Ենթացանքային մշակաբույսեր, գարնանը որևէ հիմնական բույսի (ծածկոցի) հետ նույն տեղամասում միաժամանակ կամ ավելի ուշ ցանվող բույսեր։ Ենթացանքային մշակաբույսերը պետք է լինեն ստվերադիմացկուն, դանդաղ աճեն վեգետացիայի շրջանի առաջին կեսում և չվատացնեն հիմնական բույսի աճի պայմանները։ Ենթացանքային մշակաբույսերը լինում են բազմամյա (առվույտ, կորնգան, երեքնուկ) և միամյա (սերադելա, լուպին, միամյա ռայգրաս, սուդանի խոտ, շաղգամ, գոնգեղ)։ Ենթացանքային մշակաբույսերի բերքատվությունը կախված է ծածկոցային մշակաբույսերի ճիշտ ընտրությունից։ Ծածկոցային մշակաբույսերը (աշնանացան և գարնանացան ցորեն, գարի, աշորա) պետք է ունենան համեմատաբար կարճ ցողուններ, թույլ թփակալում, չպառկեն։ Ծածկոցային մշակաբույսերի բերքահավաքից հետո անհրաժեշտ է ծղոտը դաշտից անմիջապես հեռացնել, դաշտը ջրել։ Ենթացանքային մշակաբույսերի ցանքն առավելապես կատարվում է բավարար խոնավություն ունեցող և ոռոգվող գոտիներում, որտեղ հետբերքահավաքի շրջանը երկարատև է ու տաք։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 516)։ |