Դի Հեփբերն | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 7, 1961 (62 տարեկան) |
Ծննդավայր | Էյրդրի, Լարնակշիր, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | դերասանուհի և կինոդերասանուհի |
Դի Հեփբերն (անգլ.՝ Dee Hepburn, նոյեմբերի 7, 1961, Էյրդրի, Լարնակշիր, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն), շոտլանդացի նախկին դերասանուհի, որը 1981 թվականին նկարահանված «Գրեգորիի ընկերուհին» կինոնկարում կատարել է Դորոթիի դերը, ինչպես նաև 1985-1988 թվականների ընթացքում մարմնավորել Էնն-Մարի Վեյդին ITV հեռուստացանցի «Խաչմերուկներ» հեռուստասերիալում։
Հեփբերնը հասակ է առել Շոտլանդիայի Իսթ Քիլբրայդ քաղաքում և հանդիսացել ատամնատեխնիկ Բոբի Հեփբերնի ու վերջինիս կնոջ՝ Մադելինի հինգ դուստրերից չորրորդը[1]։
Դերասանության ու պարի դասընթացներ անցնելուց հետո դեռևս դպրոցական տարիքում դեր է ստացել STV հեռուստաալիքի նկարահանած «The Prime of Miss Jean Brodie» ֆիլմում և ստացել Դորի Հեփբուրն անունը[2]։ Նկարահանվել է նաև 1981 թվականի արտադրության «Գրեգորիի ընկերուհին» կինոնկարում և մարմնավորել Ջոն Գորդոն Սինքլերի սիրած աղջկան՝ Դորոթիին[2], որի համար արժանացել է «Տարվա Variety Club դերասանուհի» մրցանակի։ 2010 թվականին, կինոնկարի թողարկման 30-ամյակի առթիվ դերակատարները վերամիավորվել են[3] և Հեփբուրնի մասնակցությամբ կինոնկարից մի հատված 2012 թվականի Լոնդոնի ամառային օլիմպիական խաղերի բացման արարողության մաս է կազմել[4]։
Հեռուստատեսությունում գործունեություն է սկսել և նկարահանվել Գլազգոում բեմադրված «Մեգի» հեռուստասերիալում, ինչպես նաև մասնակցել It's a Knockout հեռուստախաղին[2]։ «Խաչմերուկներ» հեռուստասերիալում երեք տարի կատարել է ընդունարանի աշխատակցուհի Էնն-Մարի Վեյդի դերը։ 1996 թվականին նկարահանված «Բրյուս» կինոնկարում մարմնավորել է Մերի Բրյուսին։
Երկրորդ ամուսնու հետ ապրում է Իսթ Քիլբրայդ քաղաքում և զբաղվում տեղական մի ընկերության բիզնեսի զարգացմամբ[2]։
|