Եռափեղկ փականի անբավարարություն | |
---|---|
![]() Եռափեղկ փականի ծանր անբավարարության էխոկարդիոգրաֆիկ պատկեր | |
Տեսակ | հիվանդության կարգ |
Պատճառ | Բարձր զարկերակային ճնշում, այլ սրտային խնդիրներ[1] |
Հիվանդության ախտանշաններ | Սրտային անբավարարություն[2] |
Բժշկական մասնագիտություն | Սրտաբանություն |
ՀՄԴ-9 | 397.0 |
ՀՄԴ-10 | I07.1 և I36.1 |
Հոմանիշներ | Եռափեղկ անբավարարություն, եռափեղկ ռեգուրգիտացիա, տրիկուսպիդ հետհոսք |
Ախտորոշում | Էխոկարդիոգրաֆիա[1] |
Բուժում | Միզամուղներ, վիրահատություն[1] |
![]() |
Եռափեղկ փականի անբավարարություն, կոչվում է նաև տրիկուսպիդալ անբավարարություն, սրտի փականային հիվանդության տեսակ է, որի դեպքում աջ նախասրտի և աջ փորոքի միջև տեղակայված փականը չի կարողանում ամբողջությամբ փակվել սիստոլայի ընթացքում։ Այդ դեպքում արյունը հետ է հոսում աջ փորոքից դեպի աջ նախասիրտ, ինչի արդյունքում աջ նախասրտում և աջ փորոքում ճնշումը մեծանում է[1]։ Արդյունքում մեծանում է կենտրոնական երակային ճնշումը։
Եռափեղկ փականի անբավարարության պատճառները բաժանվում են երկու խմբի՝ ժառանգական և ձեռքբերովի։ Եռափեղկ փականի առաջնային անբավարարությունը առաջանում է, երբ եռափեղկ փականը ախտահարվում է ինֆեկցիոն էնդոկարդիտի դեպքում։ Երկրորդային ախտահարումը առաջանում է այլ հիվանդության արդյունքում, օրինակ՝ ձախ փորոքային անբավարարություն կամ թոքային հիպերտենզիա։
Եռափեղկ փականի անբավարարության պատճառն է փականի հիմքի լայնացումը աջ փորոքի լայնացման ժամանակ, որի դեպքում փականի թերթիկները իրարից հեռանում են։ Անբավարարություն զարգանում է նաև փականների ախտահարման ժամանակ[3]։
Եռափեղկ փականի անբավարարության ախտանիշները կախված են անբավարարության ծանրությունից։ Ծանր անբավարարությունը առաջացնում է աջ սրտի անբավարարություն, ինչի արդյունքում կարող է զարգանալ ասցիտ և ծայրամասային այտուցներ[3]։
Աուսկուլտացիայով կարող է լսվել պանսիստոլիկ աղմուկ։ Աղմուկը ցածր հաճախականության է և ամենալավը լսվում է կրծոսկրի ստորին ձախ սահմանին։ Այն ուժեղանում է ներշնչման ժամանակ և թուլանում է արտաշնչման ժամանակ։ Այդ փոփոխությունը հայտնի է որպես Կարվալլոյի նշան։ Այնուամենայնիվ, աղմուկները կարող են չլսվել՝ սրտի աջ կողմում ցածր ճնշումների պատճառով։ Լսվում է սրտի երրորդ տոնը՝ ստորին կրծոսկրային սահմանին։ Այդ տոնը ուժեղանում է ներշնչման ժամանակ[4][5]։
Պարանոցի հետազոտման ժամանակ հայտնաբերվում են գիգանտ C-V ալիքներ՝ լծային անոթազարկում[6]։ Ծանր անբավարարության ժամանակ հայտնաբերվում է մեծացած լյարդ՝ որովայնի վերին աջ քառանկյունում։ Շոշափման ժամանակ կարելի է հայտնաբերել լյարդի պոիւլսացիան։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եռափեղկ փականի անբավարարություն» հոդվածին։ |
|