Երիտասարդական ակտիվիզմ, 15-24 տարեկան անձանց մասնակցությունը համայնքային կազմակերպմանը, որն իրականացվում է սոցիալական փոփոխությունների նպատակով[1]: Երիտասարդական ակտիվիզմը հանգեցրել է քաղաքական մասնակցության և ակտիվիզմի փոփոխության: Երիտասարդական ակտիվիզմի մեջ նկատելի փոփոխությունը «այլընտրանքային ակտիվիզմի» վերելքն է, որի արդյունքում շեշտը դրվում է երիտասարդ ակտիվիստների կենսափորձի և նրանց միջև առկա կապերի վրա[2]: Երիտասարդ ակտիվիստները գլխավոր դերեր են ստանձնել բազմաթիվ խնդիրների շուրջ հասարակական բողոքի և շահերի պաշտպանության հարցերում, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը, աբորտի իրավունքը և հրազենի կիրառմամբ բռնությունը[3]:
Ի տարբերություն նախկինում իրականացվող բողոքի ցույցերի կամ շահերի պաշտպանության մեթոդներին՝ տեխնոլոգիաները դարձել են ժամանակակից բազմաթիվ երիտասարդական շարժումների հիմքը[4]: Մի շարք ուսումնասիրություններ ցույց են տվել, որ ինտերնետի օգտագործումը և ինֆորմացիայի առցանց որոնումը դրական ազդեցություն են ունենում քաղաքական ներգրավվածության վրա[5]: 21-րդ դարի երիտասարդ ակտիվիստների նորագույն գործիքները դարձել են այնպիսի հայտնի հավելվածները, ինչպիսիք են «X»-ը, «Instagram»-ը և «YouTube»-ը: Տեխնոլոգիան և թվային մեդիայի օգտագործումն ամբողջ աշխարհում փոխել են ակտիվիստական գործողություններում երիտասարդների մասնակցության ձևը, ինչի պատճառով էլ երիտասարդներն ավելի ակտիվ են մեդիայում, քան ավագ սերունդները[6]:
Քաղաքականության մեջ երիտասարդների ներգրավվածությունը վերջին 10 տարիների ընթացքում աճել է: Այնուամենայնիվ, շատ երիտասարդներ մտահոգ և իրազեկ քաղաքացիներ են, որոնք իրենց համայնքներում կարող են զբաղվել փոփոխությունների իրականացմամբ և շահերի պաշտպանությամբ[7]: Չկա երիտասարդության հստակ սահմանում. այն կարող է ընդգրկել տարբեր տարիքային միջակայքեր՝ կախված մշակութային նորմերից: Բայց հաճախ մարդու կյանքում դա շատ հստակ փուլ է, որի վրա կարող են ազդել որոշակի խնդիրներ կամ քաղաքականություններ: Վերջիններս կարող են ներառել քաղաքականությունը, առողջապահական և սոցիալական խնդիրները[8]:
Սոցիալ-քաղաքական զարգացումը «հոգեբանական գործընթաց է, որն ընդգրկում է ճանաչողական գործառույթների, հմտությունների, վերաբերմունքի, աշխարհայացքի և հույզերի շրջանակը, որոնք աջակցում են սոցիալական և քաղաքական գործողություններին»[9]: Սոցիալ-քաղաքական զարգացման գործընթացը հետագայում սահմանվել է Ուոթսի և Ֆլանագանի կողմից՝ որպես այնպիսի գործընթաց, որն ազդում է երիտասարդների սոցիալական վերլուծության, աշխարհայացքի և ազատության զգացողության վրա՝ միաժամանակ նրանց տրամադրելով հասարակական գործունեության մեջ ներգրավվելու հնարավորություններ և աջակցություն[10]:
Սոցիալական ակտիվիզմն այսօր երիտասարդական ակտիվիզմի գերակշռող ձևն է, քանի որ ամբողջ աշխարհում միլիոնավոր երիտասարդներ մասնակցում են սոցիալական ակտիվիզմի գործողությունների, որոնք կազմակերպվում, իրազեկվում, ղեկավարվում և գնահատվում են մեծահասակների կողմից: Բազմաթիվ ջանքեր՝ ներառյալ կրթական բարեփոխումները, երեխաների իրավունքները և կառավարության բարեփոխումները, կոչ են անում երիտասարդներին մասնակցել այն ձևով, որը հաճախ կոչվում է երիտասարդության ձայն: Դրա օրինակն են երիտասարդական խորհուրդները[11]:
Երիտասարդական ակտիվիզմը պահանջում է, որ երիտասարդները լինեն մեծահասակների կողմից ղեկավարվող շարժման հիմնական շարժիչ ուժը: Այդպես է «Sierra Club»-ի դեպքում, որտեղ երիտասարդները խրախուսում են իրենց հասակակիցներին միանալ և ակտիվություն դրսևորել շրջակա միջավայրի պահպանության շարժման մեջ: Նմանապես, շատ կազմակերպություններ հիմնադրվել են անհատների կողմից, որոնք սկսել են իրենց ներգրավվածությունը երիտասարդ տարիքում և շարունակել մինչև չափահաս դառնալը։ Դրանց թվում են «SEAC»-ը՝ Շրջակա միջավայրի ուսանողական գործողությունների կոալիցիան և Երիտասարդների իրավունքների ազգային ասոցիացիան:
