադան պատժամիջոցներ է սահմանել Դելսի Ռոդրիգեսի դեմ Վենեսուելայի սահմանադրական կարգի խախտման պատճառով[3][4]։
Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը դարձել է այդ երկրի տասնմեկ պաշտոնյաներից մեկը, որոնց նկատմամբ Եվրամիությունը 2018 թվականի հունիսի 25-ին պատժամիջոցներ են սահմանել։ Նրա բանկային հաշիվները սառեցվել և արգելվել են մուտքը ԵՄ-ի երկրների տարածք «Վենեսուելայում ժողովրդավարական նորմերի և օրենքի գերակայության» խախտման պատճառով[5]։
2018 թվականի հուլիսի 10-ին Շվեյցարիան պատժամիջոցներ է սահմանել Դելսի Ռոդրիգեսի նկատմամբ՝ սառեցնելով նրա բանկային հաշիվները և արգելելով ուղևորությունները՝ վկայակոչելով նույն պատճառները, ինչ Եվրամիությունը[15]։
2018 թվականի սեպտեմբերի 25-ին Ամերիկայի Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է կիրառել Դելսի Ռոդրիգեսի նկատմամբ՝ Վենեսուելայում նախագահ Նիկոլաս Մադուրոյի իշխանության ամրապնդման համար նրա մասնակցության համար[6]։
Դելսի Ռոդրիգեսը հարաբերություններ է ունեցել Smartmatic ընկերության համահիմնադիր Ալֆրեդո Խոսե Անսոլայի հետ, որը մահացել է 2008 թվականի ապրիլին[16][17]։