Ելենա Յուրկովսկայա | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում՝ | բիաթլոնիստ և վոլեյբոլիստուհի |
Երկիր՝ | Ուկրաինա |
Ծննդյան ամսաթիվ՝ | սեպտեմբերի 27, 1983 (41 տարեկան) |
Ծննդավայր՝ | Կոլոմիա, Իվանո-Ֆրանկովսկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Ելենա Յուրևնա Յուրկովսկայա (ուկրաիներեն՝ Юрковська Олена Юріївна, սեպտեմբերի 27, 1983, Կոլոմիա, Իվանո-Ֆրանկովսկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի մարզիկ, Պարալիմպիկ խաղերի բազմակի չեմպիոն, Ուկրաինայի հերոս[1]։
Ելենա Յուրկովսկայան ծնվել է 1983 թվականի սեպտեմբերի 27-ին, Ուկրաինական ԽՍՀ-ի Իվանո-Ֆրանկովսկի մարզի Կոլոմիա քաղաքում։
Երեք տարեկանում լուրջ հիվանդությունից հետո կորցրել է երկու ոտքը։ Ելենայի ծնողները տեղափոխվեցին Կիևի շրջանի Մակարով գյուղ, որտեղ 1998 թվականից աղջիկը սկսել է վոլեյբոլ և սեղանի թենիս խաղալ։ Այժմ նա ապրում է Վիշնևոյում։
2000 թվականից զբաղվում է ձմեռային մարզաձևերով` բիաթլոնով և դահուկավազքով։ 2002 թվականին առաջին անգամ հանդես է եկել Սոլթ Լեյք Սիթիի ձմեռային պարալիմպիկ խաղերում, որտեղ նվաճել է արծաթե և երեք բրոնզե մեդալ։ Մարզվում է Վալերի Նիկոլաևիչ Կազակովի (դահուկավազք) և Վասիլի Պետրովիչ Մուկշինի (բիաթլոն) մոտ։
2006 թվականի ապրիլի 3-ին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոյի թիվ 287/2006 հրամանագրով ձմեռային պարալիմպիկ խաղերում բացառիկ սպորտային նվաճումների, ցուցաբերած քաջության, նվիրվածության, հաղթանակի և Ուկրաինայի սպորտային հեղինակությունը աշխարհում բարձրացնելու համար բիաթլոնի և դահուկավազքի պարալիմպիկ խաղերի բազմակի չեմպիոն և մրցանակակիր, 2006 թվականի Թուրինի ձմեռային պարալիմպիկ խաղերի լավագույն մարզիկ Ելենա Յուրևնա Յուրկովսկայային շնորհվել է Ուկրաինայի հերոսի կոչում, և նա պարգևատրվել է «Ոսկե աստղ» շքանշանով[2][3]։
Նույն օրը, դահուկավազքի և բիաթլոնի Ուկրաինայի թիմի ավագ մարզիչ Վալերի Կազակովին շնորհվել է պատվավոր կոչում` «Ուկրաինայի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ»։ Նույն թվականին Յուրկովսկայան արժանացել է «Sports Star Awords» մրցանակի, որը հանձնվում է միջազգային օլիմպիական կոմիտեի հովանու ներքո։ Յուրկովսկայային առաջադրել էր «Eurospora» սպորտային հեռուստաալիքը։ 2006 թվականին արժանացել է «Երրորդ հազարամյակի կին» Ուկրաինայի մրցանակին։ Նույն թվականին «2006 թվականի սպորտային տարվա հերոսները» միջոցառման ժամանակ պարգևատրվել է «ուժեղ ոգի» անվանակարգում։ 2010 թվականին արժանացել է «Երկրի հպարտություն» կոչմանը։