Երիտասարդության քաղաքական ակտիվիզմը կարող է աննկատ մնալ, քանի որ դա հաճախ տեղի է ունենում կրթական հաստատությունների տարածքներում և մեծահասակների աչքից հեռու, սակայն երիտասարդները հաճախ իրենց կրթական հաստատություններում բախվում են դիմադրության, երբ որոշում են ստեղծել երիտասարդական ակտիվիստական խմբեր[12]: Որպես հանրակրթական ուսումնական հաստատությունների հիմնական շահառուներ՝ երիտասարդները նաև կողմ են հանդես գալիս ուսանողակենտրոն փոփոխությունների իրականացմանը և կրթական բարեփոխումներին՝ ուսանողական ակտիվիզմի և ուսանողների բովանդակալից ներգրավման միջոցով[13]: Կան կառուցվածքային անհավասարություններ, որոնք երիտասարդներին թույլ չեն տալիս ներգրավվել քաղաքական քննարկումների մեջ և կրթական հաստատության տարածքում կամ հանրային վայրերում զբաղվել դրանով: Պաշտոնապես ճանաչվելու համար դպրոցական ակումբներին անհրաժեշտ է մեծահասակ խորհրդատու, որն ամրապնդում է մեծահասակների իշխանության հիերարխիկ կառուցվածքը դպրոցներում[12]: Մինչ որոշ երիտասարդներ մասնակցում են ուսանողական կամ աշակերտական ինքնակառավարմանը, մյուսները նախընտրում են ուսանողական միությունները, քանի որ դրանք իրական ձայն են տալիս ուսանողներին և ներկայացնում ուսանողների պահանջները կրթական հաստատության ղեկավարությանը։ Ուսանողական ինքնակառավարման մարմինները չունեն համալսարանական համակարգում իրական փոփոխություններ իրականացնելու ուժ[12]։
Սոցիալական մեդիան երիտասարդ ակտիվիստների համար դարձել է երկրի ողջ տարածքում ու նույնիսկ գլոբալ առումով իրենց անհամաձայնությունը տարածելու միջոց: Սոցիալական ցանցերի մեծ համակարգը, որը ներառում է «Twitter»-ը (ներկայումս՝ «X»), «Facebook»-ը, «Instagram»-ը և «Snapchat»-ը, հնարավորություն է ընձեռել աշխարհի երիտասարդներին՝ ձևավորելու ակտիվիզմի նոր դարաշրջան:
«Facebook»-ը երիտասարդ ակտիվիստների համար դարձել է ինֆորմացիա հավաքելու, իրադարձությունների և միջոցառումների մասին հեռարձակումներ հրապարակելու, ակտիվիստական խմբերում ներառվելու և այլ ակտիվիստների հետ կապի մեջ մնալու գործիք: «Facebook»-ում իրադարձություններ ստեղծելու հնարավորությունը երիտասարդ ակտիվիստներին թույլ է տվել կարճ ժամանակում հավաքվել կոնկրետ տեղանքում և հաղորդել միջոցառման հետ կապված ցանկացած փոփոխություն:
«X»-ը, որը նախկինում կոչվում էր «Twitter», դարձել է սոցիալական արդարության և քաղաքացիական իրավունքների հարցերի շուրջ ներգրավվելու և համախմբվելու կարևորագույն գործիքներից մեկը[14]: «Twitter»-ն առաջարկում է մի շարք հնարավորություններ, որոնք երիտասարդ ակտիվիստներն օգտագործում են իրենց այլակարծությունը տարածելու համար: Ինչպես շատ այլ հավելվածներ, «X»-ը ունի ուղիղ հեռարձակման հնարավորություն, որը հատկապես կարևոր է այնպիսի շարժումների ժամանակ, ինչպիսիք են Արաբական գարունը կամ «Գրավի՛ր» շարժումը[15]: Ուղիղ հեռարձակումը «X»-ի միակ հզոր գործիքը չէ: Հեշթեգները փոխել են առցանց երիտասարդական ակտիվիզմի ընդհանուր պատկերը: Ժամանակակից բազմաթիվ շարժումների պարագայում հենց հեշթեգն է, որ բազմաթիվ խմբերի հնարավորություն տվեց հայտնվել զանգվածային լրատվամիջոցներում: Օրինակ՝ 5 տարվա ընթացքում #BlackLivesMatter հեշթեգով միայն «X»-ում կիսվել են ավելի քան 30 միլիոն անգամ[16]։ Օգտագործելով հեշթեգների ազդեցությունը և համատարած օգտագործումը՝ այս երիտասարդ ակտիվիստները կարողացել են ավելի լայն քննարկում ծավալել ոստիկանական դաժանության և ամերիկյան համակարգերին բնորոշ ռասիզմի մասին: #BlackLivesMatter-ը միակ խոշոր շարժումը չէր, որը վերջին տարիներին փոթորկեց «X»-ը: 2017 թվականի հոկտեմբերին #Metoo շարժումը մեծ իրարանցում առաջացրեց «X»-ում, և միայն առաջին շաբաթվա ընթացքում այդ պատմությունները հայտնվեցին «X»-ի 6-ից 37 միլիոն օգտատերերի էկրաններին։ «X»-ի անանունության հնարավորությունը այս շարժման կանանց թույլ տվեց ավելի համարձակ լինել ու բռնությունների մասին իրենց անձնական պատմություններով կիսվել լայն հանրության հետ։ Այդ պատմություններն օգնեցին մեծ թափ հաղորդել շարժմանը[17]:
Թեև «X»-ը նպաստել է հեշթեգների միջոցով շարժումների առաջացմանը՝ «Facebook»-ի և «X»-ի նման հավելվածները քննադատության են ենթարկվել ակտիվիստների միջև թույլ կապեր ստեղծելու համար, ինչը հանգեցնում է օֆլայն ակտիվիզմի բացակայությանը[18]: Այս թույլ կապերի արդյունքը եղել է սլեքթիվիզմի ձևավորումը, որը հանդիսանում է ակտիվիզմի նոր անարդյունավետ ձև[19]: «Kony 2012» սոցիալական մեդիա արշավը սլեքթիվիզմի հայտնի օրինակ է: Այս արշավը սոցիալական ցանցերում գրավեց մեծ ուշադրություն՝ իր տեսանյութերի համար ապահովելով միլիոնավոր դիտումներ, սակայն շարժման անդամները չկարողացան օֆլայն ռեժիմում ստանալ նույն ծավալի աջակցություն[20]: Նույնիսկ մեկ տարի անց՝ «Kony in 2013»-ի հրապարակումը նույն արձագանքն ունեցավ: Սա սլեքթիվիզմի ընդամենը մեկ օրինակ է, որը կարող է առաջանալ այս հավելվածներից:
