Կազմակերպություն | ԽՍՀՄ տիեզերական ծրագիր |
---|---|
Հիմնական կապալառուներ | ՀԿԲ-1 |
COSPAR ID | [1] 1968-101A[1] |
SCN | 03535 |
Գործարկման ամսաթիվ | 1968 նոյեմբերի 10, 19:11:31 UTC[2] |
Գործարկման վայր | Բայկոնուր |
Գործարկման հրթիռ | Պրոտոն |
Զանգված | 5375 կգ[2] |
Զոնդ-6 (ռուս.՝ Зонд-6), խորհրդային Զոնդ ծրագրի շրջանակներում արձակված նոր նախագծի տիեզերանավերի փորձարկման առաքելություն։ Արձակվել է Բայկոնուր տիեզերակայանից Պրոտոն կրող հրթիռով։ 7Կ-Լ1 տիեզերանավը նախատեսված էր Խորհրդային Լուսնային ծրագրի շրջանակներում անձնակազմով Լուսնի շուրջ թռիչք իրականացնելու և Երկիր վերադառնալու համար։ Այս ծրագրի շրջանակներում փորձարկումները իրականացվել է Զոնդ անվան տակ 1967-ից 1970 թվականներին[3][4][5]։ Զոնդ-6-ը արձակվել է 1968 թվականի նոյեմբերի 10-ին Լուսնի շուրջ թռիչք կատարելու առաքելությամբ։ Տիեզերանավի վրա որպես օգտակար բեռ տեղաբաշխված էին կենդանիներ և բույսեր՝ կրիաներ, մրգային ճանճեր և բակտերիաներ։ Զոնդ-6-ը ուներ նաև գիտական սարքավորումներ՝ տիեզերական ճառագայթներ ուսումնասիրման համար, միկրոմետեորոիդների դետեկտորները և լուսանկարչական սարքավորումները[6]։
Նախատեսված էր, որ այս առաքելությանը հաջորդելու է անձնակազմով Լուսնի շուրջ թռիչքի իրականացումը, որը պլանավորվում էր 1968 թվականի դեկտեմբերին, այսպիսով նպատակ էր դրվում շրջանցել Ապոլոն 8-ին։ Սակայն, նոյեմբերի 14-ին Լուսնի շուրջը պտույտից հետո Երկիր վերադարձին տիեզերանավը վթարվեց պարաշյուտի պատճառով։
Զոնդ-6-ը արձակվել է 1968 թվականի նոյեմբերի 10-ին Բայկոնուր տիեզերակայանից Պրոտոն կրող հրթիռով։ Այն պետք է լուսանկարեր Լուսինը գունավոր և սև-սպիտակ, 8000 կմ և 2600 կմ հեռավորությունից, այնուհետև վերադառնար Երկիր և վայրէջք կատարեր Տյուրաթամում, մեկնարկային հարթակից ընդամենը 16 կմ հեռու։
Տիեզերանավը պտտվեց Լուսնի շուրջ 1968 թվականի նոյեմբերի 14-ին՝ նվազագույնը 2420 կմ հեռավորության վրա։ Լուսնի առերես և հակադարձ կողմի լուսանկարները ստացվել են պանքրոմատիկ ֆիլմով։ Յուրաքանչյուր լուսանկար 130 x 180 մմ չափեր ուներ։ Որոշ կադրեր թույլ էին տալիս նաև ստերեո նկարներ։ Լուսանկարներն արվել են մոտավորապես 11000 կմ և 3300 կմ հեռավորություններից։
Թռիչքին հետևել է նաև Ջոդրել Բենկի ռադիոաստղադիտարանը, որն ընդունել է թռիչքային տվյալները և ձայնային փոխանցումները[7]։ 2018 թվականին այս հետևման ձայնագրությունները բացահայտվել են աստղադիտարանի արխիվում[7]։
Դոնդ-6-ի Լուսնից վերադարձի ժամանակ ջրածնի պերօքսիդի բաքերի ջերմաստիճանի անկումը առաջացրեց անհանգստություններ[8]։ Խնդիրը լուծվեց Զոնդ-6-ի առանցքով պտտման միջոցով, որպեսզի բաքերը գտնվեին արևի ուղիղ ճառագայթների տակ[8]։ Թեև սա լուծեց բաքերի ջերմաստիճանը բարձրացնելու խնդիրը, արևի ճառագայթները վնասեցին վերադարձվող խցիկի դռան հերմետիկ փականը, և արդյունքում տիեզերանավի վրա առաջացավ օդի արտահոսք և ճնշումը խցիկում ընկավ[8]։
Զոնդ-6-ի պարագայում օգտագործվեց համեմատաբար հազվադեպ կիրառվող վայրէջքի տեսակ, որը կոչվում է «ոչ-բալիստիկ վերադարձ»՝ Երկիր վերադառնալուց առաջ արագությունը նվազեցնելու համար։ Վայրէջքից մի քանի ժամ առաջ՝ 1968 թվականի նոյեմբերի 17-ին, նավախցիկում օդի ճնշումը այնքան ընկավ, որ բոլոր ուղեվորները սպանվեցին։ Հետագայում հերթական խնդիրը ծագեց Զոնդ-6-ի պարաշյուտների հետ, դրանք արտանետվեցին Երկրից 5300 մետր հեռավորության վրա, չնայած պետք է արտանետվեին վայրէջքից հետո։ Տիեզերանավն ընկավ մեկնարկային հարթակից ընդամենը 16 կիլոմետր հեռավորության վրա։ Տիեզերանավի պատյանը ընկնելու ժամանակ դեֆորմացվել և պատռվել էր, սակայն, մոտ ինքնաոչնչացման համակարգի 10 կիլոգրամ տրոտիլը չէր պայթել Երկրին հարվածելիս։ Դրա շնորհիվ հնարավոր է եղել պահպանել տիեզերանավի վրա գտնվող տեսախցիկի կատարած լուսանկարները[9][10]։
|