Էթել Մայերս | |
---|---|
Ի ծնե | անգլ.՝ Lillian Cochran |
Ծնվել է | օգոստոսի 23, 1881 կամ 1881[1] |
Ծննդավայր | Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Վախճանվել է | մայիսի 24, 1960 կամ 1960[1] |
Մահվան վայր | Cornwall, Օրենջ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Փարսոնս դիզայնի դպրոց |
Մասնագիտություն | քանդակագործ, նկարչուհի, նորաձևության դիզայներ և արվեստագետ |
Ոճ | Աղբամանների դպրոց |
Թեմաներ | քանդակագործություն |
Ուսուցիչ | Ռոբերտ Հենրի, Walter Satterlee? և Վիլյամ Չեյզ |
Ամուսին | Ջերոմ Մայերս |
Զավակներ | Virginia Janet Mayer? |
Ethel Myers Վիքիպահեստում |
Էթել Մայերս (անգլ.՝ Mae Ethel Klinck Myers, ի ծնե՝ Lillian Cochra, օգոստոսի 23, 1881 կամ 1881[1], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - մայիսի 24, 1960 կամ 1960[1], Cornwall, Օրենջ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի նկարչուհի և քանդակագործ, նկարիչ Ջերոմ Մայերսի կինը։ Հարել է Աղբամանների դպրոցին, ճանաչման հասել է ամուսնությունից հետո։ Եղել է նաև արվեստի մասնավոր ձեռնարկու և մանկավարժ։
Ծնվել է 1881 թվականի օգոստոսի 23-ին Բրուքլինում, Նյու Յորք։ Նրա 20-ամյա մայրը Էթելի ծնվելու ժամանակ ծանր հիվանդ է եղել և մահացել է, երբ լրացել է աղջկա չորս տարին։ Այդ ժամանակներում հայրը ևս մահացել է, և աղջիկը որբացել է։ Որոշ ժամանակ անց նրան իրենց հարկի տակ ընդունել է ունևոր Մայքլ և Ալֆիատա Կլինկ զույգը, աղջկան տվել Մայ Էթել Կլինկ անունը[2]։ Մահացել է նրա խորթ հայրը, և աղջիկը խորթ մոր հետ ապրել է Բրուքլինում և Օրանժում, Նյու Ջերսիում Էթելը սովորել է մասնավոր դպրոցներում։ Նրա խորթ մայրը դաշնամուր է նվագել, աղջկան ևս սովորեցրել այն հույսով, որ կդառնա դաշնակահարուհի։
Այդ ընթացքում նրանք ապրում էին Նյուարկ քաղաքում, որտեղ Էթելը շարունակել է սովորել դպրոցում։ Դաշնամուր նվագելով զբաղվելը նրան հետաքրքիր չէր և նա սկսել է սովորել Նյու Յորքի Ազգայն ակադեմիայում, այնուհետև 1898 թվականից շարունակել ուսումը Նյու Յորքի Արվեստի դպրոցում։ Միաժամանակ սովորել է Վիլյամ Չեյզի մասնավոր դպրոցում և 1904 թվականին ավարտել Արվեստի դպրոցը։ Չեյզի դպրոցում նա ծանոթացել է ամերիկացի բազում նկարիչների հետ, որոնցից էին Ջոն Սլոունը, Ուիլյամ Գլակենսը և ուրիշներ[3]։ Նրա ուսուցիչներից մեկը եղել է Ռոբերտ Հենրին, որը մեծ ազդեցություն է ունեցել աղջկա արվեստի վրա։
Իր ապագա ամուսնու՝ նկարիչ Ջերոմ Մայերսի հետ Էթելը հանդիպել է 1904 թվականին արվեստի գործակալ Ուիլյամ Մակբեթի պատկերասրահում[4]։ Ջերոմը և Էթելը ամուսնացել են 1905 թվականին փոքրիկ եկեղեցում և սկսել են միասին ապրել 59-րդ փողոցում գտնվող նրա արվեստանոցում[4]։ Աղջկա մայրը չի ողջունել Մայերսի հետ ամուսնությունը՝ համարելով նրան խեղճ նկարիչ, նախընտրելով աղջկա վաղ նշանադրությունը գործարարի հետ։ Հետագայում նա զրկել է Էթելին ժառանգության մասից, որը խոստացվել էր։ Ամուսնությունից մեկ տարի անց՝ 1906 թվականի հոկտեմբերի 21-ին, Էթելն աղջիկ է ունեցել՝ Վիրջինյային, որը հետագայում դարձել է ամերիկացի հայտնի պարուհի։