Վիդեո բլոգինգը դարձել է մարդկանց առցանց հաղորդակցման կարևոր մասը՝ հատկապես այնպիսի հավելվածներով, ինչպիսիք են «Instagram»-ը, «YouTube»-ը, «Snapchat»-ը և նույնիսկ «TikTok»-ը: Տեսանյութերի և լուսանկարների տարածման ազդեցիկ ուժը հատկապես կարելի է տեսնել «Instagram»-ում: «Instagram»-ը թույլ է տալիս ակտիվիստներին ուղիղ հեռարձակել իրենց բողոքի ակցիաները ամբողջ աշխարհում[21]։ Ուղիղ հեռարձակումները «Instagram»-ի միակ ուժեղ կողմը չեն: «Instagram»-ն իր օգտատերերի համար դարձել է սոցիալական կապիտալի ձեռքբերման և նույնիսկ իրենց առցանց գործունեությունից ապրուստ վաստակեու հավելված: «Ինֆլյուենսերների» առաջացումը մեծացրել է փոքրամասնությունների համայնքների ներկայացվածությունը և նրանց համար ստեղծել առցանց համայնքներ[22]: «Ինֆլյուենսեր» հասկացությունը միակ ձևը չէ, որով «Instagram»-ը, ձևավորել է քաղաքական դաշտը: «Instagram»-ը տվել է նաև հարթակ վիզուալներ տարածելու համար, որոնք հնարավորություն են տալիս մարդկանց այս հավելվածի միջոցով ձևավորել իրենց «քաղաքական ինքնությունը»[5]: Քաղաքական վիզուալներով կիսվելու այս հնարավորությունը շատ կարևոր է եղել 2014 թվականին Շոտլանդիայում անկախության հանրաքվեի և 2015 թվականի Մեծ Բրիտանիայում ընդհանուր ընտրությունների ժամանակ[5]: Ընդհանուր առմամբ, ինչպես շատ այլ հավելվածներ, «Instagram»-ը ապահովում է ողջ աշխարհից մեծաքանակ դիտումներ, որն էլ կարող է հանգեցնել ակտիվիզմի լայնածավալ դրսևորման[23]:
Վիդեո բլոգինգը կարող է օգտագործվել երիտասարդ ակտիվիստների կողմից՝ որպես գործիք իրենց հասակակիցներին և ընդհանուր լսարանին հասնելու, աջակցություն ստանալու, քննարկումներ սկսելու և նրանց համախմբելու համար: Երիտասարդ ակտիվիստներն օգտագործում են տեսանյութերը գաղափարներ և մտքեր արտահայտելու, ռեսուրսներ ու աջակիցներ գտնելու և իրենց աջակիցների նպատակներին ու խնդիրների լուծմանը հասնելու ուղղությամբ աշխատելու համար[24]:
Ակտիվիստների համար «YouTube»-ը դարձել է հզոր գործիք՝ իրենց գաղափարները լայնորեն տարածելու և ավելի մեծ լսարանի հասնելու համար: Այս հարթակը թույլ է տալիս հաղթահարել առցանց համայնքներում կղզիացած տեսակետների սահմանափակումները՝ նպաստելով տարբեր հարցերի ավելի բաց քննարկմանն ու խորը ըմբռնմանը[25]: «YouTube»-ը «վլոգերներին» հարթակ է տրամադրել ոչ միայն պատմել իրենց կյանքի մասին, այլև տնից անձնական (և քաղաքական) զրույցներ վարել մեծ լսարանի հետ[26]: Վլոգինգը երիտասարդական ակտիվիզմի տարածված գործիք է դարձել՝ հատկապես աչքի ընկնելով «Արաբական գարնան» ժամանակ: Արաբական գարնան սկզբին եգիպտացի Ասմա Մահֆուզը վլոգ հրապարակեց, որը մեծապես տարածվեց «YouTube»-ում։ Շատերը կարծում են, որ այս վլոգն այն գործոններից մեկն էր, որը 2011 թվականին օգնեց Եգիպտոսում հեղափոխություն իրականացնել[27]: Ինչպես Արաբական գարնան ժամանակ, 2011 թվականին տեսանյութերը (մասնավորապես՝ «YouTube»-ում) շատ կարևոր դեր խաղացին «Գրավի՛ր» շարժման ժամանակ[28]: «YouTube»-ի առկայությունը ցուցարարներին թույլ տվեց կիսվել ոստիկանների կողմից իրականացված բռնությունների մասին տեսանյութերով, նաև տարածել երաժշտական տեսահոլովակներ՝ համերաշխության և բարոյականության մթնոլորտ ապահովելու համար:
Անկախ մեդիա կենտրոնը, որը հայտնի է նաև որպես «Indymedia», վերջին նորամուծություններից մեկն է, որն օգնել է երիտասարդներին ներգրավվել հասարակական շարժումների մեջ: Այն նաև հանգեցրել է հանրության կողմից երիտասարդությանը՝ որպես քաղաքական դերակատարների ճանաչմանը[12]:
Գլոբալ հարավում երիտասարդական ակտիվիզմի դրսևորումներն աճել են 2010-ական թվականների սկզբին[29]: 18 տարեկանից ցածր մարդիկ կազմում են աշխարհի բնակչության 46%-ը, և այս երիտասարդությունը քսանմեկերորդ դարի առաջին երկու տասնամյակների ընթացքում վճռորոշ դեր է խաղացել ամբողջ աշխարհում[30]:
Քաղաքական ակտիվիզմի մեջ երիտասարդության ներգրավվածության դասական օրինակ են Սոուետոյի խռովությունները: Երբ ուսուցիչները սկսեցին դասավանդել աֆրիկաանս լեզվով, որն իրենց նկատմամբ բռնություն գործադրող ժողովրդի լեզուն էր, երեխաները դուրս եկան փողոց՝ խաղաղ ցույց իրականացնելու նպատակով: Բողոքի այդ ցույցերին ոստիկանության արձագանքը դաժան էր և 1976 թվականի հունիսի 16-ին առնվազն 25 մարդ սպանվեց: Բռնությունները շարունակվեցին և տարածվեցին ողջ երկրով մեկ: Տարվա վերջին զոհվել էր 575 մարդ և վիրավորվել՝ 2389-ը[7]:
