Դիանա Միթֆորդ | |
---|---|
Ծնվել է | հունիսի 17, 1910[1][2][3][…] |
Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] |
Մահացել է | օգոստոսի 11, 2003[1][5][2][…] (93 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզի 7-րդ շրջան, Ֆրանսիա[4] |
Գերեզման | Church of St Mary, Swinbrook[6] |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | լրագրող, խմբագիր, կենսագիր, գրող և քննադատ |
Ամուսին | Օսվալդ Մոսլի[7][8][9] և Բրայան Գինես, 2-րդ Բարոն Մոյն[7] |
Ծնողներ | հայր՝ Դևիդ Ֆրիման-Միթֆորդ (Ռեդեսդեյլի 2-րդ բարոն )[7], մայր՝ Սիդնի Բոուլզ[7] |
Կուսակցություն | Բրիտանիայի ֆաշիստների միություն և Union Movement? |
Երեխաներ | Ջոնաթան Գինես, 3-րդ Բարոն Մոյն[10][7], Դեսմոնդ Գինես[10], Մաքս Մոսլի[7] և Օսվալդ Ալեքսանդր Մոսլի[10] |
Diana Mitford Վիքիպահեստում |
Դիանա Ֆրիմեն Միթֆորդ, լեդի Մոսլի (անգլ.՝ Diana Freeman-Mitford, Lady Mosley, հունիսի 17, 1910[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - օգոստոսի 11, 2003[1][5][2][…], Փարիզի 7-րդ շրջան, Ֆրանսիա[4]), բրիտանացի արիստոկրատ և գրաքննադատ։
Հայտնի Միթֆորդ քույրերից մեկը։ 1929-1932 թվականներին եղել է Մոյնի 2-րդ բարոն Բրայան Գինեսի կինը, 1936-1980 թվականներին՝ սըր Օսվալդ Մոսլիի, որը հիմնադրել էր Ֆաշիստների բրիտանական միությունը։ Երեք ինքնակենսագրական աշխատությունների հեղինակ է, որոնցից առաջինը՝ «Հակադրություններով լի կյանքը» (անգլ.՝ A Life of Contrasts), դարձել է բեսթսելեր։
Դիանա Միթֆորդը ծնվել է 1910 թվականի հունիսի 17-ին Բելգրավիայում (Վեստմինստեր, Լոնդոն)։ Եղել է Ռեդսդեյլի 2-րդ բարոն Դեյվիդ Բերտրամ Օգիլվի Ֆրիմեն-Միթֆորդի և նրա կնոջ Սիդնի Միթֆորդի չորրորդ երեխան։ Դիանան ունեցել է հինգ քույրեր՝ Նենսին (1904-1973), Պամելան (1907-1994), Յունիթին (1914-1948), Ջեսիկան (1917-1996) և Դեբորան (1920-2014), ինչպես նաև եղբայրը՝ Թոմասը (1909-1945)։ Նրանք բոլորը ստացել են տնային կրթություն։
18 տարեկանում Միթֆորդը սկսել է հանդիպել Բրայան Գինեսի հետ, որը իռլանդացի արիստոկրատ էր և պետք է դառնար Մոյնի բարոն։ Չնայած Սիդնի Միթֆորդի սկզբնական դիմադրությանը՝ 1929 թվականի հունվարի 30-ին Գինեսը և Դիանան ամուսնացել են[11]։ Հարսանիքից հետո նրանք ապրել են Լոնդոնում և Դուբլինում։ Զույգը տարեկան ունեցել է 20 000 ֆունտ եկամուտ, ինչպես նաև ունեցվածք Հեմփշիրում։ 1930 թվականին նրանք ունեցել են որդի՝ Ջոնաթան Գինեսին, որը հետագայում ժառանգել է Մոյնի բարոնի տիտղոսը։ 1931 թվականին ծնվել է նրանց երկրորդ որդին՝ Դեսմոնդ Գինեսը։
1932 թվականի փետրվարին Միթֆորդը հանդիպել է Ֆաշիստների բրիտանական միության հիմնադիր Օսվալդ Մոսլիին և դարձել նրա սիրուհին[12]։ Մոսլին այդ ժամանակ ամուսնացած էր Սինտիա Մոսլիի հետ, որը լորդ Ջորջ Քյորզոնի դուստրն էր։ Քյորզոնի մահից հետո՝ 1933 թվականին, Միթֆորդը բաժանվել է Գինեսից՝ չնայած այն հանգամանքին, որ Մոսլին, սգալով կնոջ մահը, երեք տարի հրաժարվում էր օրինականացնել հարաբերությունները Դիանայի հետ[13]։
