Էպիբլաստ (հին հունարենից. ерí – «վրա» և blastós – «սաղմ, ընձյուղ»), բջջապատի արտաքին շերտ բարձրագույն ողնաշարավորների մոտ։ Էպիբլաստն էկտոդերմին հոմոլոգ չէ, քանի որ իր մեջ պարունակում է բոլոր երեք սաղմնային թերթիկների նյութը։ Ենթադրյալ էնտոդերմի և մեզոդերմի բջիջները գաստրուլյացիայի գործընթացի ընթացքում գաղթում են էպիբլաստից սաղմի մեջ։ Որոշ կենդանիների մոտ էպիբլաստը առանձնացված է ներքի շերտից (հիպոբլաստ) հատուկ խոռոչով` բլաստոցելով։
Մկների մոտ էպիբլաստի բջիջներից ձևավորվում են առաջնային սաղմնային բջիջները[1]։ Թռչնի սաղմում գաստրուլյացիան տեղի է ունենում էպիբլաստում։ Էպիբլաստի տեղային խտացումը, որը հայտնի է որպես Քոլլերի մանգաղ (անգլ.՝ Koller's sickle), առանցքային դեր ունի նախնական շերտի ձևավորման մեջ, որի միջոցով տեղի է ունենում գաստրուլյացիան[2]։
Մարդու սաղմում էպիբլաստը ձևավորվում է բեղմնավորումից մոտավորապես 7-8 օր հետո։ Զարգացման այս փուլում մարդու սաղմը բլաստոցիտ է, որն իրականացնում է իմպլանտացիա (ներդրում արգանդի պատի մեջ) և ունի երեք բջջային կառուցվածք՝ էպիբլաստ, հիպոբլաստ և տրոֆոբլաստ։ Ապագա երեխայի մարմինը ձևավորվում է միայն էպոբլաստի սերնդի բջիջներից։ Հիպոբլաստը անհետանում է բեղմնավորումից մոտավորապես 10 օր անց՝ իրականացնելով իր տարածական-կազմակերպչական ֆունկցիան, տրոֆոբլաստի ածանցյալները սկիզբ են դնում խորիոնի էկտոդերմային բջիջների։ Էպիբլաստը՝ որպես կառույց, անհետանում է գաստրուլյացիայի գործընթացի ընթացքում, այսինքն՝ բեղմնավորումից մոտավորապես 10 օր անց։ Էպիբլաստի ածանցյալները սկիզբ են դառնում պտղի զարգացման գրեթե բոլոր մյուս կառույցների համար (հենց պտուղը, ինչպես նաև ամնիոն, խորիոնի մեզոդերմ, դեղնուցապարկ, ալանտոիս)։
|