Էդուարդ Ստեփանի Թոփչյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 6, 1971 (53 տարեկան) |
Ծննդավայր | Երևան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա և Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց |
Մասնագիտություն | դիրիժոր |
Պարգևներ և մրցանակներ | |
Eduard Topchjan Վիքիպահեստում |
Էդուարդ Ստեփանի Թոփչյան (1971, մայիսի 6, Երևան), հայ դիրիժոր, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ (2006)։
Գրականագետ Էդուարդ Թոփչյանի թոռն է, գրականագետ, հրապարակախոս, արվեստաբան, նկարիչ Ստեփան Թոփչյանի որդին, գրող, գրականագետ, գրաքննադատ, դրամատուրգ, արձակագիր Ալեքսանդր Թոփչյանի եղբորորդին, բանասեր, թարգմանիչ Արամ Թոփչյանի կրտսեր եղբայրը։
Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջութակի բաժինը։ Դիրիժորության դասեր է առել Օհան Դուրյանից։ 1991 թվականին ստեղծել է «Սերենադ» կամերային նվագախումբը, որը Թոփչյանի ղեկավարությամբ Եվրոպայում հանդես է եկել շուրջ 700 հյուրախաղային համերգներով։
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ առաջին ելույթը կայացել է 2000 թվականին։ 2007 թվականից թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանի հետ համատեղ Երևանյան միջազգային երաժշտական ամենամյա փառատոնի նախաձեռնողն ու գեղարվեստական ղեկավարն է։ 2012 թվականից հանդիսանում է Իսպանիայի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր հրավիրյալ դիրիժորը։
Նրա ղեկավարությամբ հնչել են («Աիդա», «Սևիլյան սափրիչը», «Թիկնոցը», «Մադամ Բատերֆլայ», «Տուրանդոտ», «Սիմոն Բոկանեգրա», «Ռիգոլետտո», «Պայացներ», «Օթելլո», «Եվգենի Օնեգին», իսկ արտերկրի հյուրախաղերի ընթացքում՝ նաև «Դոն Ժուան», «Պիկ թագուհին», «Կախարդական սրինգ», «Տուրանդոտ» օպերաները[1]։
Թոփչյանի գլխավորած համերգներում հանդես են եկել համաշխարհային հռչակ վայելող արտիստներ՝ Պլասիդո Դոմինգոն, Պինխաս Ցուկերմանը, Ռենատո Բրուզոնը, Ջուզեպե Ջակոմինին, Սերգեյ Լարինը, Վլադիմիր Չեռնովը, Վինչենցո լա Սքոլան, Ռայնա Կաբայվանսկան, Միշա Մայսկին, Նատալյա Գուտմանը, Սթիվեն Իսերլիսը, Դավիդ Գերինգասը, Յուրի Բաշմետը, Կիմ Քաշքաշյանը, Դիմուտ Պոպենը, Էմանուել Պահուդը, Թիբոր Վարգան, Ռադովան Վլատկովիչը, Սերգեյ Նակարյակովը, Բորիս Բերեզովսկին, Ջուլյա Ֆիշերը, Սերգեյ Խաչատրյանը, Իզաբել Ֆաուստը, Դայշին Կաշիմոտոն, Սերգեյ Բաբայանը, Կոնստանտին Լիֆշիցը, Ֆրանսուա-Ժոել Տիոլիեն, Յանա Բուսկովան, Ալեքսեյ Լյուբիմովը, Բերնդ Գլեմզերը, Բերնար Ռինգեյսենը, Ելենա Բաշկիրովան, Նարեկ Հախնազարյանը, Իզաբել Բայրաքդարյանը, Ալեքսանդր Չաուշյանը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդուարդ Թոփչյան (դիրիժոր)» հոդվածին։ |
|