Երիցուկ բազմամյա | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Աստղածաղկավորներ (Asterales) |
Ընտանիք | Աստղածաղկազգիներ (Asteraceae) |
Ենթաընտանիք | Աստղածաղկայիններ (Asteroideae) |
Տրիբա | Anthemideae |
Ենթատրիբա | Anthemidinae |
Ցեղ | Երիցուկ բազմամյա (Pyrethrum) Zinn, 1757 |
Երիցուկ բազմամյա , (լատին․՝ Pyrethrum) պատկանում է բարդածաղկավորների (Compositae) ընտանիքին։ Վայրի վիճակում հանդիպում է Կովկասում, Իրանում, Միջին Ասիայում։
Երիցուկը (P.roseum Bieb) բազմամյա նրբագեղ բույս է, որի բարձրությունը հասնում է 40-80 սմ-ի։ Ցողունները ճյուղավոր են կամ առանց ճյուղերի, փետրաձև կտրտված տերևներով։ Ունի հասարակ կամ լիաթերթ ծաղիկներ 5-10 սմ տրամագծով։ Ծաղկի պսակաթերթները լինում են խողովակաձև կամ լեզվակավոր, սպիտակ, վարդագույն կամ կարմիր։ Թուփը մեր պայմաններում ձմեռում է բաց գրունտում։ սմ
Պարտեզային հիբրիդ ձևերից աչքի են ընկնում P.r.h. grandifiorum-ը և P.roseum hybridum fl. pleno-n: Երկու բույսերն էլ ունեն 80 սմ բարձրություն։ Այդ բույսերի լիաթերթ ծաղիկները շատ նման են միջին մեծություն ունեցող չինական աստղածաղկին։ Ծաղկում են մայիս ամսին։
Երիցուկը ծաղկային ձևավորումներում օգտագործվում է միքսբորդերներում, զանազան դեկորատիվ խմբավորումներում, որպես առանձնյակ (սոլիտեր) մարգախոտի վրա և այլն, ինչպես նաև ծաղկեփնջերի համար կտրած ծաղիկներ ստանալու նպատակով։ Գծային ձևավորումներում, եզրաշերտերի համար օգտագործվում է ցածրահասակ 40-45 սմ բարձրություն ունեցող այլատեսակը։
Բազմացվում է թփիկի բաժանումով, արմատածիլերով և սերմերով։ Լիաթերթ ծաղկավոր այլատեսակները բազմանում են միայն վաղ գարնանը՝ թփիկի բաժանումով, 4-5 տարին մեկ անգամ։ Սերմերով բազմացման դեպքում ցանկը կարելի է կատարել ջերմատներում և ջերմոցներում, վաղ գարնանը, իսկ բաց գրունտում՝ մարգերի մեջ և՛ գարնանը, և՛ աշնանը։ Սերմերը ծլում են 10-12 օրում, ծլունակությունը պահպանում են 2-3 տարի։ Դրանք փոքր են, սեպաձև, գորշ դարչնագույն։ Խոշորածաղիկ երիցուկների մեկ գրամ սերմը պարունակում է մոտավորապես 700 սերմնահատիկ։ Բույսերը անհրաժեշտ է տնկել արևոտ հողամասերում, չնայած որ վատ չի աճում նաև կիսաստվերում։ Պահանջում է սննդանյութերով հարուստ, բերրի հողեր։ Բույսը բույսից պետք է տնկել 25-30 սմ հեռավորության վրա։ Ոռոգումը անհրաժեշտ է տալ չափավոր։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երիցուկ բազմամյա» հոդվածին։ |
|