Եկատերինա Պեշկովա ռուս.՝ Екатерина Пешкова | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 26, 1876 |
Ծննդավայր | Սումի, Խարկովի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մարտի 26, 1965 (88 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | իրավապաշտպան և հեղափոխական |
Ամուսին | Մաքսիմ Գորկի |
Կուսակցություն | Սոցիալ-հեղափոխական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Մաքսիմ Պեշկով |
Yekaterina Peshkova Վիքիպահեստում |
Եկատերինա Պավլովնա Պեշկովա (ծննդյամբ` Վոլժինա, հուլիսի 26, 1876, Սումի, Խարկովի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 26, 1965, Մոսկվա, ԽՍՀՄ[1]), ռուս և խորհրդային հասարակական գործիչ, իրավապաշտպան։
Մաքսիմ Գորկու առաջին և միակ պաշտոնական կինը։
Այլոց տառապանքներով ու վշտերով ես լի, Եվ ոչ մեկի վշտի նկատմամբ անտարբեր չես դու, Միայն քո հանդեպ ես դու միշտ անողոք...
Եկատերինա Պեշկովան ծնվել է 1876 թվականի հուլիսի 14 (26)-ին Սումի քաղաքում, ազնվականների ընտանիքում։ Հայտնի են նրա ծննդյան տարեթվի երեք տարբերակներ։ Գիմնազիան ավարտել է Սամարայում (1895)։ 1895 թվականին «Սամարյան թերթում» աշխատել է որպես սրբագրիչ, որի խմբագրությունում ծանոթացել է Ալեքսեյ Պեշկովի (Գորկու) հետ[2]։ 1896 թվականի օգոստոսի 30-ին նրանք ամուսնացանել են, 1897 թվականին ծնվել է նրանց որդին՝ Մաքսիմը, 1901 թվականին՝ դուստրը, Կատյան։ 1902-1903 թվականներին ընտանիքը բնակվում էր Նիժնի Նովգորոդում (այժմ` Ա. Մ. Գորկու տուն-թանգարան)։ Նրանք ամուսնալուծվեցին փոխադարձ համաձայնությամբ։ Հնգամյա դուստրը՝ Կատյան, մահացավ 1906 թվականի ամռանը, մենինգիտից, երբ Գորկին և Մարիա Անդրեևան գտնվում էին ԱՄՆ-ում, որտեղից Ալեքսեյ Մաքսիմովիչը մխիթարական նամակ գրեց կնոջը՝ խնդրելով հոգ տանել միակ որդու մասին[3][4]։ Սակայն նրանք «ողջ կյանքի ընթացքում առանձնահատուկ հարաբերություններ էին պահպանում», նշում է նրանց թոռնուհի Մարֆան[5]։ Ըստ հրապարակված տվյալների՝ ամուսնալուծությունը այդպես էլ պաշտոնապես չի գրանցվել, ինչն էլ մասամբ բացատրում է այն փաստը, որ Գորկին այլևս գրանցված ամուսնության մեջ չի եղել[2]։
1907-1914 թվականներին որդու՝ Մաքսիմի հետ բնակվել է արտասահմանում, հիմնականում՝ Փարիզում։ Սորբոնում հաճախել է ֆրանսերեն լեզվի դասընթացների և սոցիալական գիտությունների դասախոսությունների, աշխատել է Վերա Ֆինգերի կողմից կազմակերպված տաժանակրության և աքսորի Խմբակում։ Առաջին համաշխարհային պատերազմը սկսվելուց հետո Իտալիայից վերադարձել է Ռուսաստան։
Համարվելով Էսէռների կուսակցության նշանավոր և ազդեցիկ գործիչներից (անդամ էր 1905 թվականից[6])՝ կուսակցության պարտությունից հետո պահպանել է նրա արխիվը մինչև Ձերժինսկու կողմից դրա բռնագրավումը։ 1917 թվականին եղել է Սոցիալիստ հեղափոխականների կուսակցության Կենտկոմի անդամ։ 1913-1914 թվականներին աշխատել է Կարմիր խաչի վիրավորների օգնության կազմակերպությունում, աշխատել է Կարմիր խաչի Քաղաքական կազմակերպությունում (կրճ.` Քաղօգնություն), ղեկավարե է Պատերազմի զոհերի օգնության ընկերության մանկական հանձնաժողովը, կազմակերպել կամավորական ջոկատ ռազմաճակատի գծից այն կողմ մնացած երեխաների հայտնաբերման նպատակով։
1917 թվականից դարձել է վերստեղծված Քաղաքական կարմիր խաչի բյուրոյի ղեկավար, որը ստացել էր Քաղբանտարկյալների օգնության Կարմիր Խաչի մոսկովյան ընկերություն անվանումը։ Հետագայում դարձել է այդ կազմակերպության փոխնախագահ, աշխատել Միխայիլ Վինավերի հետ։
1919 թվականից պաշտոնապես զբաղվում էր Յուզեֆ Պիլսուդսկու լեհական բանակի լեգիոներների որոնման և հայրենիք վերադարձման գործով, 1920 թվականից համատեղությամբ եղել է լեհական Կարմիր Խաչի ներկայացուցիչը, օգնել է Խորհրդային Միության և Լեհաստանի տարածքում գտնվող ռուս և լեհ ռազմագերիներին վերադառնալու հայրենիք։
1922 թվականից ղեկավարել է Քաղաքական բանտարկյալների օգնության ԽՍՀՄ-ում միակ իրավապաշտպան կազմակերպությունը, որը գոյատևել է մինչև 1937 թվականը[4]։ 1941 թվականին տարհանման է ենթարկվել Տաշքենդ։ Կյանքի վերջին տարիներին եղել է Ա. Մ. Գորկու անվան Համաշխարհային գրականության ինստիտուտի արխիվի խորհրդատուն։
Մահացել է 1965 թվականին Կրեմլի հիվանդանոցում։ Թաղված է Նովոդևիչի վանքի գերեզմանատանը։
ՌԴ Պետական արխիվում գործում է ֆոնդ, որը կոչվում է «Պոմպոլիտ։ Եկատերինա Պավլովնա Պեշկովա»[7]։ Ֆոնդում պահվում են մեծ քանակությամբ փաստաթղթեր (ավելի քան հազար գործ, որոնք պարունակում են նամակներ, հիմնականում գրագրություններ, որ ստացել է Պեշկովան, իրենց քաղաքական հայացքների համար տուժած քաղաքացիներից )։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եկատերինա Պեշկովա» հոդվածին։ |
|