Գիլովսկան ծնվել է 1949 թվականի հուլիսի 7-ին Նուե Միաստո Լուբավսկիում[4]։ 1972 թվականին ավարտել է Վարշավայի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը[5]։ 1981 թվականին Լյուբլինի Մարիա Կյուրի-Սկլոդովսկա համալսարանում ստացել է տնտեսագիտության դոկտորի աստիճան[5]։
1972-1985 թվականներին Գիլովսկան եղել է Մարիա Կյուրի-Սկլոդովսկայի համալսարանի գիտաշխատող[5], իսկ ավելի ուշ՝ նույն ինստիտուտում 1995-1999 թվականներին դարձել է դոցենտ[5]։ 2001 թվականին Լյուբլինի կաթոլիկ համալսարանում դարձել է պրոֆեսոր[5]։ 1994-1996 թվականներին եղել է «Ազատության միություն» (լեհ.՝ Unia Wolności) ազատական կուսակցության անդամ[5], «Քաղաքացիական պլատֆորմ» (լեհ.՝ Platforma Obywatelska) կուսակցության նախկին փոխնախագահը։ Այնուամենայնիվ, նա լքել է կուսակցությունը 2005 թվականի մայիսի 21-ին[5]` ի նշան բողոքի, կուսակցական գործընկերների կողմից ապօրինի գործողությունների մեղադրանքների հետևանքով։ 2001-2005 թվականներին եղել է Սեյմի (Լեհաստանի խորհրդարանի ստորին պալատի) պատգամավոր։
2006 թվականի սեպտեմբերի 22-ից մինչև 2007 թվականի նոյեմբերի 16-ը նա կրկին եղել է փոխվարչապետ և ֆինանսների նախարար[7][8]։ 2006 թվականի հոկտեմբերին Գիլովսկան նշանակվել է Լեհաստանի ֆինանսական վերահսկողության մարմնի ղեկավար և Լեհաստանի Եվրոպական ներդրումային բանկի կառավարիչ[5]։
Նա 2008 թվականին պատգամավորական մանդատից հրաժարական է տվել առողջական խնդիրների պատճառով և հիմնական հեռացել քաղաքական գործունեությունից[9]։ 2010 թվականի փետրվարից 2013 թվականի հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում նա եղել է Դրամավարկային քաղաքականության խորհրդի անդամ, իսկ 2015 թվականի հոկտեմբերին նախագահ Անջեյ Դուդան նրան նշանակել է Ազգային զարգացման խորհրդում։
Նա ամուսնացած էր Անջեյ Գիլովսկու հետ, ումից ուներ որդի՝ Պավելը։ Ամբողջ կյանքի ընթացքում նա եղել է ծխող և իր պատանեկությունից պայքարել սրտի անբավարարության դեմ։ Նա մահացել է 2016 թվականի ապրիլի 5-ին՝ 66 տարեկան հասակում, Սվիդնիկում[10][11]։