Ենթատեսակ | կերակուր, նախաճաշիկ և soy bean? |
---|---|
Առաջացման երկիր | Ճապոնիա |
Edamame Վիքիպահեստում |
Էդամամե (ճապ.՝ 枝豆), ջրի կամ գոլորշու վրա պատիճներով խաշված դեռահաս սոյայի ունդեր, ճապոնական խոհանոցի հանրահայտ խորտիկ՝ գարեջրի և արևմտյան այլ սպիրտային խմիչքների հետ մատուցվող[1]։ Ճապոնիայում ունդերը սովորաբար խաշում են շաքարով քաղցրացրած աղաջրում և մատուցում են առանց աղի։ Այլ խոհանոցներում էդամամեի հետ աղ են մատուցում։
Բացի Ճապոնիայից էդամամե կարելի է հանդիպել Չինաստանում, Հնդկաստանում, Մալազիայում, Ինդոնեզիայում[1]։ ԱՄՆ-ում «էդամամե» բառով կոչում են կանաչապատիճ սոյան, ինչը վաճառվում է սուպերմարկետներում սառեցված տեսքով։
Ճապոնական անվանումը բառացի նշանակում է «ունդ ցողունի վրա», էդամամեն սովորաբար վաճառում էին դեռևս ցողունին կպած։ «Էդամամե» բառի ամենահին գրավոր հիշատակությունը թվագրվում է 1275 թվականին, վանական Նիտիրենը նվիրատուին նամակ է գրել, որում շնորհակալություն է հայտնել տաճարում թողած էդամամեի համար[2]։ Էդամամեի՝ հոքուում հանդիպած առաջին հիշատակումը վերաբերում է 1638 թվականին[3]։ 18-րդ դարում Էդոյում (Տոկիո) անցկացվել է էդամամեի հատուկ տոնավաճառ[4]։
Չինացի բանաստեղծ Լու Յուն 1175 թվականին իր ստեղծագործությունների հավաքածուում հիշատակում է «լոբու արկղերը» (չինարեն ավանդ. 豆莢, հեշտ. 豆荚 , պինին: dòujiá, պալլ.: доуцзя), սակայն հայտնի չէ՝ դա նույնացվու՞մ է, արդյոք, էդամամե բառի հետ[2]։ Չինաստանում սոյայի տերևները ուտում էին սովի ժամանակ, 1406 թվականին Չժու Սուի հեղինակությամբ հրատարակվել է «Դեղային միջոցներ դժբախտության դեպքերում» (չինարեն ավանդ. 救荒本草, հեշտ. 救荒本草 , պինին: jiùhuāng běncǎo) հանրագիտարանը, որում ընդգծվում էր, որ սովի ժամանակ թույլատրվում է ուտել նաև կանաչ պատիճներ[2]։ 1620 թվականին առաջին անգամ կիրառվել է էդամամե՝ «մազոտ պատիճ» (չինարեն ավանդ. 毛豆, հեշտ. 毛豆 , պինին: máodòu, պալլ.: маодоу) անվանումը[2]։
1855-1856 թվականներին սոյայի կանաչ պատիճներն անգլերենով հիշատակվում են ամերիկյան մի քանի գրքերում[2]։ 1890 թվականի դեկտեմբերին էդամամեն՝ սոյայի խոշորասերմ տարատեսակը, ներմուծվել է ԱՄՆ, 25 տարի անց այն հիշատակվում է ԱՄՆ-ի գյուղդեպարտամենտի հաշվետվություններում[5]։
Ճապոներեն լեզվում էդամամեի համար գոյություն ունի նաև «լուսնով հիացած ունդեր» (ճապ.՝ 月見豆 (ցուկիմիմամե)) անվանումը[1]։
Անգլերեն լեզվի օքսֆորդյան բառարանում edamame բառը ներմուծվել է 2003 թվականին, Ուեբստերի բառարանում՝ 2008 թվականին[6]։ Եվրոպայում առաջին էդամամեն աճեցվել է Մեծ Բրիտանիայում 2008 թվականին[7], շուտով դրա մշակությանը սկսել է փորձարկվել նաև ԱՄՆ-ում[8]։
2001 թվականին Ճապոնիայում էդամամեի մշակության համար օգտագործվել է 124 քմ² մշակված հողատարածք[1]։ Նախապես էդամամեն ավելի շատ մշակում էին Կանտո մարզի հյուսիսային մասում, 21-րդ դարում այս ոլորտի առաջատարներն են Սայտաման, Տիբան, Գումման, Նիիգատան, Յամագատան և Ակիտան[1]։
Էդամամեն սովորաբար հավաքում են ձեռքով, որպեսզի պատիճները չվնասվեն[9]։ Կանաչ պատիճները հավաքում են մինչ լիովին հասունանալը՝ ծաղկելուց 35-40 օր անց[10]։ Կանաչ սերմերում շատ սախարոզ է պարունակվում, որի պատճառով դրանք քաղցր են, պարունակվող գլուտամինաթթվով, ասպարագինաթթվով և ալանինով է պայմանավորված Էդամամեի համը[1]։
Էդամամեի պատիճները խաշում են տաք ջրում կամ գոլորշու վրա, ջուրը կարող է աղի լինել կամ աղի ու շաքարի խառնուրդով[11][1]։
Ճապոնիայի մի քանի շրջաններում էդամամեն տրորում են շաքարի հետ մինչև մածուցիկ զանգված դառնալը և պատում են դանգոյով[1][12]։
Պատրաստի պատիճները պետք է ուտել թարմ վիճակում, կամ՝ համի կորուստը կանխելու համար սառեցնել[13]։
Էդամամեն, ինչպես սոյայից այլ մթերքները, հարուստ է սպիտակուցներով, սննդային մանրաթելերով և այնպիսի նյութերով, ինչպիսիք են ֆոլաթթուն, մանգանը, ֆոսֆորը և վիտամին K-ն[14]։ 100 գրամ էդամամեն պարունակում է 361 մգ օմեգա-3 պոլիչհագեցած ճարպաթթուներ և 1794 մգ օմեգա-6 պոլիչհագեցած ճարպաթթուներ[14]։
{{cite encyclopedia}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite encyclopedia}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)