Կազմակերպություն | ԽՍՀՄ տիեզերական ծրագիր |
---|---|
Հիմնական կապալառուներ | ՀԿԲ-1 |
COSPAR ID | 1965-056A |
SCN | 01454 |
Գործարկման ամսաթիվ | 1965 հուլիսի 18, 14:32 UTC[1] |
Գործարկման վայր | Բայկոնուր |
Գործարկման հրթիռ | Մոլնիա |
Զանգված | 950 կգ[1] |
Զոնդ-3 (ռուս.՝ Зонд-3), խորհրդային Զոնդ ծրագրի շրջանակներում արձակված ավտոմատ միջմոլորակային կայան, որը նախատեսված էր Լուսնի հակադարձ կողմը հետազոտելու համար[2]։ Կայանը կատարել է իր ժամանակի համար առավել բարձր որակի լուսանկարներ։
Զոնդի առաքելությունները Խորհրդային Միության կողմից ներկայացվել են որպես ինժեներական փորձարկումներ[3]։ Այն ժամանակ արևմտյան դիտորդները ենթադրում էին, որ այդ անվանումն օգտագործվել է որպես անհաջող առաքելությունների քողարկում, այնպես, ինչպես Կոսմոս անվանումները օգտագործվել են այն առաքելությունների համար, որոնք չեն կարողացել լքել Երկրի ուղեծիրը[3]։
Կայանը կառուցվել է 3ՄՎ միջմոլորակային կայանների հենքի վրա, ինչպես և Զոնդ-2-ը[4]։ Ի լրումն 106,4 մմ կիզակետային երկարությամբ լուսանկարման համակարգին, կայանի վրա տեղադրված էր տեսանելի լույսի լուսանկարչության սարքավորում, ուլտրամանուշակագույն և ինֆրակարմիր սպեկտրոֆոտոմետրեր, ճառագայթման սենսորներ, լիցքավորված մասնիկների դետեկտոր, մագնիսաչափ և միկրոմետեորոիդ դետեկտոր[4][5]։
Կայանի վրա նաև տեղադրված էին պլազմային էլեկտրական հրթիռային շարժիչներ, ընդհանուր առմամբ կայանի վրա տեղադրված էին վեց այդպիսի սարքեր, որպես կայանի դիրքի շտկման համակարգի շարժիչներ։
Զոնդ-3-ը արձակվել է 1965 թվականի հուլիսի 18-ին Բայկոնուր տիեզերակայանից Մոլնիա կրող հրթիռով։ Սա 1963-ի վերջին ձախողված առաքելության կրկնությունն էր, որը նախատեսում էր փորձարկել հաղորդակցությունը Մարսի և Երկրի միջև համարժեք հեռավորությունների վրա[6]։
Կայանի Լուսնի մոտով անցումը տեղի ունեցավ հուլիսի 20-ին՝ 9219 կմ ամենամոտ մոտեցմամբ[4], արձակումից մոտավորապես 35 ժամ հետո։ Անցման ընթացքում կատարվել են Լուսնի մակերևույթի 25 տեսանելի լույսի լուսանկարներ և 3 բարձր որակի ուլտրամանուշակագույն սպեկտրի լուսանկարներ, ընդհանուր առմամբ անցումը տևել է 68 րոպե[4][7]։ Լուսանկարներն ընդգրկում էին Լուսնի մակերեսի 19 միլիոն կմ²[8]
Լուսնի մոտով անցնելուց հետո Զոնդ-3-ը անցավ Մարսի ուղեծրի վրայով, բայց ոչ այն ժամանակ, երբ մոլորակը այնտեղ էր։ Կայանի կատարած լուսանկարները փոխանցվել են հուլիսի 29-ին 2,25 միլիոն կմ հեռավորությունից։ Կապի համակարգի հուսալիությունը փորձարկելու համար տեսախցիկի ժապավենը նորից ետ փաթաթվեց և վերահեռարձակվեց օգոստոսի կեսերին, սեպտեմբերի կեսերին և վերջապես հոկտեմբերի 23-ին 31,5 միլիոն կմ հեռավորությունից՝ այդպիսով հաստատելով կապի համակարգի հաուսալիությունը[4]։ Հեռավորության աճի հետ տվյալների փոխանցման արագությունը իջնում էր, սակայն որակը ավելանում[6]։
Առաքելությունն ավարտվեց ռադիոկապի դադարեցումով 1966 թվականի մարտի 3-ին, երբ կայանը գտնվում էր Երկրից 153,5 միլիոն կմ հեռավորության վրա[4][5]։ Կայանը գործեց 228 օր, ինչը մոտավորապես համարժեք է այն ժամանակին, որն անհրաժեշտ էր դեպի Մարս հաջող ճանապարհորդության համր, և գերազանցում էր դեպի Վեներայի թռիչքի ժամանակը[4]։
|