Դյուարի անոթ

Դյուարի անոթ, կրկնակի պատերով ջերմամեկուսիչ անոթ։ Ներսի ծավալի և շրջապատի միջև ջերմամեկուսացումն իրականացվում է անոթի կրկնակի պատերի միջև վակուում ստեղծելով (1,33 մն/մ2 = 105 մմ սնդ․ ս․)։ Ճառագայթման ճանապարհով տեղի ունեցող ջերմային կորուստները փոքրացնելու նպատակով պատերը մետաղապատում են (ավելի հաճախ արծաթապատում)։ Պատրաստում են բարձրորակ ապակուց (աշխատանոցների համար) կամ մետաղից։ Կիրառվում են հեշտ ցնդող հեղուկացված գազերը (ազոտ, թթվածին, օդ) տեղափոխելու և պահելու համար։ Չափազանց ցածր եռման կետ ունեցող գազերը (օրինակ, հելիումը) հեղուկ վիճակում երկար պահելու համար օգտագործում են կրկնակի Դյուարի անոթում, որոնցից արտաքինը լցնում են ցածր ջերմաստիճանի հեղուկ։ Կենցաղում օգտագործվող թերմոսը Դյուարի անոթ է։ Հայտնաբերել է Ջեյմս Դյուարը 1898-ին։

Աշխատանքի սկզբունքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դյուարի անոթի աշխատանքի սկզբունքը երեք հիմնական գործընթացների սահմանափակման մեջ է, որոնք պատասխանատու են շրջակա միջավայրի հետ ջերմափոխանակման համար. ջերմահաղորդում (որի շնորհիվ ջերմությունը տարածվում է երկաթե ձողի տաքացրած ծայրից մյուս՝ սառը ծայրը), ջերմային ճառագայթում (մենք զգում ենք այն վառարանի մոտ, երբ ածուխն արդեն հանգել է), և կոնվեկցիա (այդ գործընթացը տեղի է ունենում, օրինակ՝ ներքևից տաքացրած կաթսայում ճաշը խառնելուց)։ Թերմոսի ներքին և արտաքին պատերի միջև ընկած միջանկյալ տարածությունը, որտեղից օդը հանված է, նվազեցնում է ջերմության կորուստը՝ ջերմահաղորդումից և կոնվեկցիայից, իսկ ապակե անոթի անդրադարձնող մակերեևույթը նվազեցնում է ինֆրակարմիր ճառագայթումը։ Թերմոսի արժեքը հենց նրա՝ ըմպելիքները տաք կամ սառը պահելու մեջ է։ Այդ հատկությունը թույլ է տալիս նաև թերմոսի միջոցով պատվաստանյութեր, արյան պլազմա, ինսուլին, հազվագյուտ արևադարձային ձկներ և այլ կարևոր բաներ տեղափոխել։ Երկրորդ համաշխարհային Պատերազմի ժամանակ Մեծ Բրիտանիայում արտադրվել է գրեթե 10.000 թերմոս։ Այն իրենց հետ վերցնում էին ռազմական օդաչուները՝ Եվրոպայի վրայով թռիչքներ իրականցնելիս։ Մեր օրերում աշխարհի բոլոր լաբորատորիաներում թերմոսները (Դյուարի անոթները) օգտագործում են այնպիսի գերսառը նյութեր պահպանելու համար, ինչպիսիք են, օրինակ՝ հեղուկ ազոտը կամ թթվածինը։

2009 թվականին Ստենֆորդի համալսարանի գիտնականները հայտնաբերեցին, որ ֆոտոնային բյուրեղների (կառուցվածքներ, որոնք արգելափակում են լույսը՝ որոշակի հաճախականություններում) հաջորդական շերտերը, որոնք բաժանված են միջանկյալ վակուումով, ավելի շատ են սահմանափակում ջերմային ճառագայթումը, քան միայն վակուումը։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Клиффорд Пиковер. Великая Физика, От Большого взрыва до Квантового воскрешения, 250 основных век в истории физики, Москва, Бином, 2015г., стр 266.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 423