Էլենե Ախվլեդիանի վրաց.՝ ელენე დიმიტრის ასული ახვლედიანი | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 5, 1898[1] |
Ծննդավայր | Թելավ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | դեկտեմբերի 30, 1975[2] (77 տարեկան) |
Մահվան վայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Դիդուբեի պանթեոն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիա (1922) և Կոլարոսսիի ակադեմիա (1927) |
Մասնագիտություն | նկարչուհի |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Էլենե Ախվլեդիանի (վրաց.՝ ელენე ახვლედიანი) (ապրիլի 5, 1898[1], Թելավ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 30, 1975[2], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), 20-րդ դարի վրաց նկարչուհի, գրաֆիկ, թատերական ներկայացումների և գեղարվեստական գրքերի ձևավորող։ Համբավվել է հատկապես վրացական քաղաքների տեսարանների, Իլիա Ճավճավաձեի, Վաժա Փշավելայի ժողովածուների, Թբիլիսիի Մարջանիշվիլու անվան թատրոնում մի շարք ներկայացումների ձևավորման համար[3][4]։
Ծնվել է 1901 թվականին Թելավում, բժշկի ընտանիքում։ 1910 թվականին ընտանիքով տեղափոխվել է Թիֆլիս[5]։
Դեռևս գիմնազիայում սովորելու տարիներին լրջորեն զբաղվել է նկարչությամբ, 1919 թվականին մասնակցել ցուցահանդեսի[6]; 1922 թվականին ընդունվել է Թիֆլիսի գեղարվեստի ակադեմիան, ուսանել Գիորգի Գաբաշվիլու դասարանում։ Առաջին կուրսն ավարտելով՝ որպես ակադեմիայի թոշակառու՝ գործուղվել է Իտալիա և Ֆրանսիա, մի քանի տարի բնակվել Փարիզում, որտեղ 1924-1927 թթ. հաճախել է գեղարվեստի Կոլարոսի ազատ ակադեմիայի պարապմունքներին։ Միաժամանակ շարունակել է ստեղծագործել, մասնակցել ցուցահանդեսների՝ արժանանալով արվեստի ֆրանսիացի քննադատների դրվատանքներին[6]։ Բարձր գնահատականի է արժանացել հատկապես բնանկարների «հին Թիֆլիս» շարքը, որտեղ լավագույնս դրսևորվել է նկարչուհու ստեղծագործական ոճի բնորոշ գծերից մեկը՝ տեսարանին զարդապատկերային հատկանիշներ հաղորդելը։
1927 թվականին Ախվլեդիանին վերադարձել է հայրենիք, անհատական ցուցահանդեսներ կազմակերպել Թելավում, Թիֆլիսում, Քութայիսում։ Ընդ որում՝ Քութայիսի թատրոնի ղեկավար Կոտե Մարջանիշվիլուց առաջին հրավերն է ստացել՝ ձևավորելու թատերական ներկայացում։ Դրանից հետո բազմաթիվ բեմադրություններ է ձևավորել և՝ ոչ միայն Վրաստանում, այլև նրա սահմաններից դուրս գտնվող թատրոններում։ Ընդհանուր առմամբ նկարչուհին ձևավորել է 60-ից ավելի ներկայացում և մի շարք կինոնկարներ։ Միաժամանակ շարունակել է հարստացնել բնանկարների իր շարքերը՝ ստեղծելով թե՛ Վրաստանի և թե՛ այլ երկրների (Ուկրաինա, Չեխոսլովակիա, Էստոնիա և այլն) տպավորիչ բնապատկերներ։ Այս ամենի հետ մեկտեղ նա նշանակալի ավանդ է ներդրել գրքի ձևավորման ասպարեզում՝ նկարազարդելով Սերվանտեսի, Հյուգոյի, Լոնգֆելլոյի, Վաժա Փշավելայի, Իլիա Ճավճավաձեի, Էգնատե Նինոշվիլու և այլ հեղինակների ստեղծագործություններ։
Էլենե Ախվլեդիանին վախճանվել է 1975 թվականի դեկտեմբերի 30-ին, հուղարկավորվել Թբիլիսիում՝ Դիդուբեի պանթեոնում։ Թբիլիսյան այն բնակարանում, որտեղ երկար տարիներ ապրել է նկարչուհին, բացվել է նրա տուն-թանգարանը [7]:
Նկարչուհու աշխատանքների մի քանի հետմահու ցուցահանդեսներ են կազմակերպվել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, իսկ 2008 թվականի հունիսի 27-ից հոկտեմբերի 12-ը նրա գործերի մեծ ցուցահանդես է գործել Փարիզի Մոնպառնաս թաղամասի թանգարանում[8][9] ·[10] ·[11]:
Биографические данные на сайте АртРу.инфо Արխիվացված 2018-05-18 Wayback Machine
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլենե Ախվլեդիանի» հոդվածին։ |
|