Հնդկաստանում 1980-ական և 1990-ական թվականներին ծնված երիտասարդները կազմում են միջին խավի մի մասը, որը գնալով ավելի է բողոքում բռնաբարողների անպատժելիության և կառավարության կոռուպցիայի դեմ[31]:
Ինդոնեզիայում երիտասարդական ակտիվիզմն ունի տարբեր դրսևորումներ և ներառում է զանգվածային մի շարք բողոքի ակցիաներ, որոնք միտված են կառավարություններին տապալելու, իսկ նախկինում գաղութատիրական ուժերին հեռացնելուն: Ինդոնեզիայում երիտասարդական ակտիվիզմի հիմնական դրդապատճառները բնիկների իրավունքներն են, ազգային միասնությունը, կոմունիզմի կողմնակիցները, հակակոմունիզմը, ժողովրդավարությունը և ծայրահեղական իսլամը: Ակտիվիզմի հիմնական ձևը զանգվածային երթն է, որին ցուցարարները մասնակցում են ոտքով, մոտոցիկլետներով, բեռնատարներով՝ երաժշտություն միացրած: Այս ակցիաներին հիմնականում մասնակցում են արական սեռի ներկայացուցիչները, որոնք ավարտվում են հանրահավաքով, որտեղ խոսվում է կոնկրետ քաղաքական հիմնախնդրի մասին: Ընդհանուր առմամբ, երիտասարդությունը վերջին չորս տասնամյակում քաղաքական փոփոխություններ է փնտրում[32]։
Մալայզիայում վիդեո բլոգինգը մեծ տարածում է գտել: Երիտասարդ ակտիվիստները վերբեռնում են իրենց տեսանյութերն ու անկախ ֆիլմերը հանրահայտ «EngageMedia» կայքում: Սա օգտագործվում է մալայացիների կողմից՝ խրախուսելու երիտասարդներին դառնալ քաղաքացիական լրագրողներ: Երիտասարդները «EngageMedia»-ը համարում են իրենց վիդեո բլոգների համար անվտանգ տարածք, բայց միևնույն է կա վախի զգացում, որ կարող են իրենց պատժի ենթարկել[24]:
1979 թվականի ուսանողական բողոքի ակցիաները Նեպալում տեղի են ունեցել 1979 թվականի ապրիլ և մայիս ամիսների ընացքում։ Դրանք Նեպալում ուսանողական համայնքի կողմից իրականացվող բողոքի ակցիաների շարքից էին: Տեղի ունեցած բախումները պատմական զգալի ազդեցություն ունեցան, քանի որ ստիպեցին միապետությանը համաձայնվել երկրում բազմակուսակցական համակարգի հնարավորության վերաբերյալ հանրաքվեի անցկացմանը։ Պաշտոնական տվյալներով՝ քարոզարշավի ժամանակ զոհվել է 11, վիրավորվել 164 մարդ։
Երիտասարդական և ուսանողական կազմակերպությունները, ինչպիսիք են Նեպալի ուսանողական միությունը, «ANNFSU»-ն և Նեպալ Տարուն Դալը, այն հիմնական ուժերն էին, որոնք կանգնած էին ավտորիտար կառավարության դեմ բողոքների ակցիաների և ցույցերի հետևում: Երիտասարդները եղել են 1951, 1980, 1990 և 2005 թվականների ժողովրդավարական շարժումների առաջնագծում:
Ֆիլիպիններում երիտասարդական ակտիվիզմը երկար պատմություն է ունեցել: Կատիպունանը՝ երկրի հեղափոխական կազմակերպություններից մեկը, ինչպես նաև «Քարոզչության շարժումը» հիմնադրել են երիտասարդները: Երկրի ազգային հերոս Խոսե Ռիսալը սպանվեց 35 տարեկանում։ 1964 թվականին Կատիպունանի հեղափոխական ավանդույթները շարունակելու նպատակով՝ Մարկոսի ռեժիմի դեմ ստեղծվեց «Կաբատանգ Մակաբայան» («Հայրենասեր երիտասարդություն») կազմակերպությունը։ 1972 թվականին ռազմական դրություն հայտարարվելուց հետո այն անցավ ընդհատակ, սակայն շարունակեց գործել նույն ոգով։ Ռազմական դրության դեմ պայքարում ակտիվ էին նաև այլ երիտասարդական կազմակերպություններ, ինչպիսիք են Ֆիլիպինցի ուսանողների լիգան, Ֆիլիպինների ուսանողների ազգային միությունը, Ֆիլիպինների ուսանողական քրիստոնեական շարժումը և Ֆիլիպինների քոլեջների խմբագիրների գիլդիան։
Կատիպունանի՝ Ֆիլիպինների հեղափոխական կազմակերպություններից մեկի, ինչպես նաև «Քարոզչության շարժման» հիմնադիր անդամները բաղկացած էին երիտասարդներից: Երկրի ազգային հերոս Խոսե Ռիսալը սպանվեց 35 տարեկանում։ 1964 թվականին նպատակ ունենալով շարունակել Կատիպունանի հեղափոխական ավանդույթները՝ Մարկոսի ռեժիմի դեմ ստեղծվեց «Կաբատանգ Մակաբայան» (Հայրենասեր երիտասարդություն») կազմակերպությունը։ 1972 թվականին, ռազմական դրություն հայտարարվելուց հետո, այն դարձավ ընդհատակյա կազմակերպություն, սակայն շարունակում է գործել նույն ոգով։ Ռազմական դրության դեմ արշավներ են իրականացրել նաև այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Ֆիլիպինցի ուսանողների լիգան, Ֆիլիպինների ուսանողների ազգային միությունը, Ֆիլիպինների ուսանողական քրիստոնեական շարժումը և Ֆիլիպինների քոլեջների խմբագիրների գիլդիան։ 1960 թվականին ստեղծվեց Ֆիլիպինների ուսանողական քրիստոնեական շարժումը (SCMP), որը Մարկոսի վարչակարգի դեմ կարողացավ հավաքել քրիստոնեական եկեղեցու հետևորդ հազարավոր երիտասարդների: Ֆիլիպինցի ուսանողների լիգան (LFS) էլ ձևավորվել է 1977 թվականի սեպտեմբերի 