Էտիեն Լուի Բուլլե ֆր.՝ Étienne-Louis Boullée | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 12, 1728[1][2][3] |
Ծննդավայր | Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4] |
Մահացել է | փետրվարի 4, 1799[1][3] (70 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզ, Ֆրանսիա[4] |
Անդամություն | Ճարտարապետության թագավորական ակադեմիա |
![]() |
Էտիեն Լուի Բուլլե (ֆր.՝ Étienne-Louis Boullée, փետրվարի 12, 1728[1][2][3], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4] - փետրվարի 4, 1799[1][3], Փարիզ, Ֆրանսիա[4]), ֆրանսիացի ճարտարապետ-նեոկլասիցիստ, որի աշխատանքները նշանակալի ազդեցություն են ունեցել և շարունակում են ազդել ժամանակակից ճարտարապետների վրա։ Ֆրանսիական մեգալոմանների դպրոցի ներկայացուցիչ։
Էտիեն Լուի Բուլլեն ծնվել է 1728 թվականի փետրվարի 12-ին Փարիզում։ Սովորել է Ժակ Ֆրանսուա Բլոնդելի, Ժերմեն Բոֆրեի և Ժան Լորան Լեժեի մոտ։ Նրանց գլխավորությամբ ուսումնասիրել է 17-18-րդ դարերի Ֆրանսիայի դասական ճարտարապետություն նրա ժողովրդական իմաստով և նեոդասականություն, որը զարգացում է ապրել դարի երկրորդ կեսին։ 1762 թվականին ընտրվել է Ճարտարապետության թագավորական ակադեմիայի անդամ և դարձել գլխավոր ճարտարապետ Ֆրիդրիխ II-ի օրոք (գլխավորապես պատվավոր կոչում)։ 1762-1778 թվականներին նախագծել է մի շարք մասնավոր տներ, որոնց մեծ մասը ներկայում չի պահպանվել։ Պահպանված աշխատանքների թվում են Hôtel Alexandre[5][6] և Hôtel de Brunoy, որոնք երկուսն էլ գտնվում են Փարիզում։ Կլոդ Նիկոլա Լեդուի հետ միասին եղել է ֆրանսիական նեոդասական ճարտարապետության առավել ազդեցիկ գործիչներից։
Առավել վառ Բյուլեն իրեն դրսևորել է որպես Կամուրջների և ճանապարհների ազգային դպրոցի (École Nationale des Ponts et Chaussées) դասախոս և տեսաբան 1778 թվականից մինչև 1788 թվականը՝ ստեղծելով իր յուրահատուկ վերացական երկրաչափական ոճը, որի համար ոգեշնչման աղբյուր են ծառայել դասական ձևերը։ նրա աշխատանքի հատկանշական առանձնահատկությունն էր ավելորդ դեկորատիվ տարրերի մերժումը, երկրաչափական ձևերի մասշտաբների զգալի աճը և տարրերի կրկնությունը, ինչպիսիք են սյուների անհամար շարքերը։
Բուլեն կողմնակից էր այն գաղափարին, որ ճարտարապետությունը պետք է արտահայտի իր նպատակը։ Այս ուսմունքը նրա քննադատներն անվանել են architecture parlante («խոսող ճարտարապետություն»), այն XIX դարի երկրորդ կեսին Բոզ-ար ճարտարապետական դպրոցի անբաժանելի մասն էր։ Նրա ոճի ամենավառ օրինակն է կենոտաֆի նախագիծը անգլիացի գիտնական Իսահակ Նյուտոնի համար, 150 մետր բարձրության գնդի տեսքով, որը մխրճվել է վերևում նոճիներով կլոր հիմքի մեջ։ Թեև նախագիծը չի իրականացվել, էսքիզը պահպանվել է փորագրության մեջ և ունեցել է լայն տարածում մասնագիտական շրջանակներում։
Բուլեի գաղափարները զգալի ազդեցություն են ունեցել ժամանակակիցների վրա, հատկապես այլ նշանավոր ճարտարապետների ուսուցման գործում նրա դերի շնորհիվ, ինչպիսիք էին Ֆրանսուա Շալգրենը, Ալեքսանդր Բրոնյարը, Ժան-Նիկոլա Լուի Դյուրանը։ Նրա որոշ աշխատանքներ լույս են տեսել միայն 20-րդ դարում։ Նրա Architecture, essai sur l’art («Ճարտարապետություն, ակնարկ արվեստի մասին») գիրքը, որը պաշտպանում է զգայական նեոկլասիցիզմի գաղափարները, հրատարակվել է միայն 1953 թվականին։ Հրատարակությունը պարունակում էր նրա աշխատանքները՝ ստեղծված 1778 թվականից մինչև 1788 թվականը, հիմնականում հասարակական շենքերի նախագծեր, որոնք լիովին ոչ պրակտիկ են մեծ չափի պատճառով։
Վիթխարի նախագծերի հանդեպ Բուլլեի սիրո պատճառով նրան հաճախ բնութագրել են որպես մեգալոմանյակ և վիզիոներ միաժամանակ։ Նրա սիրած հնարքը՝ հակադրությունը (նախագծի հակադիր տարրերի համատեղում) և լույսի ու ստվերի օգտագործումը եղել են խիստ նորարարական և շարունակում են ազդեցություն ունենալ ճարտարապետների վրա մինչև այսօր։ Բուլլեն վերաբացահայտվել է 20-րդ դարում. ճարտարապետների թվում, որոնց վրա նա ազդեցություն է ունեցել, եղել է Ալդո Ռոսսին։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էտիեն Լուի Բուլլե» հոդվածին։ |
|