Եղջերաթաղանթի կոլագենի քրոսլինկինգ | |
---|---|
![]() | |
Տեսակ | eye surgery? |
Ենթադաս | թերապիա |
MeSH | D000094504 |
Եղջերաթաղանթի կոլագենի քրոսլինկինգ (խաչաձև կարում), ուլտրամանուշակագույն ճառագայթման և ռիբոֆլավինի (վիտամին B2) կիրառմամբ իրականացվող վիրաբուժական միջամտություն, որը կատարվում է կերատոկոնուսի, եղջերաթաղանթի փայլուն թաղանթի եզրային դեգեներացիայի և LASIK-ից հետո՝ եղջերաթաղանթի լայնացման դեպքում։
Այն կատարվում է եղջերաթաղանթն ամրացնելու նպատակով։ Ըստ 2015 թվականի Կոկրանովյան վերանայման, չկան բավարար տվյալներ, որպեսզի որոշենք արդյունավետ է այն կերատոկոնուսի բուժման դեպքում, թե՝ ոչ[1]։ 2016 թվականին, ԱՄՆ-ի սննդի և դեղամիջոցների ադմինիստրացիան (FDA), 3 տարի շարունակվող կլինիկական փորձարկումների հիման վրա հաստատեց ռիբոֆլավինի աչքի համար նախատեսված լուծույթի կիրառումը խաչաձև կարման ժամանակ[2]։
Ըստ 2015 թվականի Կոկրանովյան վերանայման՝ եղջերաթաղանթի խաչաձև կարման մասին եղած տվյալները բավարար չեն, որպեսզի որոշվի նրա արդյունավետությունը կերատոկոնուսի բուժման ժամանակ[1]։
Այն դեպքերում, երբ կերատոկոնուսը գնալով խորանում է՝ կարելի է կատարել եղջերաթաղանթի կոլագենի քրոսլինկինգ։ Հետվիրահատական հիմնական կողմնակի ազդեցություններն են՝ եղջերաթաղանթի պղտորումը, կետային կերատիտը, եղջերաթաղանթի բծերը, եղջերաթաղանթի էպիթելյալ դեֆեկտն ու աչքերի ցավը։ Երբ քրոսլինկինգը կիրառվում է LASIK-ից հետո առաջացած լայնացումը շտկելու նպատակով, ապա հիմնական կոմնակի ազդեցությունները ներառում են՝ եղջերաթաղանթի պղտորում, եղջերաթաղանթի էպիթելյալ դեֆեկտ, եղջերաթաղանթի բծեր, աչքերի չորություն, ցավ աչքերում, կետային կերատիտ և լուսազգայունություն[3]։
Չեն անցկացվել երկարաժամկետ հետազոտություններ, որոնք ցույց կտային խաչաձև կարման ազդեցությունը հղիության և լակտացիայի վրա։ Արտադրողի խոսքերով, հղիության ընթացքում խորհուրդ չի տրվում կատարել խաչաձև կարում[3]։
Միջամտությունից հետո առաջին հինգ օրը հիվադները չպետք է տրորեն իրենց աչքերը[3]։
Եղջերաթաղանթի խաչաձև կարումը ներառում է․ աչքին ռիբոֆլավինի լուծույթի կաթեցում, որը հետագայում ակտիվանում է ՈւՄ ճառագայթման արդյունքում՝ 30 րոպե կամ ավելի քիչ անց։ Ռիբոֆլավինը նպաստում է եղջերաթաղանթի հենքային շերտի հարևան կոլագենային թելերի միջև նոր կապերի առաջացմանը, եղջերաթաղանթի մեխանիկական ամրության վերականգնմանն ու ամրապնդմանը։ Եղջերաթաղանթի էպիթելյալ շերտը սովորաբար հեռացվում է, որպեսզի մեծացվի ռիբոֆլավինի լուծույթի թափանցման հնարավորությունը դեպի ստրոմա (հենք)․ միջամտությունը հայտնի է որպես Դրեզդենյան ուղեցույց[5]։
Մինչ քրոսլինկինգ իրականացնելը՝ մարդիկ պետք է ենթարկվեն որոշակի գործիքային հետազոտությունների․ եղջերաթաղանթի տոմոգրաֆիա, համակարգչային կերատոտոպոգրաֆիա, էնդոթելյալ մանրադիտում, պախիմետրիա (աչքի եղջերաթաղանթի ուլտրաձայն), b-scan ուլտրաձայն, կերատոմետրիա և բիոմիկրոսկոպիա։
