Էդմոնդ Հոյլ | |
---|---|
Ծնվել է | 1672[1][2][2][…] |
Ծննդավայր | Անգլիա |
Վախճանվել է | օգոստոսի 29, 1769 |
Վախճանի վայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Մասնագիտություն | գրող |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Edmond Hoyle Վիքիպահեստում |
Էդմոնդ Հոյլ (անգլ.՝ Edmond Hoyle, 1672[1][2][2][…], Անգլիա - օգոստոսի 29, 1769, Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն), բրիտանացի գրող և թղթախաղ խաղացող, տարբեր թղթախաղերի ու սեղանի այլ խաղերի կանոններին նվիրված մի շարք աշխատանքների հեղինակ, որը համարվում է նմանատիպ գրականության հիմնադիր։
Էդմոնդ Հոյլի կյանքի վերաբերյալ շատ քիչ տեղեկություններ կան. նրա ծննդյան ճշգրիտ ամսաթիվը և վայրը, ինչպես նաև նրա ծագումն անհայտ են։ Նրա մասին գրված տեղեկություններից շատերը չեն համապատասխանում իրականությանը կամ չափազանցված են[3]։ Ենթադրությունը, թե նա մարզվել է բարում, թվում է անհիմն[4]։ Համաձայն Ռոբերտ Չեմբերսի «Օրերի գրքի՝ Հոյլի հիմնական զբաղմունքը եղել է փաստաբանական գործունեությունը[5]։
1740-ականների սկզբին Հոյլն արդեն բնակվել է Լոնդոնում, ենթադրվում է, որ ապրուստի միջոցներ վաստակել է վիստ խաղալ սովորեցնելով։ 1742 թվականին նա առաջին հերթին իր աշակերտների համար գրել է «Կարճ տրակտատ վիստ խաղի մասին» աշխատությունը։ Այս ստեղծագործությունը (ըստ Օքսֆորդի կենսագրական բառարանի՝ եղել է թղթախաղին նվիրված առաջին գիտական աշխատանքը[5]), առաջին անգամ լույս է տեսել 1742 թվականի նոյեմբերին և շուտով դարձել է անհավանականորեն հանրաճանաչ։ Հեղինակի կյանքի ընթացքում այն վերահրատարակվել է 13 գիրք։ Վիստին նվիրված տեքստի ութերորդ հրատարակության մեջ (1748)[6] ավելացել են նաև տրակտատներ առքով այլ թղթախաղերի՝ կադրիլի և պիկեի մասին[5]։ Տասնչորսերորդ հրատարակությունը եղել է վերջինը, որ լույս է տեսել նրա կենդանության օրոք[7]։ Տասնհինգերորդ[8] և տասնվեցերորդ[9] լույս են տեսել հետմահու։ 1760 թվականին Հոյլը խմբագրել է տրակտատը, և այն մնացել վեստի ամենահեղինակավոր ուղեցույցը մինչև 1864 թվականը[10], երբ Լոնդոնի «Արլինգթոն» և «Պորտեր» ակումբները ընդունել են նոր կանոններ[11]։ Հրատարակություններից մեկը լույս է տեսել Էդինբուրգում[12][13]։ Այն թարգմանվել է բազմաթիվ լեզուներով, առաջինը՝ պորտուգալերեն (1753), ապա գերմաներեն (1754), ֆրանսերեն (1761), իտալերեն (1768), ռուսերեն (1769) և հոլանդերեն (1790)[14]։ Հոյլը և նրա տրակտատը հիշատակվել են անգլիական գրականության մի շարք ստեղծագործություններում, այդ թվում՝ Հենրի Ֆիլդինգի «Թոմ Ջոնսի՝ ընկեցիկի պատմությունը» (անգլ.՝ The History of Tom Jones, a Foundling» և Բայրոնի «Դոն Ժուան» ստեղծագործություններում[5]։
1751 թվականին հրատարակվել է տրակտատ բրագ խաղի՝ ժամանակակից պոկերի նախորդներից մեկի մասին[5]։ Թղթախաղերից բացի, Հոյլն զբաղվել է այլ սեղանի խաղերի կանոնների և ուղեցույցների կազմմամբ, մասնավորապես, նարդի խաղի (դրան վերաբերյալ մի աշխատություն գրվել է 1743 թվականին[15], ինչպես նաև ընդգրկել է նաև վիստի մասին տրակտատի ութերորդ հրատարակությունում[5]) և շախմատի (լույս է տեսել 1761 թվականին) մասին։ Արդեն 18-րդ դարի երկրորդ կեսին անգլերենում հայտնվել է according to Hoyle («ըստ Հոյլի») արտահայտությունը, որը նշանակում է մի բան, ինչն արվում է կանոնների լիարժեք պահպանմամբ[15][16]։ Նրա մահից հետո «Հոյլ» անվանումը դարձել է թղթախաղին նվիրված ցանկացած դասագրքի հոմանիշ։ Այսպես, 1860 թվականին լույս է տեսել «Ամերիկյան Հոյլ» գիրքը, 1889 թվականին`«Ստանդարտ Հոյլ․ լիակատար ուղեցույց բոլոր մոլեխաղերի համար»[5], իսկ 1956 թվականին՝ «Նոր ամբողջական Հոյլը» ավելի քան 600 մոլեխաղերի և ինտելեկտուալ խաղերի կանոններով, տեսությամբ և պատմությամբ[15]։
Էդմոնդ Հոյլը մահացել է 1769 թվականին և թաղվել Լոնդոնի Մարիլեբոյան գերեզմանատանը[5]։ 1979 թվականին՝ նրա մահվանից 210 տարի անց, Հոյլի անունն առաջիններից մեկն ընդգրկվել է Լաս Վեգասի Պոկերի փառքի սրահում՝ չնայած այն բահանգամանքին, որ պոկերն նրա ներկայիս տեսքով Հոյլի ժամանակ դեռևս գոյություն չուներ[16][17]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդմոնդ Հոյլ» հոդվածին։ |
|