Դուան Յունպին | |
---|---|
Ծնվել է | մարտի 10, 1961 (63 տարեկան) |
Ծննդավայր | Նանչան, Չինաստան |
Քաղաքացիություն | Չինաստան |
Կրթություն | Չժեցզյան համալսարան (1982) և Չինաստանի ազգային համալսարան |
Մասնագիտություն | ճարտարագետ, ձեռնարկատեր և գործարար |
Դուան Յունպին ( չինարեն հեշտ. 段永平 , փինյին՝ Duàn Yǒngpíng), մարտի 10, 1961, Նանչան, Չինաստան, «Subor» ( չինարեն հեշտ. 小霸王 , փինյին՝ Xiǎobàwáng) և «BBK Electronics» ( չինարեն հեշտ. 步步高 , փինյին՝ Bùbùgāo) ընկերությունների հիմնադիրը։
Ավարտել է Չժեցյանի (մասնագիտացումը՝ ռադիոէլեկտրոնիկայի ինժեներ), ապա՝ Չինաստանի ազգային համալսարանը (մասնագիտացումը՝ տնտեսագիտություն)։ Այնուհետև «MBA» ծրագրով երկու տարի սովորել է Չինաստանի եվրոպական միջազգային բիզնես դպրոցում։
Յունպինը որպես ինժեներ սկսել է աշխատել վակուումային լամպեր արտադրող պեկինյան գործարանում։ 1989 թվականին որոշել է սկսել սեփական գործը՝ ստեղծելով էլեկտրոնիկայով զբաղվող ընկերություն։
Երբ 1989 թվականին Դուան Յունպինը սկսեց աշխատել «Subor» ընկերությունում, այն ուներ 20-ից պակաս աշխատակից և մեծ պարտք։ Նրա ղեկավարությամբ հինգ տարի անց ընկերությունը դարձավ ուսումնական և խաղային համակարգիչներ արտադրող առաջատար ընկերություն Չինաստանում՝ մի քանի միլիարդ յուան եկամտով։
1995 թվականին Յունպինը հիմնադրել է չինական խոշորագույն ընկերություններից մեկը՝ «BBK Electronics Industrial Group»-ը[1] ։ Սկզբնական շրջանում դրա հիմնական արտադրանքը DVD-նվագարկիչն էր։ Ներկայումս այն նաև հեռախոսների և ձայնագիտության ոլորտի առաջատար բրենդ է[1]։
Ըստ «Asia Week» ամսագրի՝ 2000 թվականին Դուան Յունպինն ընդգրկվել է հազարամյակի ամենաազդեցիկ 20 անձանց ցանկում։
Ներկայումս Յունպինն անկախ ներդրող է։ 2002-2004 թվականներին «NetEase.com» ընկերության երկրորդ բաժնետերն էր՝ ըստ բաժնետոմսերի քանակի։
2002 թվականի վերջից ապրում է ԱՄՆ-ում։
2006 թվականին Յունպինն իր ընտանեկան «Enlight Foundation» բարեգործական հիմնադրամի անունից հաղթել է աճուրդում և հնարավորություն ստացել միլիարդատեր Ուորեն Բաֆեթի հետ մասնակցել բիզնես լանչի[2][3][4]։ Այդ հնարավորթյան համար նա «eBay» առցանց աճուրդում վճարել է 620 000 դոլար և ստացել «Չինական Ուորեն Բաֆեթ» մականունը[2][5]։