11-ին։ Ի սկզբանե այն դաշինք էր, որը միավորում էր ուսման վարձերի դեմ բողոքող ուսանողներին, սակայն հետագայում վերածվեց ֆաշիստական բռնապետության դեմ պայքարող ուսանողների զանգվածային կազմակերպություն: 1960-ական թվականներին Ֆիլիպինների ուսանողների ազգային միությունը (NUSP), երկրում գերիշխող դիրք ուներ ուսանողական ակտիվիզմում՝ ողջ երկրում աջակցելով ուսանողական խորհուրդների համախմբմանը: 1997 թվականին այս կազմակերպությունների ղեկավարները ստեղծեցին Անակբայանը՝ ֆիլիպինցի երիտասարդների համապարփակ զանգվածային կազմակերպություն, որը փորձում էր միավորել և՛ ուսանողներին, և՛ համայնքի երիտասարդությանը:
Ներկայումս գործող երիտասարդական հայտնի խմբերից են «Լիբերալ երիտասարդություն»-ը, Կաբատաանը, Ակբայան երիտասարդությունը և Ֆիլիպինների երիտասարդական ռեֆորմիստական շարժումը։
Սինգապուրը տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներով (ՏՀՏ) աշխարհում ամենազարգացած երկրներից մեկն է։ 2010 թվականի դրությամբ՝ բնակչության շրջանում համակարգիչների առկայության մակարդակը կազմել է 84%, իսկ ինտերնետին հասանելիություն ունեցել է բնակչության 78%-ը: 2009 թվականին բջջային հեռախոսներին հասանելիությունը հասել էր 137%-ի, ինչը նշանակում է, որ Սինգապուրի շատ բնակիչներ ունեն մեկից ավելի հեռախոս[33]:
Երիտասարդները տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործում են սոցիալական և քաղաքական նպատակներով: 2011 թվականին կայացած համընդհանուր ընտրությունների ժամանակ 21-ից 34 տարեկան մարդիկ առավել ակտիվ էին առցանց քաղաքականության մեջ: Ընտրությունների մասին բլոգներում, «Facebook»-ում կամ «Twitter»-ում գրող երիտասարդների տեսակարար կշիռը կազմում էր 28%, ինչը կազմում է ընդհանուր բնակչության շուրջ 10%-ը[33]:
Երիտասարդությունն ապացուցեց, որ առանցքային նշանակություն ունի Եգիպտական հեղափոխության և Ապրիլի 6-ի շարժման համար:
Իրանում չափահաս երիտասարդները մարտահրավեր են նետում պաշտոնական վարչակարգի կողմից սահմանված մշակութային և քաղաքական սահմանափակումներին` զբաղվելով արգելված գործողություններով այնպիսի վայրերում, ինչպիսիք են տաքսիները, սրճարանները և նկուղները։ Նման գործողությունները վերաիմաստավորում են իրանական իրականությունն այնպես, որ հակադրվում են վարչակարգի քաղաքականությանը[34]։
Սաուդյան Արաբիայի երիտասարդ քաղաքացիները կիրառում են դիմադրության հանդարտ ձևեր, քանի որ բաց, չքողարկված ակտիվիզմն արգելված է: Ուսանողները, չնայած հնարավոր անձնական ռիսկերին, վարում են բլոգներ՝ կիսվելով իրենց տեսակետներով և զգացմունքներով[35]։
2008 թվականի փետրվարի 19-ին Հայաստանում կայացած նախագահական ընտրություններից հետո սկսվեցին բողոքի ակցիաներ։ Ցուցարարները համաձայն չէին ընտրությունների պաշտոնական արդյունքների հետ, քանի որ համարում էին, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանը հաղթել է վարչապետ Սերժ Սարգսյանին[36]։ Ցույցերի մեծ մասը տեղի էր ունենում Երևանում և կազմակերպվել էր առաջին նախագահի աջակիցների կողմից: Տեր-Պետրոսյանի ամենաեռանդուն աջակիցներից էր Թավշյա հեղափոխության ապագա առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, որն այդ ժամանակ 33 տարեկան էր:
Հայաստանում երիտասարդության լայն մասնակցությամբ քաղաքական շարժումները չսահմանափակվեցին 2008 թվականի հետընտրական գործընթացներով: 2011 և 2012 թվականներին Տեր-Պետրոսյանի աջակիցները սկսեցին բողոքի գործողությունների ևս մի քանի ալիք[37], որը սակայն չհասավ հաջողության, և Սերժ Սարգսյանը կարողացավ պահպանել իշխանությունը:
Մեկ այլ բողոքի ալիք էլ բարձրացավ 2013 թվականին այն բանից հետո, երբ ընդդիմադիր թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահական ընտրություններում պարտվեց Սերժ Սարգսյանին[38]: Շարժումը պատմության մեջ մտավ «Բարևի հեղափոխություն» անվամբ, ինչը հղվում էր Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական արշավի ընթացքում մարդկանց մոտենալու և բարևելու սովորությանը[39]: Րաֆֆի Հովհաննիսյանը Երևանի փողոցներում հավաքեց հազարավոր աջակիցների, և տեղի ունեցան բախումներ ոստիկանության հետ, ինչից հետո ալիքն աստիճանաբար մարեց: Դրան ևս ակտիվորեն մասնակցում էին երիտասարդները՝ հատկապես ուսանողները։
Այս ժամանակաշրջանում երիտասարդների ակտիվ ներգրավվածությամբ սոցիալական շարժումներից մեկը «150 դրամների» շարժումն էր, որի մասնակիցները դեմ էին քաղաքային տրանսպորտի ուղեվարձի 50 դրամով թանկացմանը[40]։ Ուսանողների ակտիվ գործունեության արդյունքում այս շարժումը հասավ իր նպատակին և Երևանի քաղաքային իշխանությունը հրաժարվեց այդ մտքից։
