Էջանց, հիշագիր, կուստոդ (լատին․՝ custod՝ պահակ), գրքի էջի տեքստատակի աջ եզրին դրվող բառ կամ վանկ, որը հաջորդ էջի 1-ին բառի (վանկի) կրկնությունն է։ Օգտագործվել է միջնադարում ձեռագիր և հնատիպ գրքերում թերթերի հերթականությունը պահելու համար։ XV-XVI դարերում փոխարինվել է էջահամարով։
Օգտագործվում էին հին գրքերում, որպեսզի կազմարարին օգներ ճիշտ հերթականությամբ դասավորել էջերն ու նոթատետրերը[1]
Էջանցներն առաջին անգամ հայտնվում են միջնադարյան ձեռագրերում։ Դրանք օգտագործվել են նաև 15-րդ դարավերջի տպագիր գրքերում։ Առավել հաճախ հանդիպում է 16-րդ դարի գրքերում։ 18-րդ դարի վերջում տպագրական տեխնոլոգիաների փոփոխությունների պատճառով էջանցները անցնում են գրքի էջերից։
էջանցի մեկ այլ գործառույթի մասին գրել է Թեոդոր Լոու Դե Վինը (անգլ.՝ Theodore Low De Vinne) «Ճիշտ կազմություն» (անգլ.՝ Correct Composition, 1901 թվական)․ տեղեկատուում[2]։
Ժամանակակից տեղեկատուներում և բառարաններում էջախորագրերն ու էջանցները նման են, և, հավանաբար, ծագում են դրանից, բայց նրանք այլ դեր են խաղում. հեշտացնում են գրքում բառ գտնելը։
Մեր ժամանակներում էջանցներն օգտագործվում են եկեղեցա-սլավոնական տեքստերում, հատկապես պաշտամունքի ժամանակ բարձրաձայն կարդացվող տեքստերում։ Նրանց ներկայությունն օգնում է չընդհատվել էջը շրջելիս։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |