Զահրա Կամալֆար | |
---|---|
Քաղաքացիություն | Իրան |
Զահրա Կամալֆար (անգլ.՝ Zahra Kamalfar), իրանցի փախստական կին, որը հայտնի դարձավ այն բանի համար, որ իր երկու երեխաների հետ տաս ամիս` 2006 թվականի մայիսից մինչև 2007 թվականի մարտի 14-ը ապրել է Մոսկվայի Շերեմետևո միջազգային օդանավակայանի տերմինալում։
Զահրա Կամալֆարը Իրանում քաղաքական ցույցերի մասնակից էր, որի համար նա ձերբակալվել էր 2004 թվականին[1], ինչպես նաև իր ամուսինը, որի հետագա ճակատագիրը, ըստ Իրան-Կանադա կոնգրեսի ներկայացուցչի, անհայտ է[2] / (ըստ Զահրայի՝ նա մահապատժի է ենթարկվել 2005 թվականի գարնանը[1]): Զահրայի հարազատների օգնությամբ, նրա երեխաները՝ դուստրը՝ Աննան և որդին՝ Դավուդը, 2005 թվականին հասցրել են փախչել Իրանի բանտից երկօրյա արձակուրդի ընթացքում և Թուրքիայով ու Ռուսաստանով հասել Գերմանիա։ Սակայն Ֆրանկֆուրտ ժամանելուց հետո գերմանական կառավարությունը մերժել է Կամալֆարի ընտանիքին քաղաքական ապաստան տալ։ Քանի որ ճամփորդական փաստաթղթերը կեղծ էին և ընտանիքը Ֆրանկֆուրտ էր ժամանել Մոսկվայից, նա գերմանական իշխանությունների կողմից արտաքսվեց Ռուսաստան։ Քանի որ Ռուսաստանի կառավարությունը նույնպես հրաժարվեց ընդունել նրանց, Զախրան և իր երեխաները սկզբում 13 ամիս անցկացրին «Շերեմետևո» օդանավակայանի արտաքսման կենտրոնում[1], իսկ դրա փակվելուց հետո էլ տաս ամիս անցկացրին օդանավակայանի տարանցիկ գոտում։ Այդ ամբողջ ժամանակահատվածում նրանք քնել են հատակին, լվացվել հանրային զուգարանում և սնվել ավիաընկերությունների նվիրատվությունների հաշվին[2]։ Վիտամինների պակասից երեխաներն անընդհատ հիվանդանում էին[1]։
2006 թվականի նոյեմբերին Ռուսաստանի իշխանությունները փորձեցին վերսկսել արտաքսման գործընթացը և Կամալֆար ընտանիքին ուղարկել Իրան, ինչի պատճառով Զահրան և Աննան փորձեցին ինքնասպան լինել[1]։ Արտաքսմանը խոչընդոտում էին հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք դիմել էին ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի օգնությանը[2]։ Կամալֆար ընտանիքի պատմությունը հեռարձակվեց CNN հեռուստաալիքով։ 2007 թվականի հունվարին Զահրան և իր երեխաները բնակության թույլտվության խնդրանքով դիմեցին Կանադայի կառավարությանը, որտեղ 1997 թվականից բնակվում էր նրա եղբայր Նադերը։ Մարտ ամսին խնդրանքը բավարարվեց, և ընտանիքը չվերթով Մոսկվայից ուղարկվեց Տորոնտո, իսկ այնտեղից էլ Վանկուվեր[2]։ Մամուլը կրկին անդրադարձավ Զահրա Կամալֆարի պատմությանը վեց տարի անց, երբ Մոսկվայի օդանավակայանում հայտնվեց նոր փախստական` Էդվարդ Սնոուդենը, առանց վավեր միջազգային անձնագրի[3]։