Երիտասարդական ակտիվիզմի վերելքը եղավ 2018 թվականին, երբ տասնյակ հազարավոր երիտասարդներ մասնակցեցին Թավշյա հեղափոխությանը, որն առաջնորդում էր Նիկոլ Փաշինյանը[41]։ Ցույցերի արդյունքում փոխվեց քաղաքական վերնախավը[42], իսկ գործադիր և օրենսդիր մարմինների կազմում ներգրավվեցին աննախադեպ թվով երիտասարդներ։
2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո ևս Հայաստանում տեղի են ունեցել մի շարք բողոքի ցույցեր, որոնց նպատակը գործող իշխանությանը պաշտոնավարումից հեռացնելն էր։ Այդ ցույցերին մասնակցել են մեծ թվով երիտասարդ ցուցարարներ և ուսանողներ[43]։
1990-ական թվականների ընթացքում երիտասարդները դուրս էին գալիս փողոցներ՝ մասնակցելու Սերբիայի առաջնորդ Սլոբոդան Միլոշևիչի դեմ բողոքի ակցիաներին։ Համարվում է, որ հենց երիտասարդ ակտիվիստներն են նպաստել նրա հրաժարականին։ Բողոքի ակցիաների տարիներին երիտասարդները բախվել են այնպիսի խնդիրների, ինչպիսիք են գործազրկությունը, ձախողված կրթական համակարգը և տնտեսական անկայունությունը: Նրանք ստեղծեցին «Exit» կամ «Ելք» երաժշտական փառատոնը, որը տևեց հարյուր օր և հանգեցրեց 2000 թվականի սեպտեմբերյան ընտրություններին: Առաջին տարվա ընթացքում այս փառատոնը կոչվում էր «EXIT 00» և համարվում էր «ստեղծագործական» ու «քաղաքական ըմբռնման» ակտիվիզմ: Փառատոնն ունի քաղաքացիական կրթության բաղադրիչ և շարունակվում է մինչ օրս[32]։
Երիտասարդական ակտիվիզմը Միացյալ Թագավորությունում՝ հատկապես Անգլիայում, ակտիվացավ 2010 թվականին, երբ Դևիդ Քեմերոնը որպես Պահպանողական կուսակցության առաջնորդ դարձավ վարչապետ՝ ստանձնելով կոալիցիոն կառավարության ղեկը[44]: Խստագույն խնայողության քաղաքականության միջոցները հատկապես ազդեցին երիտասարդների վրա՝ անդրադառնալով նրանց կյանքի բոլոր ոլորտներին՝ ներառյալ կրթությանը, բնակարաններով ապահովմանը, զբաղվածությանը, երիտասարդական ծառայությանը և ժամանցին, ինչը հանգեցրեց երկրում առկա կայուն իրավիճակի խաթարմանը[45]: Բարձրագույն կրթության ֆինանսավորման կրճատման, համալսարանների ուսման վարձի եռապատկման (տարեկան հասնելով ընդհուպ 9000 ֆունտի) և Կրթության ապահովման հիմնադրամի գործունեության դադարեցման վերաբերյալ կառավարության որոշումներն Անգլիայում և Ուելսում հանգեցրին ակտիվիստական գործողությունների։ 2010 թվականի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին Ուսանողների ազգային միությունը կազմակերպեց բողոքի ակցիաներ։
Այդ ժամանակից ի վեր, շատ երիտասարդների համար վատթարացող իրավիճակը և նրանց հուսալքությունը քաղաքական գործիչների նկատմամբ, սոցիալական մեդիայի աճի և գլոբալիզացիայի հետ միասին հանգեցրել են երիտասարդական ակտիվիզմի աճին:
Սա հատկապես վերաբերում է շրջակա միջավայրի պահպանությանը, որը պայմանավորված է գլոբալ տաքացմամբ և կլիմայական ճգնաժամով, որտեղ նշանակալի դեր են խաղացել Գրետա Թունբերգի և երիտասարդների կողմից ղեկավարվող «Ուրբաթները հանուն ապագայի», «Դպրոցական դասադուլ հանուն կլիմայի» և Միացյալ Թագավորությունում սկսված «Երիտասարդություն, որը ըմբոստանում է ոչնչացման դեմ» երիտասարդական շարժումների ջանքերը: Միացյալ Թագավորությունում հատկապես ակտիվ են եղել բնապահպան երիտասարդ ակտիվիստները՝ օգտագործելով պայքարի լայն շրջանակ, ինչպիսիք են ոչ բռնի ուղիղ գործողությունները և քաղաքացիական անհնազանդությունը[46]:
Այս շարժումների շրջանակներում ողջ աշխարհում երիտասարդները մասնակցում են բողոքի ակցիաների[47]:
Երիտասարդական ակտիվիզմը՝ որպես Միացյալ Նահանգներում սոցիալական երևույթ, իրապես ձևավորվեց 19-րդ դարի կեսերից մինչև նույն դարի վերջ, երբ երիտասարդները սկսեցին կազմակերպել աշխատանքային գործադուլներ՝ իրենց բողոքն արտահայտելով աշխատանքային պայմանների, աշխատավարձի և աշխատաժամանակի դեմ: Մերի Հարրիսը 1908 թվականին ԱՄՆ-ում կազմակերպեց երիտասարդական ակտիվիզմի առաջին գործողությունը։ Շուրջ 100,000 անչափահաս հանքագործ Փենսիլվանիայի ածխի հանքերից երթով հասավ Վաշինգտոնի Կապիտոլիումի մոտ: Շուտով նրանց միացան երիտասարդ լրագրավաճառները: Այս գործողությունները ստիպեցին ժամանակի հեղինակավոր լրատվամիջոցներին երիտասարդների շահերը տարանջատել իրենց մեծահասակ աշխատավոր գործընկերների շահերից: Այս տարանջատումը շարունակվեց մինչև 1930-ական թվականները, երբ Ամերիկյան երիտասարդական