Դեյվ Քատլեր | |
---|---|
Ծնվել է | մարտի 13, 1942 (82 տարեկան) |
Ծննդավայր | Լանսինգ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Օլիվեթ քոլեջ |
Երկեր | Windows NT, OpenVMS, RSX-11 և VAXELN |
Մասնագիտություն | համակարգչային գիտնական և ճարտարագետ |
Աշխատավայր | Digital Equipment Corporation |
Պարգևներ և մրցանակներ |
Դեյվ Քատլեր (անգլ.՝ David Neil "Dave" Cutler Sr., մարտի 13, 1942, Լանսինգ), ամերիկացի ծրագրային ապահովման ճարտարագետ, դիզայներ, համակարգչային արդյունաբերության մի քանի համակարգերի մշակող։
1980-1990-ական թվականներին գործող Microsoft Windows NT և Digital Equipment Corporation (DEC կամ Digital) ընկերության RSX-11M, VAXELN, VMS (այժմ ՝ OpenVMS) օպերացիոն համակարգերի հիմնադիր[2]։
Դեյվ Քատլերը ծնվել է Միչիգանի Լենսինգ քաղաքում։ Մանկությունն անցել է Միչիգանի Դեյվիթ քաղաքում (անգլ.՝ DeWitt, Michigan)։ 1965 թվականին Միչիգանի Օլիվեթ հումանիտար քոլեջն ավարտելուց հետո աշխատանքի է անցել DuPont ընկերությունում։ Նրա կարիերան սկսվել է իր ստեղծած փոքրիկ ընկերությունից, որտեղ մշակվել է ծրագրեր LINC և PDP-8 համակարգիչների համար։
Քատլերը Վաշինգտոնի համալսարանի համակարգչային գիտությունների ֆակուլտետի ամբիոնի պրոֆեսոր է, ունի առնվազն 20 արտոնագիր[3]։
Քատլերը ավտոարշավի երկրպագու է։ 1996 թվականից մինչև 2002 թվականները մրցել է Ատլանտյան առաջնությունում։ 2000 թվականի Milwaukee Mile ավտոարշավում զբաղեցրել է ութերորդ տեղը[2]։
Քատլերը Միչիգանի Օլիվեթ քոլեջի եղբայրության (Adelphic Alpha Pi Fraternity)[4] անդամ է։
Դյուփոնտ (անգլ.՝ DuPont) ընկերությունում Քատլերը զբաղվել է համակարգչային մոդելավորման մշակմամբ ու մեկնարկով։ Համակարգիչների նկատմամբ հետաքրքրությունն առաջացել է, երբ նրան հանձնարարվել է ընկերության հաճախորդներից մեկի համար IBM միջազգային ընկերության IBM 7044 համակարգիչներով համակարգչային սիմուլյացիայի մոդել ստեղծել՝ օգտվելով GPSS-3 ծրագրավորման լեզվից[5]։
Դեյվ Քատլերը Դյուփոնտ ընկերությունից հեռանալով (1971 թվականին), սկսել է ավելի խորը ուսումնասիրել համակարգիչները՝ DEC Թվային սարքավորումների (անգլ.՝ Digital Equipment Corporation) միավորումում։ Սշխատել է Մասաչուսեթս նահանգի Մայնարդ քաղաքում գտնվող հայտնի «Ջրաղաց» (Mill) գործարանում[6]։
1971 թվականից մինչև 1976 թվականը RSX-11M նախագիծը ղեկավարել է Դեյվ Քատլերը, որը թողարկվել է առաջին անգամ 1973 թվականին[7][8]։
1975 թվականի ապրիլին Թվային սարքավորումների միավորումը (DEC) ստեղծել էր«Star» ծածկագրով ծրագրային ապահովման մի նոր նախագիծ՝ իր իսկ ընկերության PDP-11 համակարգիչների 32-բիթ վիրտուալ հասցեի ընդարձակման մշակման համար։ Նույն թվականի հունիսին Դեյվ Քատլերը, Դիկ Հուսթվեդտի և Փիթեր Լիպմանի հետ նշանակվել են «Starlet» ծածկագրով ծրագրային ապահովման ղեկավարներ, որտեղ արդեն մշակվելու էր բոլորովին նոր օպերացիոն համակարգ՝ Star պրոցեսորների ընտանիքի համար։ Ի սկզբանե այս երկու նախագծերը սերտորեն կապված են եղել։
«Starlet» և «Star» նախագծերի տեխնիկական ղեկավարներն ընկերությունում հիմնել են «Կապույտ ժապավենի կոմիտե», որն էլ ծրագրերի դիզայնի հինգերորդ սերնդի հիմքն է հանդիսացել։ Ծրագրում ներկայացված էր հիշողության համակարգի պարզեցում և քայլերի հաջորդական պլանավորում՝ կառուցված ճիշտ ճարտարապետությամբ։ «Starlet» և «Star» նախագծերը համապատասխանաբար հանգեցրել են VAX-11/780 գերմինիհամակարգիչների և VAX/VMS[9] (Virtual Address eXtension) օպերացիոն համակարգի զարգացմանը։
