Դիվերգենցիա (լատին․՝ divergentia՝ տարամիտում, անջատում), կենսաբանության մեջ, էվոլյուցիայի ընթացքում օրգանիզմների հատկանիշների տարամիտում։ «Դիվերգենցիա» երևույթը բացահայտել է Դարվինը՝ բացատրելով մշակովի բույսերի բազմաթիվ սորտերի, ընտանի կենդանիների տեսակների, ինչպես նաև բնության մեջ գոյություն ունեցող կենսաբանական տարբեր ձևերի առաջացումը։ Արհեստական ընտրությամբ ստացված մշակովի բույսերի և ընտանի կենդանիների յուրաքանչյուր խմբի դիվերգենցիան պայմանավորված է մարդու պահանջներով։ Դարվինը դիվերգենցիայի սկզբունքով է բացատրել բնության մեջ տեսակառաջացման, կարգաբանական խոշոր խմբերի ու նրանց միջև ստեղծվող խզումների առաջացման պրոցեսը։ Դիվերգենցիան պահպանվում է գոյության պայքարով և հանգեցնում կազմությամբ ու ֆունկցիաներով միմյանցից տարբերվող օրգանիզմների ստեղծման։ «Տարամիտող էվոլյուցիա» տերմինն առաջին անգամ օգտագործել է Գուլիքը (1832-1923)[1]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 408)։