Դումիտրու Մուրուզի | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 1, 1850[1] |
Ծննդավայր | Յաշ, Մոլդովական իշխանություն |
Մահացել է | հոկտեմբերի 9, 1914[1] (64 տարեկան) |
Մահվան վայր | Յաշ, Ռումինիա |
Գերեզման | Eternitatea cemetery |
Քաղաքացիություն | Մոլդովական իշխանություն, Ռուսական կայսրություն և Ռումինիայի թագավորություն |
Մասնագիտություն | պետական ծառայող, գրող, կոմպոզիտոր, բանաստեղծ և թարգմանիչ |
Կուսակցություն | Ժողովրդական ազգայնական կուսակցություն |
Ստորագրություն | |
Dumitru C. Moruzi Վիքիպահեստում |
Դումիտրու Մուրուզի (ռումիներեն՝ Dumitru Moruzi, հուլիսի 1, 1850[1], Յաշ, Մոլդովական իշխանություն - հոկտեմբերի 9, 1914[1], Յաշ, Ռումինիա), գրող, երգահան, պետական ծառայող
Դումիտրու Կոնստանտինի Մուրուզին ծնվել է 1850 թվականի հուլիսի 1-ին կամ 2-ին, Մոլդովայի իշխանության մայրաքաղաք Յաշում։ Սերում էր արիստոկրատական ֆանարական տոհմից, որն այդպես է անվանվել Կոստանդնուպոլիսի եվրոպական մասի Ֆանար թաղամասում հաստատված լինելու համար։ Բացի այդ, ռուսական ցարը Կոնստանտինին իշխանի տիտղոս էր շնորհել; Մայրը՝ Եկատերինա Ստուրզան, նույնպես սերում էր ազնվականական տոհմից, որը խնամիական կապեր ուներ սերբական արքայատոհմի հետ։ Հենց մայրն էլ տղային տառաճանաչ է դարձրել, սեր ներարկել հատկապես ֆրանսիական գրականության նկատմամբ։
1863 թվականին Դումիտրուն մեկնել է Փարիզ, սովորել Սենտ Լուիս լիցեյում, այնուհետև՝ Սորբոնում (ըստ այլ վկայությունների՝ ռազմական ակադեմիայում)[2]։ 1869 թվականին վերադարձել է Բեսարաբիա։
1873 թվականից անցել է պետական ծառայության. աշխատել է Սորոկա գավառի վարչակազմում[2]։ 1877 թվականին դարձել է Ռուսական կայսրության դիվանագիտական ծառայության թարգմանիչ, 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ, որպես թարգմանիչ, Ռումելիայում ուղեկցել է ռուսական զորքերին[2][3]։ Այնուհետև դիվանագիտական ծառայության է ուղարկվել Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստ։ Այստեղ նա հարել է ռումին ազգայնականներին, հրաժարվել ռուսական դիվանագիտական ծառայությունից և ընդհանրապես ռուսական քաղաքացիությունից, դարձել է ռումինահպատակ, աշխատանքի նշանակվել Կոնստանցայում՝ որպես գավառի վարչակազմի ղեկավար։ 1887 թվականին նշանակվել է Դանուբ գետի դելտայում գտնվող Սուլինա նվահանգստային քաղաքի վարչակազմի ղեկավար և պրեֆեկտի տեղակալ[4]։
1890-ական թվականների վերջին թողել է պետական ծառայությունը, սկսել է իր ուժերը փորձել երաժշտության ասպարեզում։ Գրել է «Սուլինայի ձկնորսները» («Pescarii din Sulina») երեք գործողությամբ կոմիկական օպերան, որը 1902 թվականի փետրվարին բեմադրվել է Բուխարեստի Ազգային թատրոնում։
Ստեղծագործական իր ունակությունները, տաղանդը Դումիտրու Մուրուզին դրսևորել է նաև ժուռնալիստիկայի և գեղարվեստական գրականության բնագավառներում; Նրա լավագույն գրական երկերն են համարվում «Ínstrǎinații. Studiu social in formǎ de roman», «Pribegi in țarǎ rapită. Roman social besarabean» վեպերը, «Pe viscol» երգիծական վիպակը[2]։ Գրել է նաև բանաստեղծություններ, երեք գործողությամբ մի կատակերգություն, պատմվածքներ։ Նրա ստեղծագործությունները, սոցիալական անարդարության, անհավասարության պատկերներ ներկայացնելով հանդերձ, տոգորված են պահպանողականության, ազգայնականության ոգով, կրում են նաև հակասեմիտիզմի, հակամասոնականության դրսևորումեր (այս առումով արժե նշել, որ նա 1910 թվականին անդամագրվել էր Ռումինիայի ժողովրդավարական ազգայնական կուսակցությանը)։ Նշված պատճառներով էլ նրա ստեղծագործությունների տպագրությունը արգելված էր Սոցիալիստական Ռումինիայում ու Խորհրդային Մոլդովայում և միայն այս երկրների անկախացումից հետո՝ 1990-ական թվականներից սկսեցին վերահրատարակվել։
Դումիտրու Մուրուզին մահացել է 1914 թվականի հոկտեմբերի 9-ին, Յաշում, աղքատության մեջ, սակայն, չնայած դրան, հուղարկավորվել է մեծ պատիվներով[2][5]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դումիտրու Մուրուզի» հոդվածին։ |
|