Էխինոկոկ |
---|
Միախցիկ էխինոկոկի (Echinococcus granulosus) հյուսվածքային կուլտուրան |
|
Գիտական դասակարգում |
---|
|
Լատիներեն անվանում |
Echinococcus Rudolphi, 1801
|
Տեսակներ |
- Echinococcus canadensis
- Echinococcus equinus
- Echinococcus felidis
- Echinococcus granulosus
- Echinococcus multilocularis
- Echinococcus oligarthrus
- Echinococcus ortleppi
- Echinococcus shiquicus
- Echinococcus vogeli
|
|
Էխինոկոկ, պարկաճիճու, մանր, ժապավենաձև երիզորդեր։ Հայտնի է 9 տեսակ, միախցիկ էխինոկոկ (Echinococcus granulosus), բազմախցիկ էխինոկոկ (Alveococcus multilocularis) և այլն։ Միախցիկ էխինոկոկի մարմինը կազմված է գլխիկից, որը կրում է ծծիչներ ու կարթերի պսակ և 3-4 հատվածից։
Սեռահասուն ձևի երկար, մինչև 6 մմ էխինոկոկ մակաբուծվում է շների և վայրի մսակերների բարակ աղիներում։ Երիզորդի համար մարդը և գրեթե բոլոր կաթնասուն կենդանիները միջնորդ տերեր են, որոնց օրգանիզմում զարգանում են էխինոկոկի թրթուրային ձևերը՝ գոյացնելով բշտեր, որոնց ներքին շերտը սաղմնային հյուսվածք է և առաջացնում է սկոլեքսներ ու դուստր բշտեր։ Էխինոկոկի բշտերի չափը հազիվ տեսանելիից կարող է հասնել մինչև նորածին երեխայի գլխի մեծության։ Բշտերը հաճախ զարգանում են կենդանիների լյարդում և թոքերում։ Կենդանիները էխինոկոկով վարակվում են՝ շների կողմից արտաքին միջավայր արտազատած սաղմերը (օնկոսֆերներ) ներս ընդունելով։
Մարդը վարակվում է չլվացած կանաչեղենի, մրգերի, բանջարեղենի, կեղտոտ ձեռքերի միջոցով։ Կարող է վարակվել նաև շների հետ խաղալիս, շոյելիս (հատկապես՝ երեխաները)։ Կլինիկական ախտանշաններով էխինոկոկոզի ախտորոշումը դժվար է։ Երբեմն օգտագործում են իմունակենսաբանական եղանակը։ Չնայած էխինոկոկի միջնորդ տերերը շատ են, սակայն համաճարակաբանական տեսանկյունից կարևոր են ոչխարներն ու տավարը։ Էխինոկոկի բշտերը ինվազիոն են դառնում 6 ամսում։ Ոչխարի կամ տավարի մորթից հետո էխինոկոկի բշտային ձևով վարակված լյարդը և թոքերը սովորաբար տրվում են շներին. հատկապես այժմ, երբ իրականացվում է հիմնականում բակային մորթ, որով և պայմաններ են ստեղծվում շների և գյուղատնտեսական կենդանիների զանգվածային վարակման համար։ Վերջին հինգ տարիներին կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ տավարի և ոչխարի էխինոկոկով վարակվածությունը բարձր տոկոս է կազմում։ Քիչ չեն նաև մարդկանց վարակվածության դեպքերը։
Էխինոկոկոզի դեղանյութային բուժումը դեռևս մշակված չէ։ Մարդկանց բուժումն իրականացվում է վիրաբուժական միջամտությամբ։
Բազմախցիկ էխինոկոկոզ Հայաստանում չի հայտնաբերվել։ Միախցիկ էխինոկոկոզի դեմ պայքարի հիմնական միջոցը շների ճիճվաթափությունն է, որն իրականացվում է յուրաքանչյուր 3 ամիսը մեկ։
Բնակչության շրջանում (հատկապես՝ դպրոցներում) պետք է տանել բացատրական աշխատանքներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 37)։
|