կոնգրեսն ԱՄՆ օրենսդիր մարմնին ներկայացրեց «Երիտասարդների իրավունքների մասին» օրինագիծը: Նրանց գործողությունները վկայում էին աճող ուսանողական շարժման մասին, որն ԱՄՆ-ում առկա էր 1920-ական թվականներից մինչև 1940-ական թվականների սկիզբը: 1950-ական թվականներին Ուսանողների ոչ բռնի գործողությունները համակարգող կոմիտեն երիտասարդներին ներգրավեց քաղաքացիական իրավունքների՝ ավելի մեծ շարժման մեջ։ 1959 թվականին Մարտին Լյութեր Քինգ կրտսերն Ալաբամա նահանգի Բիմինգհեմ քաղաքում երիտասարդ ակտիվիստներին ներգրավեց Բուլ Քոնորի առաջարկած ռասիստական իրավապահ պրակտիկայի դեմ բողոքի ակցիաներին: Քաղաքացիական իրավունքների, երիտասարդների իրավունքների համար պայքարը և 1960-ական թվականներին Թոմ Հայդենի, Քիթ Հեֆների և մյուս երիտասարդների հակապատերազմական գործունեությունը հզոր նախադեպ ստեղծեցին ժամանակակից երիտասարդական ակտիվիզմի համար: Ջոն Հոլթը, Մայլս Հորթոնը և Պաուլո Ֆրեյրն այն անձանց թվում են, որոնք կարևոր դեր են խաղացել այս ժամանակաշրջանում։ Այս դարաշրջանը բնութագրվում է երիտասարդներով ու նրանց ինքնարտահայտմամբ: 21-րդ դարում ԱՄՆ-ում երիտասարդական ակտիվիզմը տեղափոխվեց սոցիալական մեդիա հարթակներ, որոնց միջոցով երիտասարդները կարողացան արագ տարածել տեղեկատվություն, ռեսուրսներ, հղումներ և խնդրագրեր:
Երիտասարդական ակտիվիզմը շարունակվում է նաև 21-րդ դարում՝ տեղական, տարածաշրջանային, ազգային և միջազգային մակարդակներում: Այսօր երիտասարդ ակտիվիստներն օգտագործում են տեխնոլոգիաներ և սոցիալական մեդիա հարթակներ, ինչպիսիք են «X»-ը, «Instagram»-ը, «Facebook»-ը և «TikTok»-ը, որպեսզի լույս սփռեն բռնաճնշումների վրա և իրազեկեն այնպիսի խնդիրների մասին, ինչպիսիք են տնտեսական անհավասարությունը, ոստիկանական բռնությունները, ռասայական անարդարությունը և այլ թեմաներ[48][49][50][51]: Երիտասարդական ակտիվիզմը տեխնոլոգիաների միջոցով վերափոխել է քաղաքական մասնակցությունը և ստեղծել ակտիվ քաղաքացիական դիրքորոշման ձև, որը եզակի է ժամանակակից երիտասարդության համար[52][53]: Միացյալ Նահանգներում քաղաքացիական ներգրավվածության մեջ զգալի փոփոխություն տեղի է ունեցել առցանց քաղաքական տեղեկատվության աճի և հասանելիության պատճառով[54]:
2010 թվականին «Ուսանողներ/Ֆերմերային աշխատակիցների» դաշինքը համագործակցեց Իմոքալիի աշխատավորների կոալիցիայի հետ՝ Ֆլորիդայում աշխատանքային միգրանտների աշխատանքային պայմանները բարելավելու համար[55]:
Նույն 2010 թվականին «Միացյալ ուսանողներն ընդդեմ քրտնաքամ աշխատանքի» ուսանողների ակտիվիստական խումբը հաջողությամբ բողոքի ակցիաներ իրականացրեց «Nike» ընկերության դեմ՝ պահանջելով բարելավել Հոնդուրասում իրենց աշխատողների աշխատանքային պայմանները: Նրանց կարգախոսը բառախաղ էր՝ ստեղծված «Nike»-ի կարգախոսի հիման վրա՝.«Պարզապես վճարե՛ք»[56]:
Թեև Մալալա Յուսուֆզայը 2009 թվականից Պակիստանում ակտիվորեն զբաղվում է կանանց կրթության խնդիրներով՝ նրա գործունեությունը միջազգային աջակցություն ստացավ միայն այն բանից հետո, երբ 2012 թվականին, իր ակտիվիստական գործունեության պատճառով, թալիբ գրոհայինը նրա նկատմամբ մահափորձ իրականացրեց: Դրանից հետո Յուսուֆզայը հիմնեց հասարակական կազմակերպություն և ստացավ Խաղաղության Նոբելյան մրցանակ: Նա նաև նախաձեռնեց աշխարհում երեխաների կրթությանն ուղղված ՄԱԿ-ի արշավներից մեկը։
Թեև «Black Lives Matter» շարժումն ամբողջությամբ երիտասարդական ակտիվիստական շարժում չէ, դրա հիմնադիրները երեք երիտասարդ կանայք էին, որոնք ստեղծեցին այն՝ ի պատասխան 17-ամյա անզեն աֆրոամերիկացի Թրեյվոն Մարտինին սպանած տղամարդու արդարացմանը[57]: «Black Youth Project 100»-ը (BYP100) նույնպես ստեղծվել էր ի պատասխան դրա, սակայն այն սահմանափակում է 18-35 տարեկանների մասնակցությունը։ Այս երկու շարժումները համագործակցել են միմյանց ու այլ շարժումների հետ՝ իրենց բողոքն արտահայտելու ոստիկանության կողմից սևամորթների սպանությունների դեմ[58]։ Ի տարբերություն «BYP 100»-ի, «Black Lives Matter»-ը դարձել է միջազգային շարժում, որն իր տեղական խմբերն ունի Միացյալ Նահանգների սահմաններից դուրս[59]:
