Դիսթրես, տառապանքի վիճակ, որի դեպքում անձը չի կարողանում լիովին հարմարվել սթրեսային գործոններին և դրանց պատճառած սթրեսին ու ցույց է տալիս ոչ հարմարվողական վարքագիծ[1]։ Դա կարող է ակնհայտ լինել, երբ առկա են տարբեր դրսևորումներ, ինչպիսիք են ոչ պատշաճ սոցիալական փոխազդեցութունը (օրինակ՝ ագրեսիան, պասիվությունը կամ օտարումը)։
Դիսթրեսը էվսթրեսի հակադրությունն է, որը դրական մոտիվացնող սթրեսն է։
Սթրեսը կարող է առաջանալ այնպիսի գործոններից, ինչպիսիք են աշխատանքը, ուսումը, հասակակիցները կամ պաշտոնակից անձինք, ընտանիքը և մահը։ Մյուս պատճառները կախված են տարիքից։
Մշտապես սթրեսի մեջ գտնվող մարդկանց շրջանում ավելի մեծ հավանականությամբ կարող են զարգանալ սոմատիկ և հոգեկան հիվանդություններ։ Հոգեբանական դիսթրեսի և մահվան հիմնական պատճառների միջև առկա է հստակ հետադարձ կապ ամբողջ դիսթրեսի միջակայքում[2]։
Պարզվել է, որ բարձրագույն կրթությունը կապված է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց շրջանում հոգեբանական սթրեսի նվազեցման հետ, և այդ ազդեցությունը պահպանվում է ծերացման ողջ պրոցեսի ընթացքում, այլ ոչ թե միայն կրթություն ստանալուց անմիջապես հետո։ Սակայն տարիքի հետ այդ կապը նվազում է։ Հիմնական մեխանիզմը, որի միջոցով բարձրագույն կրթությունը դեր է խաղում տղամարդկանց սթրեսի նվազեցման գործում, ավելի շատ կապված է աշխատաշուկայի ռեսուրսների, քան կանանց սոցիալական ռեսուրսների հետ[3]։
Կլինիկայում դիսթրեսը հիվանդի կողմից հաղորդված արդյունք է, որն ունի մեծ ազդեցություն հիվանդի կյանքի որակի վրա։ Այցելուի դիսթրեսի գնահատման համար առավել հաճախ օգտագործվում է «Տագնապայնության և դեպրեսիայի հոսպիտալային սանդղակ» (HADS) հարցաթերթիկը։ HADS հարցաթերթիկում ստացված գնահատումը օգնում է կլինիցիստին խորհուրդ տալ կենսակերպի փոփոխություն կամ հոգեկան խանգարումների հետագա ախտորոշում, ինչպիսին է դեպրեսիան[4]։
Մարդիկ հաճախ ուղիներ են գտնում հաղթահարել սթրեսն ինչպես դրական, այնպես էլ բացասական իմաստով։ Դրական մեթոդների օրինակներ են երաժշտություն լսելը, հանգստացնող վարժությունները, գունազարդելը, սպորտով զբաղվելը և այլ օգտակար զվարճանքները։ Բացասական ուղիները ևս շատ են, օրինակ՝ թմրանյութերի օգտագործումը՝ ներառյալ ալկոհոլը, և զայրույթ արտահայտելը, որոնք կարող են հանգեցնել սոցիալական փոխազդեցություններում սթրեսի հետագա խորացմանը հանգեցնող բարդությունների։
![]() |
Ընթերցե՛ք «դիսթրես» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |
|