Էստրիդ Հայն

Էստրիդ Հայն
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 27, 1873(1873-07-27)
ԾննդավայրԿոպենհագեն
Մահացել էհուլիսի 25, 1956(1956-07-25)[1] (82 տարեկան)
Մահվան վայրHørsholm, Դանիա
ՔաղաքացիությունԴանիա
ԿրթությունԿոպենհագենի համալսարան
Մասնագիտությունբժիշկ և ակտիվիստ
ԱմուսինՅալմար Հայն
Ծնողներհայր՝ Օկտավիուս Հանսեն
ԵրեխաներՓիթ Հայն
 Estrid Hein Վիքիպահեստում

Էստրիդ Հայն (դան․՝ Estrid Hein, հուլիսի 27, 1873(1873-07-27), Կոպենհագեն - հուլիսի 25, 1956(1956-07-25)[1], Hørsholm, Դանիա), դանիացի ակնաբույժ, կանանց իրավունքների շարժման ակտիվիստ, պացիֆիստ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էստրիդ Հանսենը ծնվել է 1873 թվականին, Կոպենհագենում, դանիացի քաղաքական գործիչ Օկթավիուս Թոմաս Հանսենի և Իդա Անտոինետ Վուլֆի ընտանիքում։ Էստրիդը մանկուց ծանոթ էր դանիացի բազմաթիվ հայտնի քաղաքական և մշակութային գործիչների հետ։

1890 թվականին Նատալի Սալեի անվան (N. Zahles Skole) դպրոցն ավարտելուց հետո Էստրիդը Կոպենհագենի համալսարանում սովորել է բժշկություն, որն ավարտել է 1896 թվականին։ Նույն թվականի սեպտեմբերին նա ամուսնացել է ինժեներ Յալմար Հայնի հետ, այնուհետև եղել է Փարիզում, որտեղ ուսանողական շրջայցերի ժամանակ Մեծ Բրիտանիայի, Նիդերլանդների, Ավստրիայի և Գերմանիայի կլինիկաներում սովորել է ակնաբուժություն[2]։

Վերադառնալով Կոպենհագեն՝ 1898 թվականին Էստրիդը սկսել է բժշկական պրակտիկան։ 1906 թվականին բացել է աչքի սեփական կլինիկան։ 1918 թվականին ստացել է մասնագետի վկայական և շարունակել աշխատել այս ոլորտում մինչև 1939 թվականը, երբ թոշակի է անցել։

Բացի իր հիմնական աշխատանքից, Էստրիդը մասնակցել է կանանց հավասար իրավունքների պաշտպանության շարժմանը՝ դառնալով Kvindernes Handels-og Kontoristforning-ի («Կանանց առևտրային և կաբինետային մասնագիտությունների ասոցիացիա») բժիշկ-մասնագետը և Louiseforeningen-ի («Լուիզի հասարակություն») խորհրդի անդամ, որն օգնում է աղքատ և միայնակ կանանց։ 1914 թվականին նա առաջին կինն էր Blindeinstituttet (Կույրերի ինստիտուտ) խորհրդում։

1909 թվականից մինչև 1916 թվականը եղել է Կոպենհագենի Dansk Kvindesamfund («Դանիական կանանց միություն») բաժանմունքի նախագահ՝ լինելով կազմակերպության ամենահայտնի դեմքերից մեկը։  Նա հաջողությամբ իրականացրել է կանանց հավասար ընտրական և աշխատանքային իրավունքների համար քարոզարշավներ։ 1915 թվականին Թորո Դաուգորդի, Կլարա Թյուբյորգի, Բեննի Սեդերֆելդ Դե Սիմոնսենի և Հեննի Ֆորհամերի հետ եղել է Danske Kvinders Fredskæde-ի՝ Կանանց միջազգային լիգայի հանուն խաղաղության և ազատության Դանիական բաժանմունքի առաջին անդամներից մեկը[3]։ Նույն թվականին նա ընդգրկվել է ընտանեկան իրավունքի Սկանդինավյան հանձնաժողովի կազմում, որն աշխատանքներ էր տանում Դանիայում ամուսնացած կանանց իրավունքների բարելավման ուղղությամբ։

Նա նաև ակտիվ մասնակցություն է ունեցել Den danske Komité til Bekæmpelse af den hvide Slavehandel-ում, որը ստեղծվել է սպիտակ ստրկության դեմ պայքարելու համար։ Հայնը մեծ դեր է խաղացել կանանց և երեխաների թրաֆիքինգի դեմ պայքարի Ազգերի լիգայի Խորհրդատվական կոմիտեում, որտեղ նա 18 տարի եղել է պատվիրակ։ 1933 թվականից եղել է Kvinderådet («Դանիայի կանանց ազգային խորհուրդ») խորհրդի անդամ։

Էստրիդ Հայնը մահացել է Հորսհոլմում, 1956 թվականի հուլիսի 25-ին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Dansk Biografisk Lexikon (դան.)
  2. «Estrid Hein | Gyldendal - Den Store Danske». denstoredanske.dk (դանիերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 29-ին.
  3. «Death to Militarism! / Død over militarismen |» (բրիտանական անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 29-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էստրիդ Հայն» հոդվածին։