Եկատերինա Մեծ | |
---|---|
![]() | |
Ստեղծման թնական | 1914 |
Պատվիրատու | Նիկոլայ II |
Ներկա սեփականատեր | |
Սեփականատեր | Մարիա Ֆյոդորովնա, Marjorie Merriweather Post? և Hillwood Museum & Gardens? |
Հավաքածու | Hillwood Estate, Museum & Gardens? |
Դիզայն և նյութեր | |
Նյութեր | ոսկի, ալմաստ, արծնապակի, մարգարիտ և թավիշ |
Բարձրություն | 121 միլիմետր |
Լայնություն | 89 միլիմետր |
Ֆաբերժեի ձվեր |
«Եկատերինա Մեծ» (ռուս.՝ Екатерина Великая), ոսկերչական ձու, որը դարձավ Ֆաբերժեի 52 զատկական ձվերից մեկը՝ պատրաստված Կարլ Ֆաբերժեի ընկերությունում[1] Ռուսաստանի կայսերական ընտանիքի համար։ Այն ստեղծվել է 1914 թվականին[2] Նիկոլայ II կայսեր պատվերով։ Ոսկերչական ձուն Նիկոլայը Զատկի տոնին նվիրել է մորը՝ այրիացած կայսրուհի Մարիա Ֆեոդորովնային[3]։
Այսօր «Եկատերինա Մեծ» կայսերական ոսկերչական ձուն պահպանվում և ցուցադրվում է Հիլվուդի թանգարանում[4] (Վաշինգտոն, ԱՄՆ)։
«Եկատերինա Մեծ» ոսկերչական ձուն պատրաստված է ոսկուց[5]՝ Լյուդովիկոս XVI-ի ոճով[6]։ Պատված է վարդագույն և անթափանց սպիտակ էմալով։ Քանդակադրոշմի մեթոդով ոսկյա զարդանախշեր են ագուցված ձվին։ Կողային հատվածներին Ֆրանսուա Բուշեի[4] մանրանկարներ են արված՝ արվեստի և գիտության տեսարաններով. դրանք նկարել է Վասիլի Զուևը[5]։ Նկարները թվով ութն են և շրջապատված են մարգարիտներով[7]։ Թվի վրա ընդհանուր առմամբ օգտագործվել է 937 ադամանդ և 500 մարգարիտ։ Ձվի գագաթները պսակված են հարթ ադամանդներով, որոնց տակ տեղադրված են կայսրուհու միացագիրն ու ստեղծման տարեթիվը՝ «1914»[6]: Ձվի տակդիրը պատրաստված է ոսկուց, ընդ որում 4 գույնի։
Մարիա Ֆեոդորովնան քրոջը՝ Ալեքսանդրա Դանիացուն գրված նամակում հայտնում է, որ «Եկատերինա Մեծ» կայսերական ոսկերչական ձվի անակնկալը Եկատերինա Մեծի գահավորակի մեխանիկական մանրակերտն է, որը տեղափոխում են երկու սևամորթ սպասավոր[2]։
Գահավորակի պատուհանները լեռնային բյուրեղապակուց են[1]։ Դրանց մեջից կարելի է տեսնել Եկատերինայի մանրակերտը։ Թագուհու վրա կնգումի մորթուց պատմուճան է։ Գահավորակը ոսկուց քանդակադրոշմներով է պատված։ Սևամորթ սպասավորները վառ հանդերձանքով են ստեղծված։ Անակնկալը մեխանիկական է, երբ լարում են այն, խափշիկները դանդաղ քայլում են, իսկ գահավորակը շարժվում է անիվների վրա[8]։
Նիկոլայ II կայսրը «Եկատերինա Մեծ» կայսերական ոսկերչական ձուն նվիրել է մորը՝ Մարիա Ֆեոդորովնային՝ 1914 թվականին՝ Զատկի տոնին[3]։
1917 թվականի Ռուսական հեղափոխության ժամանակ հեղափոխականները հափշտակեցին կայսերական ձվերի հավաքածուն և ուղարկեցին Կրեմլի զինապալատ։
1927 թվականին ձուն վաճառում են Արմանդ Համմերին, որը տեղափոխում է այն Նյու Յորք[8]։ 1931 թվականին ձուն գնում է Էլեոնոր Բարզինը։ 1973 թվականին «Եկատերինա Մեծ» ոսկերչական ձուն նվիրում են Հիլվուդի թանգարանին[4], ուր ցայսօր էլ մշտական ցուցադրության է ներկայացված[6]։
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Եկատերինա Մեծ (Ֆաբերժեի ձու) կատեգորիայում։ |