Ելենա Բերեժնայա | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Բնօրինակ անուն՝ | ռուս.՝ Елена Викторовна Бережная |
Մասնագիտացում՝ | գեղասահորդուհի, քաղաքական գործիչ և Պետական Դումայի անդամ |
Երկիր՝ | Ռուսաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | հոկտեմբերի 11, 1977 (46 տարեկան) |
Ծննդավայր՝ | Նևիննոմիսկ, Ստավրոպոլի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մարզիչ(ներ)՝ | Թամարա Մոսկվինա |
Հասակ՝ | 154 սմ |
Ելենա Վիկտորովնա Բերեժնայա (ռուս.՝ Елена Викторовна Бережная, հոկտեմբերի 11, 1977, Նևիննոմիսկ, Ստավրոպոլի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս գեղասահորդուհի (զույգով), Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ (2000 թ.), Օլիմպիական խաղերի չեմպիոն (2002 թ.)։ 2016 թվականի մայիսի 11-ին ստացել է Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի պատգամավորական մանդատ Միասնական Ռուսաստան կուսակցության Ստավրոպոլի մարզային խմբի կողմից։
Ելենա Բերեժնայան ծնվել է 1977 թվականի հոկտեմբերի 11-ին Նևիննոմիսկում։ 1993 թվականից ելույթ է ունեցել Օլեգ Շլյախովի հետ Լատվիայի դրոշի ներքո։ 1996 թվականին պտույտի կատարման փորձի ժամանակ զուգընկերը չմուշկով խփել է Ելենա Բերեժնայայի գլխին. կոտրվել է մարզուհու քունքոսկրը, բեկորները վնասել են ուղեղի կեղևը։ Ելենա Բերեժնայան երկու անգամ վիրահատվել է, ինչից հետո նորից սովորել է ոչ միայն քայլել, այլև խոսել և կարդալ։ Նա նորից սահել է սովորել Անտոն Սիխարուլիձեի հետ, ով աջակցել է նրան հետվիրահատական ողջ ժամանակահատվածում[1][2]։
1996 թվականից Ելենա Բերեժնայան ելույթ է ունեցել Անտոն Սիխարուլիձեի հետ։ Մարզվել է Թամարա Մոսկվինայի մոտ և հանդես է եկել Սանկտ Պետերբուրգի «Դինամոյում»։
2002 թվականից մինչև 2006 թվականն Անտոն Սիխարուլիձեի հետ շրջագայել է ԱՄՆ-ում «Stars on Ice» շոուով։ Պայմանագրի ժամկետի ավարտից հետո երկուսն էլ վերադարձել են Սանկտ Պետերբուրգ։
2006 թվականին Ելենա Բերեժնայան մասնակցել է Ռուսաստանի Առաջին ալիքի «Աստղերը սառույցի վրա» հեռուստանախագծին, որտեղ ելույթ է ունեցել դերասան Ալեքսանդր Նոսիկի հետ։ 2008 թվականին մասնակցել է РТР հեռուստաալիքի «Աստղային սառույց» նախագծին, որտեղ նրա զույգը եղել է երգիչ Դիմա Բիլանը։
Երբ Անտոն Սիխարուլիձեն վերջնականապես վճռել է ավարտել ելույթները, Ելենա Բերեժնայան, մնալով առանց զույգի, փորձել է գեղասահքի մասնագիատական շոուներում ելույթ ունենալ առանձին[3]։
2009 թվականին մասնակցել է Առաջին ալիքի «Սառցե դարաշրջան» շոուի երրորդ եթերաշրջանին, որտեղ նրա զույգը եղել է Միխայիլ Գալուստյանը։ 2010 թվականին մասնակցել է Առաջին ալիքի «Սառույց և կրակ» շոուին Իգոր Ուգոլնիկովի հետ, իսկ 2011 թվականին՝ կանադական «Battle of the Blades» հեռուստաշոուին հոկեյիստ Կյորտիս Լեշիշինի հետ[4]։
2007-2011 թվականներին Ելենա Բերեժնայան եղել է Ստավրոպոլի երկրամասի դումայի պատգամավոր «Արդար Ռուսաստան» կուսակցության կողմից մշտական հիմունքներով, նախագահել է Դումայի ֆիզկուլտուրայի, սպորտի ու երիտասարդության հարցերի հանձնաժողովը[5]։
2012-2016 թվականներին Ելենա Բերեժնայան եղել է Սանկտ Պետերբուրգի Սառցային պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարը։
2016 թվականի մայիսի 11-ին Ելենա Բերեժնայան ստացել է Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի պատգամավորի մանդատ Ստավրոպոլի մարզային խմբի կողմից, որտեղ 2011 թվականի ընտրությունների ժամանակ եղել է վերջին՝ իններորդ համարը «Միասնական Ռուսաստան» կուսակցության ցուցակում։ Մանդատը նա ստացել է այն բանից հետո, երբ իր պատգամավորական մանդատից հրաժարվել է Յուրի Էմը[6]։
2007 թվականի Հոկտեմբերի 7-ին Ելենա Բերեժնայան անգլիացի գեղասահորդ Ստիվեն Կազինսից որդի է ունեցել, որին կոչել են Տրիստան[7]։
2009 թվականի հունիսի 21-ին ծնվել է նրանց դուստրը՝ Սոֆյա-Դիանան[8][9]։
2012 թվականին զույգը բաժանվել է։
(Ա. Սիխարուլիձեի հետ)
Մրցաշար | 1996-1997 | 1997-1998 | 1998-1999 | 1999-2000 | 2000-2001 | 2001-2002 |
---|---|---|---|---|---|---|
Ձմեռային օլիմպիական խաղեր | 2 | 1 | ||||
Աշխարհի առաջնություններ | 9 | 1 | 1 | 2 | ||
Եվրոպայի առաջնություններ | 3 | 1 | WD | DQ | 1 | |
Ռուսաստանի առաջնություններ | 2 | 2 | 1 | 1 | 1 | 1 |
Գրան պրիի եզրափակիչներ | 1 | 2 | 3 | 2 | 2 | |
Skate America | 1 | 3 | ||||
Skate Canada International | 1 | 3 | 2 | |||
Nations Cup | 2 | |||||
Trophee Lalique | 3 | 1 | 1 | 1 | ||
Cup of Russia | 5 | 1 | 1 | 1 | ||
NHK Trophy | 1 |
WD = հանվել են մրցույթից, DQ = որակազրկվել են խթանիչի պատճառով
(Օ. Շլյախովի հետ)
Մրցաշար/Մրցաշրջան | 1992-1993 | 1993-1994 | 1994-1995 | 1995-1996 |
---|---|---|---|---|
Ձմեռային օլիմպիական խաղեր | 8 | |||
Աշխարհի առաջնություններ | 14 | 7 | 7 | |
Եվրոպայի առաջնություններ | 8 | 8 | 5 | |
Skate America | 4 | 3 | ||
Skate Canada International | 4 | 2 | ||
Nations Cup | 3 | |||
Trophee Lalique | 2 | 1 | ||
NHK Trophy | 4 | |||
Nebelhorn Trophy | 2 | |||
Piruetten | 4 | |||
Skate Israel | 2 | |||
Բարի կամքի խաղեր | 4 |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ելենա Բերեժնայա» հոդվածին։ |
|