Դմիտրի Խոլոդով | |
---|---|
Ծնվել է | հունիսի 21, 1967 |
Ծննդավայր | Սերգիև Պոսադ, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հոկտեմբերի 17, 1994 (27 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Տրոեկուրովյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրթություն | Ազգային հետազոտական միջուկային համալսարան |
Մասնագիտություն | լրագրող և ռազմական թղթակից |
Դմիտրի Յուրևիչ Խոլոդով (հունիսի 21, 1967, Սերգիև Պոսադ, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 17, 1994, Մոսկվա, Ռուսաստան), ռուս լրագրող, թղթակից։
Ծնվել է 1967 թվականի հունիսի 21-ին մերձմոսկովյան Զագորսկում (այժմ՝ Սերգիև Պոսադ)։ Մայրը՝ Զոյա Ալեքսանդրովնան, և հայրը՝ Յուրի Վիկտորովիչը, ինժեներներ էին և աշխատում էին Ճշգրիտ մեքենաշինության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտում։ Դմիտրի Խոլոդովը մեծացել է մերձմոսկովյան Կլիմովսկ քաղաքում, սովորել է N 5 դպրոցում, որն այժմ կրում է իր անունը։
Դպրոցն ավարտելուց հետո ծառայել է ծովային հետևազորում։
Գերազանցությամբ ավարտել է Մոսկվայի ինժեներային ֆիզիկայի ինստիտուտը (ՄԻՖԻ), որպես ինժեներ աշխատել է Ճշգրիտ մեքենաշինության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտում և որպես թղթակից՝ Կլիմովսկի ռադիոյում։
1992 թվականի օգոստոսին դարձել է «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթի թղթակիցը։ Գրել է ժամանակակից ռուսական բանակի մասին, եղել է շատ թեժ կետերում՝ Աբխազիայում, Չեչնիայում, Ադրբեջանում, տաջիկա-աֆղանական սահմանում։
Լրագրողը հայտնի է եղել ռուսական բանակում առկա կոռուպցիայի մասին իր հրապարակումներով։ Իր նյութերում նա բազմիցս քննադատության է ենթարկել պաշտպանության նախարար Պավել Գրաչովին[1][2][3], ում մեղադրել է զինված ուժերի Արևմտյան խմբավորումում կառուպցիոն սկանդալի մասնակցության մեջ։
Դմիտրի Խոլոդովը զոհվեց 1994 թվականի հոկտեմբերի 17-ին, Մոսկվայում, թերթի խմբագրությունում՝ իր աշխատավայրում, պորտֆել-դիպլոմատում գտնվող ինքնաշեն մինի-ականատի պայթյունից։ Մահը վրա է հասել տրավմատիկ շոկի և արյունաքամ լինելու արդյունքում։
Ըստ գործընկերների վկայության՝ Խոլոդովը ենթադրել է, որ Կազանի կայարանի պահասենյակից վերցրած դիպլոմատում ապօրինի առևտրի վերաբերյալ փաստաթղթերի հետ միասին գտնվում է զենք՝ չեչենական անջատողականների կողմից։
Հուղարկավորված է Մոսկվայի Տրոեկուրովյան գերեզմանատանը։ Հետմահու արժանացել է Ռուսաստանի լրագրողների միության և «Հանուն մամուլի ազատության» մրցանակներին (երկուսն էլ՝ 1994 թվականին)[4]։
Սպանությանը հաջորդած օրը, 1994 թվականի հոկտեմբերի 18-ին, ՌԴ գլխավոր դատախազության կողմից քրեական գործ հարուցվեց «Դիտավորյալ սպանություն՝ ծանրացուցիչ հանգամանքներով» հոդվածով (ՌՍՖՍՀ ՔՕ, հոդված 102, մաս 2)։ Հոկտեմբերի 19-ին ՌԴ գլխավոր դատախազությունը կատարվածը վերաորակավորեց ըստ «Մարդու մահվան պատճառ դարձած ահաբեկչական գործողություն» հոդվածի (ՌՍՖՍՀ ՔՕ, հոդված 213, մաս 3)։ 1994 թվականի նոյեմբերի 11-ին ձերբակալվեց գործով առաջին կասկածյալը՝ Գլխավոր հետախուզական վարչության գնդապետ-ականատեխնիկ Վլադիմիր Կուզնեցովը, բայց Խոլոդովի մահվան մեջ նրա մասնակցությունը չհաստատվեց, և 1995 թվականի հունիսին մեղադրանքը հանվեց[5]։