Չնայած անկախ փորձագետները պարզել են ԱՄՆ Ֆլինթ քաղաքի ջրային ճգնաժամի պատճառները[60], խնդիրը մնում է չլուծված: Կոռոզիայի ենթարկված ջրագծերի փոխարինման աշխատանքների միայն մեկ երրորդն է ավարտվել, ընդ որում՝ կապարով աղտոտված ավելի քան 22 000 ջրագծերից 7750-ը դեռ փոխարինման կարիք ունեն[61]: 2016 թվականին Ֆլինթի բնակչուհի 8-ամյա Ամարիյանա Քոփենին նամակ է գրում նախագահ Բարաք Օբամային՝ նրա ուշադրությունը հրավիրելու հանրային առողջության այս ճգնաժամի վրա: Նախագահ Օբաման ընդունում է Ֆլինթ այցելելու աղջնակի հրավերը[62]: 2018 թվականի ապրիլին Միչիգանի նահանգապետ Ռիք Սնայդերը հայտարարեց, որ Ֆլինթում ջրի որակը «նորմատիվների սահմաններում է», և կապարի մակարդակը չի գերազանցում դաշնային նորմատիվները։ Սա հանգեցրեց շշալցված անվճար ջրի ծրագրի դադարեցմանը[63][64][65]: Այդ ժամանակվանից ի վեր Քոփենին, որը նաև հայտնի է որպես Փոքրիկ միսս Ֆլինթ, շարունակում է աշխատել իր համայնքում երիտասարդների կյանքը բարելավելու ուղղությամբ: Նահանգային կառավարության կողմից ծրագրի դադարեցումից հետո նա ոչ միայն «Pack Your Back»-ի հետ համագործակցությամբ հավաքել է ավելի քան 27 000 ԱՄՆ դոլար՝ հազարավոր շշալցված ջրեր տրամադրելու համար[66][67], այլև գումար է հավաքել՝ հնարավորություն տալով 800 անապահով երեխաների կինոթատրոնում դիտել «Սև հովազ»[68] և «Ժամանակի ճեղք»[69][70] ֆիլմերը: Նախքան դրամահավաքի իրականացումը, նա աշխատել է «Pack Your Back»-ի հետ՝ Ֆլինթի ուսանողներին տրամադրելով 1000 ուսապարկ[71]:
7 տարեկանում Բանա ալ Աբեդը մոր օգնությամբ սկսում է օգտագործել «X»-ը (այն ժամանակ՝ «Twitter»)՝ Սիրիայի Հալեպ քաղաքում իրենց կենսակերպի մասին պատմելու համար։ Այժմ Ալ Աբադը դարձել է աշխարհահռչակ երիտասարդական ակտիվիստ՝ 2017 թվականին հրատարակելով իր հուշերը, իսկ 2018 թվականին դարձել է Ասիական մրցանակի՝ «Տարվա ծագող աստղ» անվանակարգում[72]։
Մարջորի Սթոունման Դուգլաս ավագ դպրոցում տեղի ունեցած հրաձգությունը ոչ միայն հանգեցրեց նրան, որ Սթոունմեն Դուգլասի որոշ աշակերտներ դարձան երիտասարդ ակտիվիստներ, որոնք պահանջում էին խստացնել զենքի կրման օրենսդրությունը, այլև խթանեցին երիտասարդական ակտիվիզմի համազգային վերածնունդը՝ մասնակցելով նաև դպրոցից դուրս կազմակերպվող բողոքի ակցիաներին ու ցույցերին[73][74]:
Սթոունման Դուգլասի մի խումբ աշակերտներ հիմնել են նաև շահերի պաշտպանության «Never Again MSD» խումբը: Այս կազմակերպությունը նախաձեռնեց «Երթ հանուն մեր կյանքի»[75] արշավը, որն ավելի ուշ վերածվեց կազմակերպության: «Never Again»-ը ևս խմբի հեշթեգներից մեկն է[76]։ Կարգախոսը ծագել է դեռևս Հոլոքոստի ժամանակներից, երբ իրականացվում էր դիմադրության շարժում։ Այն օգտագործվում է նաև Հրեաների պաշտպանության լիգայի կողմից:
Կլիմայական գլոբալ ճգնաժամի վերաբերյալ քաղաքական անգործությունը դարձավ 15-ամյա շվեդ աշակերտուհի Գրետա Թունբերգի ակտիվիստական գործունեության պատճառը[77]։ Նա ամեն ուրբաթ բաց էր թողնում դպրոցի դասերը և միայնակ բողոքի ակցիա իրականացնում Ռիկսդագի առջև[78]: Թունբերգի նախաձեռնությունն արագորեն վերաճեց համաշխարհային երիտասարդական շարժման՝ նպատակ ունենալով ճնշում գործադրել կառավարությունների և ընկերությունների վրա՝ ընդունելու և իրականացնելու կլիմայի փոփոխությունը մեղմող հրատապ քաղաքականություններ: Թունբերգն սկսեց ելույթներ ունենալ միջազգային հանդիպումների ու միջոցառումների ժամանակ։ Դրանց թվում էր նաև ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովը, որը 2018 թվականին ընթանում էր Լեհաստանի Կատովիցե քաղաքում[79][80]: ԱՄՆ-ում կլիմայական ճգնաժամի շարժումն ընդլայնվել է երիտասարդների կողմից ղեկավարվող կազմակերպությունների ջանքերի շնորհիվ, ինչպիսիք են «Zero Hour»-ը[81] և Երեխաների ազգային արշավը:
Կլիմայի հարցերով երիտասարդ ակտիվիստները, ինչպես օրինակ՝ Սոֆյա Կիաննին, Ջեյմի Մարգոլինը, Վանեսա Նակատեն, Իսրա Հիրսին, Շութեզկոտ Մարտինեսը և Հեյվեն Քոուլմենը 2021 թվականին Միավորված ազգերի կազմակերպության Կլիմայի փոփոխության կոնֆերանսի ժամանակ կոչ արեցին գործողություններ ձեռնարկել կլիմայի փոփոխությունների դեմ։ Երիտասարդ ակտիվիստները ընդգրկված էին նաև գլոբալ որոշումների կայացման մարմիններում։ Այսպես, Ջերոմ Ֆոսթերը Բայդենի վարչակազմում[82] մասնակցում էր Սպիտակ տան շրջակա միջավայրի արդարության խորհրդատվական խորհրդի աշխատանքներին, իսկ Հ.Դ. Ռայթն ընտրվել էր Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Գորդոն Բրաունի կողմից ղեկավարվող ՄԱԿ-ի արտակարգ իրավիճակներում կրթության հիմնադրամի «Կրթությունը չի կարող սպասել» ծրագրի երիտասարդական ներկայացուցիչ[83][84][85][86]։
{{cite journal}}
: Cite journal requires |journal=
(օգնություն)
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
|