Դոն Խուան Ավստրիացի մականունով խեղկատակը | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Դիեգո Վելասկես[1] |
տարի | 1632[2] |
բարձրություն | 210 սանտիմետր[2] |
լայնություն | 123 սանտիմետր[2] |
ստեղծման երկիր | Իսպանիա[1] |
ժանր | դիմապատկեր[1] |
նյութ | յուղաներկ[1] |
գտնվում է | Պրադո թանգարան[1] և Մադրիդի թագավորական պալատ[3] |
հավաքածու | Պրադո թանգարան[1] |
սեփականատեր | Ֆերդինանդ VII[3] |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
Don Juan de Austria (Velazquez) Վիքիպահեստում |
Դոն Խուան Ավստրիացի մականունով խեղկատակը կամ Խեղկատակ Դոն Խուան Ավստրիացու դիմանկար (իսպ.՝ El bufón llamado don Juan de Austria), իսպանացի գեղանկարիչ Դիեգո Վելասկեսի նկարը` խեղկատակներին նվիրված հայտնի շարքից։
Նկարում ամբողջ հասակով պատկերված է թագավորական խեղկատակը, ով կրում էր Դոն Խուան Ավստրիացի ծաղրական մականունը` ի պատիվ միապետի ազգականներից մեկի։ Նրա շուրջը հատակին պատկերված են զենքեր ու զինվորական պարագաներ` գնդացրի ականներ, հրացան, զրահի հատվածներ։ Խեղկատակի ձեռքերից մեկը դրված է գավազանին, մյուսը` թրին. սա մարտական, ներկայացուցչական դիրք է։ Լոպես Ռեյը նշում է, որ Վելասկեսն ամենայն հավանականությամբ իմացել է Ֆիլիպ III-ի դիմանկարի մասին, որ վրձնել էր Պեդրո Անտոնիո Վիդալն արքայական պալատում։ Այդ նկարում ևս թագավորը գավազան ու թուր է բռնել համանման ձևով, և նրա ոտքերի մոտ նույնպես ցրված են զենք ու զրահի պարագաներ[4]։ Դռան բացվածքից հետին պլանում բացվում է ծովամարտի տեսարան[4]։
Ինչպես և «Հովսեփի հագուստները» (1630) նկարում, Վելասկեսը կիրառում է հատակի սալիկների գույնը, որպեսզի շեշտի հեռանկարը, որն ուղղված է բացված պատուհանին։ Գլխի դիրքն ու կեցվածքը հիշեցնում են Վուլկանի պետկերումը «Վուլկանը դարբնոցը» նկարում։
Խուան Ավստրիացի անունն ավանդաբար եղել է Հաբսբուրգների արքայական բաստարդների անունը։ Նրանցից ամենանշանավորը եղել է կայսր Կառլ V-ի ապօրինի զավակը, ով եղել է նշանավոր զորավար և Լեպանտոյի ծովամարտի հերոս։ Երկրորդ Դոն Խուանը եղել է Վելասկեսի ժամանակիցը, Ֆիլիպ IV-ի ապօրինի զավակը և նույնպես զորավար։
Խեղկատակը, որի իսկական անունն անհայտ է, կարող էր այս անունը ստացած լինել խեղկատակներին արքայական մականուններ տալու ավանդույթի շրջանակներում, որ տարածված էր դարեր շարունակ[5]։ Նրա ծառայությունն իսպանական արքունիքում 1642-1654 թվականներին արձանագրվել է որպես «մարդ զվարճանքների համար» (hombre de placer), չնայած չի ունեցել ֆիքսված դրույքաչափ և չի ապրել Ալկասարում[6]։ Պանտորբան տեսակետ է առաջ քաշում, որ նա կարող էր լինել հին զինվոր, վետերան[7]։ Եթե դա այդպես է, գրում է Կամոն Ազնարը, ուրեմն մեր առաջ «Վելասկեսի կերպարներից ամենաողբերգական կերպարն է և մեր անկման խորհրդանիշը»[8]։
Մադրիդի թագավորական արխիվում կա հաշիվ, որը դետալներով ներկայացնում է 1632 թվականին Դոն Խուան Ավստրիացու համար ձեռք բերված կտորները։ Մորենո Վիլյան, ով հրատարակել է այս փաստաթուղթը, եզրակացրել է, որ կոստյումը, որի դետալները ներկայացված են հաշվետվության մեջ, այն նույնն է, որով խեղկատակը պատկերված է դիմանկարում։ Այս տեսակետը ներկայումս վիճարկվում է` հաշվի առնելով մեկ այլ շրջանի ոճային հատկանիշները[4]։
Հնարավոր է, Լեպանտոյի ծովամարտի կեղծ հաղթողի զինակիցը, ըստ իր ելույթների, եղել է Բարբարոսա անունով խեղկատակը, ով ներկայացված է Վելասկեսի մեկ այլ դիմանկարում, որը ենթադրաբար համարվում է այս դիմանկարի զույգը[6]։
Բուեն Ռետիրոյի` 1701 և 1716 թվականների արձանագրությունները վկայում են. «Մեկ այլ նկար` «Դոն Խուան Ավստրիացի» անունով և ոտքերի մոտ զենքերի տարբեր տարրերով, պատկանում է Վելասկեսի վրձնին»։ Նա նշում է նկարի չափերը` 209 × 112 սմ։ Դիմանկարը տեղափոխվել է Մադրիդի թագավորական պալատ, իսկ բնորդի սոցիալական ցածր մակարդակը մոռացվել է։ Դրան սկսում են վերագրել ավելի բարձր կարգ, ինչի հետևանքով 1772 թվականին արձանագրություններում («Պաբլո դե Վալյադոլիդի» դիմանկարի հետ) այն համարվում է «հեծելազորայինի դիմանկար», որ պատկանում է Վելասկեսի վրձնին։ 1794 թվականին նա արդեն «իսպանացի գեներալ» է։ 1816 թվականի օգոստոսի 16-ին, երբ Ֆերդինանդ VII-ը Մադրիդի թագավորական պալատի այլ նկարների հետ ուղարկում է այս նկարը, նրանում պատկերված կերպարին արդեն տալիս են ազնվականի աստիճան` «Պեսկարի մարքիզ». հենց այս անունով էլ նկարը մնում է ակադեմիայում (1817, 1819, 1821, 1824 թվականների տեղեկամատյաններ)։ «Այս սխալը, պարզվում է, այդքան էլ անսպասեի չէր. եթե համեմատենք Ֆերդինանդ VII-ի դիմանկարը պատկերող նկարը, որ ստեղծել է Գոյան 1783-1784 թվականներին (Պրադո)», – գրել է իսպանացի արվեստագետ Խոսե Լոպես Ռեյը[4]։
Նկարը ռեստավրացիայի է ենթարկվել 1981 թվականին Պրադոյում։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Դոն Խուան Ավստրիացի մականունով խեղկատակը (նկար) կատեգորիայում։ |