Այս մեթոդն առաջին անգամ մշակվել է 1997 թվականին Գերմանիայում՝ Դրեզդենի տեխնիկական համալսարանում, Էբերհարդ Շպոերլի և իր աշխատակիցների կողմից[6][7]։
Գերմանիայում, կերատոկոնուսով հիվանդների մոտ եղջերաթաղանթի կոլագենային կարումը սկսվել է օգտագործվել 1998 թվականից[6], իսկ Իտալիայում՝ ռուտին միջամտությունները հաջողությամբ սկսել են կիրառվել 2005 թվականից[8]։ Եղջերաթաղանթի կոլագենի քրոսլինկինգի դեպքում էպիթելի հեռացման ստանդարտ ուղեցույցն ընդունված է ողջ Եվրոպայի կողմից։
ԱՄՆ-ում կլինիկական փորձարկումներն իրականացվում են սկսած 2008 թվականից։ Հիմք ընդունելով երեք տարի տևող փորձարկումները՝ ԱՄՆ-ի սննդի և դեղամիջոցների ադմինիստրացիան (FDA) 2016 թվականի ապրիլի 18-ին հաստատեց ռիբոֆլավինի լուծույթի և KXL Avedro համակարգի կիրառումը խաչաձև կարման ժամանակ, որպես պրոգրեսիվող կերատոկոնուսի բուժում, իսկ 2016 թվականի հուլիսի 19-ին՝ ռեֆրակցիան շտկող վիրահատական միջամտությունից հետո եղջերաթաղանթի լայնացման բուժում․ FDA-ի կողմից այն հաստատվել է որպես կերատոկոնուսի և եղջերաթաղանթի լայնացման հիմնական բուժում[2][9]։
Եղջերաթաղանթի կոլագենի խաչաձև կարման անվտանգությունն ու արդյունավետությունն ապացուցող հետազոտությունները շարունակվում են[10]։
Տրանսէպիթելյալ կամ էպիթելյալ խաչաձև կարման մեթոդն առաջին անգամ կիրառվել է ԱՄՆ-ում 2004 թվականին[11] և եղջերաթաղանթի էպիթելյալ շերտը մնացել է ինտակտ[12]։ Քանի որ այս մեթոդի ժամանակ էպիթելը չի հեռացվում՝ ռիբոֆլավինի ազդեցության համար պահանջվում է ավելի երկար ժամանակ, քան հեռացնելու դեպքում, հետևաբար այն ավելի քիչ արդյունավետ է պրոգրեսիվող կերատոկոնուսի դեպքում․ այս դեպքում նախընտրելի է կատարել էպիթելի հեռացում[13]։
Խաչաձև կարման ժամանակ հնարավոր է կիրառել կոնտակտային ոսպնյակներ այն մարդկանց շրջանում, որոնց մոտ էպիթելի հեռացումից հետո եղջերաթաղանթի ստրոմայի հաստությունը կազմում է 350-400 մկմ։ Այս մեթոդի ժամանակ եղջերաթաղանթը նախօրոք պատվում է ռիբոֆլավինային թաղանթով, ինչպես նաև օգտագործվում է փափուկ կոնտակտային ոսպնյակ՝ նախօրոք ներծծված ռիբոֆլավինով և առանց ՈւՄ ճառագայթման և կոնտակտային ոսպնյակ՝ ռիբոֆլավինային թաղանթով պատված, որպեսզի ՈւՄ ճառագայթումն էնդոթելի մակարդակով լինի հնարավորինս անվտանգ[14][15]։
Խաչաձև կարումը վերահսկվում է աչքի տոպոգրաֆիկ նկարահանմամբ, որի նպատակն է ակնագնդերի շարժումներին ակտիվ հետևելը, որպեսզի հնարավոր լինի ապահովել ճառագայթի ուղղոդված շարժում։ Սարքը ծրագրավորված է այնպես, որ աչքի տոպոգրաֆիայի հիման վրա որոշում է ՈւՄ ճառագայթման ուժն ու ալիքի կառուցվածքը[16]։
Արագացված խաչաձև կարումը հնարավորություն կտար փոքրացնելու խաչաձև կարման տևողությունը՝ էներգիայի մեծացման հաշվին, ի տարբերություն ստանդարտ բուժման մեթոդի, որը տևում է 30 րոպե՝ 3 մՎտ ճառագայթմամբ[16]։
{{cite journal}}
: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
{{cite journal}}
: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել corneal collagen crosslinking կատեգորիայում։ |