Էտիեն-Գաբրիել Մորելլի ֆր.՝ Étienne-Gabriel Morelly | |
---|---|
Ծնվել է | 1717[1][2][3] |
Ծննդավայր | Վիտրի-լե-Ֆրանսուա |
Մահացել է | 1778[1][2][3] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | փիլիսոփա, գրող և քաղաքական գործիչ |
Étienne-Gabriel Morelly Վիքիպահեստում |
Էտիեն-Գաբրիել Մորելլի (ֆր.՝ Etienne-Gabriel Morelly, 1717[1][2][3], Վիտրի-լե-Ֆրանսուա - 1778[1][2][3]), 18-րդ դարի ֆրանսիացի ուտոպիստ և արձակագիր։ Ապրել և աշխատել է Վիտրի լը Ֆրանսուա քաղաքում, եղել է ուսուցիչ։
Կենսագրական տեղեկություններ չեն պահպանվել։ Մորելլիի հայացքները շարադրված են «Բազիլիադա» (1753) պոեմում և «Բնության կոդեքսը կամ նրա օրենքների ճշմարիտ ոգին» (1755) տրակտատում։ Քննադատելով ժամանակի հասարակական կարգերի ենթադրյալ այլասերվածությունն ու թշվառությունը՝ Մորելլին գտնում էր, որ դրանք մասնավոր սեփականության ծնունդ են և հակասում են բանականությանն ու բնությանը, հետևաբար, մարդիկ պետք է բանականորեն հրաժարվեն անհավասարությունից և վերադառնան կորցրած բնական վիճակին։ Ապագա հասարակության մասին գաղափարները Մորելլին շարադրել է օրենսդրական նախագծերի ձևով, որն արտահայտվում էր հետևյալ հիմնական սկզբունքներում՝ մասնավոր սեփականության վերացում, բոլոր քաղաքացիներին աշխատանքով ապահովելու իրավունք, յուրաքանչյուր քաղաքացու հանրորեն օգտակար աշխատանքով զբաղվելու պարտականություն՝ «իրենց ուժերին, ձիրքերին և տարիքին համապատասխան»։ Մորելլին ենթադրում էր, որ նոր հասարակարգը պետք է իրականանար ոչ թե առանձին փոքր համայնքներում, ինչպես կարծում էին վաղ ուտոպիստները, այլ ամբողջ երկրում։ Մորելլին ավելի հստակ, քան 16-18-րդ դարերի մյուս ուտոպիստները, արտահայտեց ֆիզիկական և մտավոր աշխատանքների հակասության վերացման գաղափարը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 53)։ |