1986 թվականին Թվային սարքավորումների միավորումում (DEC), օգտագործելով RISC նախագծման սկզբունքը, սկսել է աշխատել նոր պրոցեսորի վրա։ Քատլերը, ով այդ ժամանակ աշխատում էր Վաշինգտոն նահանգի Բելվյու քաղաքի DECwest մասնաճյուղում, ընտրվել է Պրիզմայի ղեկավար[10][11]։ Ընկերության նպատակն էր ստեղծել այնպիսի Միկա օպերացիոն համակարգ, որը պետք է լիներ նոր սերունդի դիզայներական ոճով և համատեղելի շերտեր ունենար Unix և VMS օպերացիոն համակարգերի համար։ RISC մեքենան պետք է հիմնված լիներ ECL տեխնոլոգիայի վրա՝ դառնալով կազմակերպության երրորդ նախագիծը, որը հիմնված էր ELO տեխնոլոգիայի վրա։ Սակայն 1988 թվականին ֆինանսական խնդիրների պատճառով դադարեցվել է նախագիծը՝ հօգուտ PMAX ծրագրի, որն արդեն իսկ, վաղ հաջողությունների էր հասել։ ECL-ի երեք նախագծերից միայն VAX 9000 համակարգիչներն են վաճառվել։
Հետագայում Պրիզման դարձել է համակարգչային համակարգերի Alpha ընտանիքի թվային հիմքը[12]։
Քատլերը քամահրանքով է վերաբերվել Յունիքս օպերացիոն համակարգին բոլոր առումներով։ 1980 թվականի սկզբներին, DEC միավորումում տեղի ունեցած VMS ընդդեմ Unix-ի բանավեճի ժամանակ նա արտահայտել է իր սարդոնիկ վերաբերմունքը։ Յունիքսի մուտքային/ելքային մոդելի մասին իր ցածր կարծիքն այսպես է արտահայտել․ «Ստացեք բայթ, ստացեք բայթ, ստացեք բայթ, բայթ, բայթ»՝ նմանակելով Ռոսինիի Վիլհելմ Թելլ օպերայի նախերգանքի հնչյունները[13]։
Դեյվ Քատլերը թողնելով Թվային սարքավորումների միավորումը (DEC), 1988 թվականի հոկտեմբերին աշխատանքի է անցել Մայքրոսոֆթում` ղեկավարելով Վինդոուզ ԷնԹի օպերացիոն համակարգերի մշակման աշխատանքները «NTOS/2» (անգլ.՝ Windows NT)[14]: Հետագայում նա աշխատել է Վինդոուզ ԷնԹի օպերացիոն համակարգը DEC-ի 64-բիթանոց Alpha ճարտարապետության վրա թիրախավորելու, այնուհետև՝ Windows 2000-ի վրա։
Windows NT-ի և VMS-ի օպերացիոն համակարգերի ներքին ճարտարապետության միջև եղած նմանությունների պատճառով, Մայքրոսոֆթին մեղադրել են գողության մեջ։ Ծագած խնդիրը լուծվել է խաղաղ ճանապարհով։ DEC-ը ճանաչել է Մայքրոսոֆթի սեփականությունը Վինդոուզ ԷնԹիի հիմքում ընկած տեխնոլոգիաների վերաբերյալ, իսկ Մայքրոսոֆթը ստեղծել և պահպանել է Windows NT-ի տարբերակը DEC Alpha ճարտարապետության համար[15]։
Alpha-ով Վինդոուս ԷնԹի-ի ծրագրային ապահովման անկումից, այնուհետև DEC-ի անկումից հետո, նա մեծ ներդրում է ունեցել Վինդոուսը նոր՝ AMD-ի 64-բիթանոց՝ AMD64 ճարտարապետության վրա տեղափոխելու գործում։ Նա պաշտոնապես ասոցացվել է Windows XP Pro-64-բիթ և Windows Server 2003 SP1- 64-բիթ տարբերակների հետ։ 2006 թվականի օգոստոսին Դեյվ Քատլերը սկսել է աշխատել Microsoft Live Platform-ում։ Դեյվ Կատրլերին շնորհվել է Մայքրոսոֆթ ավագ տեխնիկական աշխատակցի պատվավոր կոչում։
2008 թվականին Վեբ-ծրագրավորողների համաժողովում Մայքրոսոֆթը հայտարարել է Azure Services Platform-ը[16]՝ ամպային պլատֆորմը (cloud computing), որը Մայքրոսոֆթի կողմից մշակվող ամպային օպերացիոն համակարգ է։ Համաժողովի հիմնական զեկույցում Քատլերը հիշատակվել է որպես ծրագրի հիմնական նախագծող՝ Ամիտաբ Սրիվաստավայի հետ միասին[17][18]։
2012 թվականի հունվարից Դեյվ Քատլերը միացել է Microsoft Xbox թիմին[19]։ 2013 թվականի մայիսից Քատլերի աշխատանքը կենտրոնացել է Microsoft Hyper-V Host-ի օպտիմիզացված տարբերակի ստեղծման վրա, որը հատուկ մշակվել է Microsoft Xbox One խաղային հարթակի համար[20]։
|