Աղջկա ծննդից կարճ ժամանակ անց Էթելը որոշել է հեռանալ գեղանկարչությունից՝ արվեստանոցի տարածքն ազատելով ամուսնու համար, իսկ ինքն զբաղվել է փոքր քանդակներ ստեղծելով։ Սկզբում ստեղծել է մարդկանց ծաղրանկարային բրոնզե քանդակներ, որոնցից շատերը զվարճալի դիրքերով էին։ 1913 թվականին ցուցադրվել է Նյու Յորքի Արսենալյան ցուցահանդեսում, որտեղ նրան նկատել է արվեստաբան Շառլոտա Ռուբինշտեյնը։ Շատ թերթեր և հանդեսներ գրել են նրա արվեստի մասին։
Ամերիկացի նկարիչ և գրող Ռոջեր Ֆրայը (Մետրոպոլիտեն թանգարան) գնել է Ջերոմ Մայերսի մի շարք աշխատանքներ և առաջարկել նրան գնալ Լոնդոն, որտեղ Ֆրայի կարծիքով նա իր աշխատանքների համար կգտներ հարուստ շուկա։ Այդ պատճառով Մայերս ընտանիքն ամբողջ կազմով 1914 թվականին գնացել է Լոնդոն։ Մինչև Առաջին համաշխարհային պատերազմը մնացել էր մեկ ամիս։ Լոնդոն հասնելուց հետո ընտանիքն իրենց արվեստի գործակալի հետ գնացել է Փարիզ, որտեղ բնակարան են վարձել և կահույք գնել՝ պատրաստվելով իրենց կյանքի նոր փուլին։ Ջերոմն արագ աշխատանք է գտել, Էթելն իմացել է իր անելիքը՝ մեծ հույսեր տածելով աղջկա հանդեպ։ Սակայն սկսված պատերազմը խառնել է նրանց պլանները։ Ամերիկայի դեսպանությունը խորհուրդ է տվել Ջերոմին և Էթելին հեռանալ Փարիզից։ Հավաքելով իրենց իրերը, ներառյալ անավարտ նկարները՝ գրեթե առանց միջոցների նրանք բռնել են դեպի Ամերիկա իրենց հետադարձի ճանապարհը[5]։
ԱՄՆ վերադառնալուց հետո դժվար ժամանակներում լրացուցիչ եկամուտ ստանալու համար Էթելն ուշադրություն է դարձրել կարի ձեռնարկությանը, որոնք կանանց համար արտադրանք էին ստեղծում։ Նա զբաղվել է հագուստի և գլխարկների դիզայնով, ինչպես նաև դասավանդմամբ՝ չթողնելով նաև քանդակագործությամբ զբաղվելը։ Նա հագուստներ է ստեղծել հայտնի մարդկանց համար, Նյու Յորքում ունեցել է խանութ։ Որպես գործարար կին նրա կյանքը տևել է 25 տարի՝ 1915-ից մինչև 1940 թվականը, երբ մահացել է ամուսինը։ Ամուսնու մահից հետո Էթելն իր ժամանակի մեծ մասը նվիրել է ամուսնու արվեստի հանրայնացմանը՝ ողջ ԱՄՆ-ի տարածքում Արվեստի ամերիկյան ֆեդերացիայի (անգլ.՝ American Federation of Arts) հովանավորությամբ դասախոսություններ է կարդացել նրա աշխատանքների մասին։
1949 թվականից Էթելը թոշակի է անցել՝ մինչև 1959 թվականը լինելով Նյու Յորքի Christodora House-ի գեղեցիկ արվեստների և խեցեգործության բաժնի արտ տնօրենը[6][7]։
Մահացել է 1960 թվականի մայիսի 24-ին Կորնուոլ քաղաքում, Նյու Յորք։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էթել Մայերս» հոդվածին։ |
|