|
Էնդլա (էստ․՝ Endla looduskaitseala), պետական արգելոց Էստոնիայում, Յարվամաա (Կոեռու), Յիգևամաա (Յիգևա, Պայուսի), Լյաենե-Վիրումաա (Ռակե) նահանգների տարածքում՝ Պանդիվեռե բարձրավայրում։ Զբաղեցնում է 10 110 հա տարածք[1]։
Ձևավորվել է 1980 թ.-ին 8 162 հա տարածքով որպես բնության պահպանվող տարածք։ Այնուհետև 1985 ստացել է արգելոցի կարգավիճակ։ 1997 թ.-ին արգելոցը ընդգրկվել է այսպես կոչված Ռամսարի ցուցակում (Ռամսարի համաժողով), որի համաձայն պահպանվող տարածքի ջրա-ճահճային տարածքներն ստացել են միջազգային կարգավիճակ, իսկ 2004 թ.-ից՝ «Նատուրա-2000»-ի ցուցակում[2]։
Էդլա արգելոցի տարածքի մեծ մասը պատված է անտառներով, առկա են մեծ թվով ճահճուտներ, լճեր և յուրահատուկ աղբյուրներ։ Առկա են նաև տորֆի հսկայական պաշարներ, որոնց հաստությունը կարող է հասնել մինչև 8 մ։ Այստեղ բնակվում են ավելի քան 450 բուսատեսակներ։
Արգելոցն ունի հարուստ և բազմազան ֆաունա։ Այստեղ բնակվում են ավելի քան 180 թռչնատեսակ, 42 տեսակ կաթնասուն, միջատների ու սողունների հարյուրավոր տեսակներ։ Ջրային տարածքներում բնակվում են բազմաթիվ ձկնատեսակներ, որոնց որսը որոշակի սահմանափակումներով թույլատրելի է[3]։