Տեսակ | հնագիտական հուշարձան |
---|---|
Երկիր | Եգիպտոս |
Էխնաթոնի դամբարան, փարավոն Էխնաթոնի և նրա դստեր՝ Մակեթաթոնի թաղման նախնական վայրը[1]։ Կառուցվել է Էխնաթոնի ղեկավարությամբ և գտնվում է Ամառնայի լեռներում՝ նրա կողմից կառուցված Ախեթաթոն մայրաքաղաքի մոտ։
Դամբարանը հայտնաբերել է իտալացի հնագետ Ալեսանդրո Բորսանտին 1893-1894 թվականներին։
Այն սկսվում է իջնող միջանցքով։ Նրա կեսին անավարտ սենյակ է (հնարավոր է, նախատեսված Նեֆերտիտիի համար)։ Աջում կա մեկ այլ սենյակ։ Միջանցքի վերջում ոչ մեծ շինություն է և թաղման խուցը։
Երեք խցերից (որոնք կոչվում են ալֆա, բետա և գամմա) երկրորդ ճյուղավորումը, հնարավոր է, եղել է Մակեթաթոնի՝ Էխնաթոնի երկրորդ դստեր, կամ Կիյա անվամբ փարավոնի երկրորդական կնոջ դամբարանը (մումիան չի հայտնաբերվել)։
Երկու խցերը (ալֆա և գամմա) ձևավորված են և պատկերում են նմանատիպ տեսարաններ․ ալֆա խցում Էխնաթոնը և Նեֆերտիտին սգում են կորուստը, կողքին դայակը ձեռքերում պահում է նորածնին, կանգնած են հովհարավորները, ինչը ցույց է տալիս մանկան թագավորական ծագումը։ Տեսարանի հերոսների անունները վնասված են։ Գամմա խցում կա նմանատիպ տեսարան․ այստեղ հիերոգլիֆները մահացածին նույնացնում են Մակեթաթոնի հետ։
Նույն խցի մեկ այլ տեսարանում պատկերված է, թե ինչպես է Մակեթաթոնը կանգնած ծածկի տակ, որը սովորաբար կապված է երեխայի ծնունդի հետ, սակայն կարող է մեկնաբանվել նաև որպես արքայադստեր վերածնունդ։ Նրա դիմաց կանգնած են Էխնաթոնը, Նեֆերտիտին և նրանց 3 աղջիկները՝ Մակեթաթոնը, Անհեսենամոնը և Նեֆերնեֆերուատոն-թաշերիթը։
Կա վարկած, որ Մակեթաթոնը մահացել է ծննդաբերության ժամանակ[2] կամ ժանտախտից։ Համաճարակը, որը բռնկվել էր Եգիպտոսում Էխնաթոնի կառավարման 12-15-րդ տարիներին, ժամանակով համապատասխանում է թագավորական ընտանիքի անդամներից շատերի վերջին անգամ հիշատակման հետ։ Նրանց թվում են արքայամայր Տիյան, թագուհի Նեֆերտիտին, Կիյան, Մակեթաթոնը և փոքր արքայադուստրերը՝ Նեֆերնեֆուրան և Սետեպենրան[3]
Դեկորացիաներից շատերը ոչնչացրել է ջրհեղեղը։
Էխնաթոնի մարմինը մայրաքաղաք՝ Մեմֆիս վերադարձնելուց հետո, հնարավոր է վերաթաղել են Արքաների հովտում ինչ-որ տեղ։ Ենթադրվում է, որ այն KV55 դամբարանում գտնվող մումիան է[4], սակայն այս տեսակետը վերանայվում է[5][6][7]։
Էխնաթոնի սարկոֆագը քանդվել է, ներկայումս վերանորոգվել է և գտնվում է Կահիրեի եգիպտական թանգարանի այգում։ Սարկոֆագը նկարազարդված է սյուժեով, որը ցույց է տալիս Նեֆերտիտիին պահապան աստվածուհու կերպարով և Աթոնի արևային սկավառակը։