Էլիսո Վիրսալաձե | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 14, 1942 (82 տարեկան) Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Երկիր | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | դաշնակահարուհի և երաժշտության ուսուցիչ |
Գործիքներ | դաշնամուր |
Աշխատավայր | Մոսկվայի կոնսերվատորիա |
Կրթություն | Մոսկվայի կոնսերվատորիա և Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիա |
Պարգևներ | |
Կայք | elisovirsaladze.com |
Eliso Virsaladze Վիքիպահեստում |
Էլիսո Կոնստանտինի Վիրսալաձե (սեպտեմբերի 14, 1942, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), վրացի խորհրդային դաշնակահարուհի, ականավոր մանկավարժ, Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1989), Վրացական ԽՍՀ Շոթա Ռուսթավելու անվան պետական մրցանակի (1983) և Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակի (2000) դափնեկիր։
Էլիսո Վիրսալաձեն ծնվել է 1942 թվականի սեպտեմբերի 14-ին Թբիլիսիում։ Դաշնամուր նվագել սովորել է իր տատի՝ դաշնակահարուհի և մանկավարժ Անաստասիա Վիրսալաձեի մոտ՝ հաճախել է նրա դասարանը Զաքարիա Փալիաշվիլու անվան երաժշտական հատուկ դպրոցում (1950-1960), նրա ղեկավարությամբ էլ ավարտել է Թբիլիսիի կոնսերվատորիան (1960-1966)[3]։ 1966-1968 թվականներին սովորել է Մոսկվայի կոնսերվատորիայի ասպիրանտուրայում, որտեղ նրա դասախոսներից են եղել Հենրիխ Նեյգաուզն ու Յակով Զակը։
1959 թվականից Թբիլիսիի, իսկ 1977 թվականից՝ Մոսկվայի ֆիլհարմոնիայի մենակատար է։
Էլիսո Վիրսալաձեի վարպետությունը բարձր է գնահատել Սվյատոսլավ Ռիխտերը՝ հատկապես առանձնացնելով Ռոբերտ Շումանի ստեղծագործությունների կատարումները։
Դաշնակահարուհին նվագում է XVIII-XIX դարի արևմտաեվրոպական կոմպոզիտորների (Մոցարտ, Բեթհովեն, Ֆրանց Շուբերտ, Ռոբերտ Շուման, Ֆերենց Լիստ, Շոպեն), ինչպես նաև Պյոտր Չայկովսկու, Սերգեյ Պրոկոֆևի և Դմիտրի Շոստակովիչի ստեղծագործությունները։ Նա ելույթներ է ունեցել Պետերբուրգի ֆիլհարմոնիկ նվագախմբի ու Լոնդոնի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ Եվրոպայում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում։ Աշխատել է այնպիսի դիրիժորների հետ, ինչպիսիք են Ռուդոլֆ Բարշայը, Կիրիլ Կոնդրաշինը, Եվգենի Սվետլանովը, Յուրի Տեմիրկանովը, Ռիկարդո Մուտին, Կուրտ Զանդերլինգը, Վոլֆգանգ Զավալիշը և այլք։ Հանդես է եկել կամերային ամսամբլներում Ս. Ռիխտերի, Նատալյա Գուտմանի, Օլեգ Կագանի և այլ նշանավոր երաժիշտների հետ։
1975 թվականից Էլիսո Վիրսալաձեն միջազգային մի շարք երաժշտական մրցույթների ժյուրիի անդամ է։
1967 թվականին Էլիսո Վիրսալաձեն սկսել է դասավանդել Մոսկվայի կոնսերվատորիայում (1977 թվականից դոցենտ է, 1993 թվականից՝ պրոֆեսոր)։ Եղել է Մյունխենի Երաժշտության բարձրագույն դպրոցի պրոֆեսոր (1995-2011)։ 2010 թվականից Ֆիեզոլե երաժշտական դպրոցի (Scuola di Musica di Fiesole, գտնվում է Ֆլորենցիայի մոտ, Իտալիա) պրոֆեսոր է։ Վարպետության դասեր է տալիս աշխարհի շատ երկրներում։
Էլիսո Վիրսալաձեի աշակերտներից են եղել միջազգային մրցույթների դափնեկիրներ Բորիս Բերեզովսկին, Ե. Վոսկրեսենսկայան, Վ. Բրոնովոցկին, Յակով Կացնելսոնը, Ալեքսեյ Վոլոդինը, Դ. Կապրինը, Մ. Կոլոմիյցևան, Ալեքսանդր Օսմինինը, Ա. Խաչատրյանը, Ս. Խեգայը, Լ. Ակոպովան, Մ. Նահապետովը, Տ. Չերնիչկան, Օ. Մաչերատինին, Է. Միրկասիմովան, Դ. Քլինթոնը և այլք։
Էլիսո Վիրսալաձեն Մոսկվայի «Вера» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է[4][5]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիսո Վիրսալաձե» հոդվածին։ |
|