1934 թվականին իր քրոջ Յունիթիի հետ միասին տեղափոխվել է Գերմանիա, քանի որ քույրերը նացիոնալ-սոցիալիզմի գաղափարախոսության հետևորդներ էին։ Յունիթին նաև սիրահարված էր Ադոլֆ Հիտլերին։ 1935 թվականին Յունիթին Դիանային ներկայացրել է Ադոլֆ Հիտլերին։ Բացի այդ, Դիանան սկսել է ընկերություն անել Զիգրիդ Վագների կնոջ Վինիֆրեդի և Մագդա Գեբելսի հետ։ 1936 թվականի հոկտեմբերի 6-ին նա և Մոսլին գաղտնի ամուսնացել են Յոզեֆ Գեբելսի հյուրասենյակում։ Մոսլիի հարսանիքին ներկա է եղել Հիտլերը, որը նորապսակներին նվիրել է իր նկարը՝ արծաթե շրջանակի մեջ[14]։ Ամուսնության արդյունքում ծնվել են երկու որդիներ՝ Ալեքսանդրը (ծնված 1938 թվականին) և Մաքսը (ծնված 1940 թվականին)։ Մինչ Ալեքսանդրի ծնունդը, հարսանիքի փաստը գաղտնի է պահվել։
1940 թվականի մայիսին Մեծ Բրիտանիայում Ուինսթոն Չերչիլ իշխանության գալուց հետո՝ բրիտանական կառավարությունը որոշել է վերջ դնել Ֆաշիստների բրիտանական միության գործունեությանը։ 1940 թվականի հունիսի 29-ին, Մաքսի ծնունդից 11 շաբաթ անց, լեդի Մոսլին ձերբակալվել և տեղափոխվել է Հոլլոուեյ բանտ։ Բանտարկության ժամանակ ամուսնու հետ պահվել է միևնույն բանտախցում՝ բանտի փոստային բաժանմունքի ծանրոցների համար նախատեսված սենյակում։ Ընդորում, նրանց տրամադրության տակ եղել են երկու ծառաներ[15]։ 1943 թվականի նոյեմբերի 6-ին Մոսլին և նրա ամուսինը ազատ են արձակվել՝ Օսվալդի թույլ առողջության պատճառով, որը հանրային մեծ բողոքների պատճառ հանդիսացավ[16]։
Պատերազմի ավարտից հետո Մոսլի ընտանիքը բնակարաններ է ձեռք բերել Իռլանդիայում և Ֆրանսիայում։ Օսվալդ Մոսլին մահացել է 1980 թվականի դեկտեմբերի 3-ին։ 1958 թվականին Միթֆորդը տեղափոխվել է Փարիզ և աշխատանքի անցել «The European» ամսագրի աշխատակազմում։ 1977 թվականին հրապարակել է «Հակադրություններով լի կյանքը» աշխատությունը[17]։ Եվս երկու ինքնակենսագրականներ հրատարակվել են 1980-ական թվականներին[18]։ 1990-ական թվականներին էլ աշխատել է «Books & Bookmen» և «Evening Standard» ամսագրերում՝ որպես գրաքննադատ[19]։ 1989 թվականին Միթֆորդը հրավիրվել է BBC Radio 4-ի «Desert Island Discs» հաղորդաշարին։ Նրա ելույթը խիստ քննադատության է արժանացել, քանի որ նա Հիտլերին անվանել է «գրավիչ», իսկ այն հարցին, թե «Ի՞նչ եք կարծում այն մասին, թե պատերազմի տարիների սպանվելեն ավելի քան 6 միլիոն հրեաներ», պատասխանել է․ «Օ ոչ, ես չեմ կարծում, որ սպանվածների թիվն այդքան շատ է»[20]։
Պատերազմից հետո նրա մոտ կրկնվել են միգրենի պարբերական նոպաներ։ 1981 թվականին տարած գլխուղեղի վիրահատությունից հետո, նա խլացել է։ 1990-ական թվականների վերջին նրա մոտ զարգացել է մաշկի քաղցկեղ, որի հետագայում ամբողջությամբ բուժվել է։ Մահացել է 2003 թվականի օգոստոսի 11-ին Փարիզում՝ ինսուլտից[21]։ Թաղված է Օքսֆորդշիրի գերեզմանատներից մեկում՝ քույրերի՝ Յունիթիի և Նենսիի կողքը[22]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիանա Միթֆորդ» հոդվածին։ |
|