Դևիդ Կինլի | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 2, 1861[1] Դանդի, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | դեկտեմբերի 3, 1944[1] (83 տարեկան) |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | տնտեսագետ |
Հաստատություն(ներ) | Իլինոյսի համակարգի համալսարան |
Գործունեության ոլորտ | տնտեսագիտություն |
Պաշտոն(ներ) | նախագահ |
Ալմա մատեր | Վիսկոնսինի համալսարան Մեդիսոնում, Եյլի համալսարան, Ջոնս Հոփքինսի համալսարան և Ֆիլիպսի ակադեմիա |
Գիտական ղեկավար | Ռիչարդ Էլի[2] |
David Kinley Վիքիպահեստում |
Դևիդ Կինլի (անգլ.՝ David Kinley, օգոստոսի 2, 1861[1], Դանդի, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - դեկտեմբերի 3, 1944[1]), ամերիկացի տնտեսագետ, Ուրբանա Շամպեյնի Իլինոյսի համալսարանի վաստակավոր պրոֆեսոր, 1913 թվականին Ամերիկյան տնտեսական ասոցիացիայի նախագահ, 1920-1930 թվականներին Իլինոյսի համալսարանի նախագահ։
Դևիդը ծնվել է 1861 թվականի օգոստոսի 2-ին Շոտլանդիայի Դանդի քաղաքում։ Ընտանիքը ԱՄՆ է տեղափոխվել 1872 թվականին։ Սովորել է Մասաչուսեթսի Անդովեր քաղաքի Ֆիլիպսի ակադեմիայի մասնավոր դպրոցում։
1884 թվականին բակալավրի աստիճան է ստացել Եյլի համալսարանում, որից հետո 1884-1890 թվականներին աշխատել է Հյուսիսային Անդովերի դպրոցի տնօրեն։ 1890-1892 թվականներին սովորել է Ջոնս Հոփքինսի համալսարանում, և 1892 թվականին արժանացել է մագիստրոսի կոչման։ 1893 թվականին Վիսկոնսին Մեդիսոնի համալսարանում ստացել է իր դոկտորի կոչումը։ Նրա գիտական ղեկավարը Ռիչարդ Էլին էր[3]։
1893 թվականին դարձել է պրոֆեսորի օգնական, իսկ 1895 թվականին՝ Իլինոյսի համալսարանի տնտեսության լրիվ պրոֆեսոր։ 1895 թվականին նշանակվել է տնտեսագիտության ամբիոնի վարիչ։ Այդ պաշտոնում նա աշխատել է մինչև 1915 թվականը (քսան տարի)։ Համարվում է համալսարանի Տնտեսագիտական ֆակուլտետի հիմնադիրը։ Զուգահեռաբար նշանակվել է գրականության և արվեստի քոլեջի դեկան՝ այդ պաշտոնում աշխատելով մինչև 1906 թվականը։ 1902 թվականին կազմակերպել և դարձել է Կոմերցիայի դպրոցի տնօրեն։ Կարդացել է ասպիրանտների դասընթացներ և 1906 թվականին նշանակվել է ասպիրանտուրայի դեկան՝ այդ պաշտոնում աշխատելով մինչև 1914 թվականը։ 1914 թվականին դարձել է համալսարանի փոխնախագահ, իսկ 1919-1920 թվականներին՝ համալսարանի նախագահի պաշտոնակատար, իսկ 1920-1930 թվականներին՝ Իլինոյսի համալսարանի նախագահ։ 1913 թվականին դարձել է Ամերիկյան տնտեսական ասոցիացիայի նախագահ[3]։
1906-1907 թվականներին եղել է Իլինոյսի արդյունաբերական ապահովագրական ընկերության անդամ, իսկ 1910 թվականին և 1930 թվականին՝ Իլինոյս նահանգի հարկային հանձնաժողովի անդամ[4]։
1897 թվականին Դևիդն ամուսնացել է Քաթ Ռութ Նիլի հետ։ Քաթը հանկարծամահ է եղել 1931 թվականին՝ Հոնկոնգում ամուսնու հետ ճանապարհորդելիս[4]։
Դևիդ Կինլիի պատվին անվանվել է Իլինոյսի համալսարանի լսարանը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դևիդ Կինլի» հոդվածին։ |
|