1998-2000 թվականներին սպանության կասկածանքով ձերբակալվել են օդ-դեսանտային զորքերի հետախուզության ղեկավար, պահեստազորի գնդապետ Պավել Պոպովսկին, օդ-դեսանտային զորքերի հատուկ նշանակության հատուկ ջոկատի նախկին հրամանատար Վլադիմիր Մորոզովը, վերջինիս տեղակալներ՝ մայորներ Ալեքսանդր Սորոկան և Կոնստանտին Միրզոյանցը, նախկին դեսանտավոր, ձեռներեց Կոնստանտին Բարկովսկին, մասնավոր պահակային «Ռոսս» ծառայության գլխավոր տնօրենի տեղակալ Ալեքսանդր Կուպցովը։ Նրանց մեղադրանք էր առաջադրվել «Դիտավորյալ սպանություն՝ ծանրացուցիչ հանգամանքներով» հոդվածով։ Գործը քննվել է չորս տարի, այդ ընթացքում մեղադրյալները գտնվել են քննչական մեկուսարանում՝ կալանքի տակ։ 2001 թվականի փետրվարին գործընթացի մեջ որպես վկա ներառվել է ՌԴ պաշտպանության նախկին նախարար Պ. Գրաչովը[6]։ 2002 թվականի հունիսի 26-ին Մոսկվայի շրջանային զինվորական դատարանը ապացույցների բացակայության հիմքով արդարացրեց բոլոր մեղադրյալներին, ազատ արձակեց կալանքից և չեղարկեց նրանց ունեցվածքի վրա դրված արգելանքը[5][7]։
2003 թվականի մայիսի 27-ին գերագույն դատարանի զինվորական կոլեգիան գլխավոր դատախազության բողոքի հիման վրա չեղարկեց արդարացման վճիռը՝ գործն ուղարկելով նոր հետաքննության։ 2004 թվականի հունիսի 10-ին կասկածյալները կրկին արդարացվեցին։ Բացի դա, դատարանը գլխավոր դատախազությանն ուղղված հատուկ վճիռ կայացրեց՝ քննչական վարչակազմի աշխատակիցներին մեղադրելով սահմանադրության և քրեական դատավարության օրենսգրքի կոպիտ խախտումների մեջ և գլխավոր դատախազ Վլադիմիր Ուստինովին պարտավորեցնելով մեկ ամսվա ընթացքում ձեռնարկած միջոցների մասին հաղորդում ներկայացնել։ Գլխավոր դատախազությունը և Դմիտրի Խոլոդովի ծնողները վճռաբեկ գանգատ ներկայացրեցին գերագույն դատարան։ 2005 թվականի մարտին գերագույն դատարանի զինվորական կոլեգիան հաստատեց Մոսկովյան շրջանային դատարանի կողմից կայացրած վճիռների իրավազորությունը[8][9][10]։
2005 թվականի սեպտեմբերին Խոլոդովի ծնողները հայց ներկայացրեցին Մարդու իրավունքների Եվրոպական դատարան։ Մեկ տարի անց դատարանը հայտարարեց հայցը քննելու մերժման մասին՝ որոշումը հիմնավորելով նրանով, որ Խոլոդովի սպանությունը տեղի է ունեցել մինչ Ռուսաստանի՝ 1998 թվականին Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիային միանալը[11]։
2006-2009 թվականներին նախկին մեղադրյալները հայցեր ներկայացրեցին Գերագույն դատարան՝ իրենց՝ gլխավոր դատախազության կողմից հասցված վնասի փոխհատուցման վերաբերյալ։ Հայցերը մասնակիորեն բավարարվել են[12][13][14]։
Ներկա պահին սպանությունը շարունակում է մնալ չբացահայտված։
|