Ընթերցում | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Պաբլո Պիկասո |
տարի | 1932 |
ժանր | դիմապատկեր |
հավաքածու | անհայտ |
Ծանոթագրություններ |
Ընթերցում (ֆր.՝ La Lecture), իսպանացի և ֆրանսիացի նկարիչ Պաբլո Պիկասոյի նկարը՝ վրձնված 1932 թվականին՝ սյուռեալիզմի շրջանում։ Գտնվում է մասնավոր հավաքածուում։ Չափսերն են՝ 65,5 × 51 սմ[1]։
Վառ գույներով (դեղին, կանաչ, կարմիր) լի դիմանկարը նկարիչը ստեղծել է իր կյանքի այն շրջանում, որը արվեստագետները անվանում են «սիրահարված» շրջան։ Նկարում պատկերված է Մարիա-Թերեզա Վալտերը՝ Պիկասոյի գաղտնի սիրուհին, որը քնել է բազմոցին՝ գիրքը ծնկներին։ Բրիտանական The Guardian թերթի արվեստի գծով լրագրողը կարծում է, որ Վալտերի ծնկներին դրված բաց գիրքը «ինքն իրենից ներկայացնում է սեքսուալ խորհրդանիշ», իսկ նկարը բնորոշել է որպես «զգայական, էրոտիկ և երջանիկ»[2]։
Մարիա Թերերզան Պիկասոյի հետ հանդիպել է 1927 թվականին։ Աղջիկը ընդամենը 17 տարեկան էր, իսկ Պիկասոն՝ 45։ Նա դուրս էր եկել փարիզյան մետրոյից, երբ Պիկասոն մոտեցել է նրան, բռնել նրա ձեռքը և ասել․ «Ես Պիկասոն եմ։ Մենք միասին պատրաստվում ենք անել մեծ գործեր»։ Ավելի ուշ Վալտերը հիշում էր, որ նա անմեղ աղջիկ էր և երբեք չէր լսել ո՛չ այդ նկարչի և ո՛չ էլ նրա փառքի մասին[3]։ Այն դեպքում, երբ Պիկասոն ամուսնացած էր ռուս բալետի պարուհի Օլգա Խոխլովայի հետ։ Նա թաքցրել է կնոջից իր նոր հափշտակությունը այնքան ժամանակ, մինչև 1935 թվականին Խոխլովան իր ընկերոջից իմացել է ամուսնու սիրուհու հղիության մասին։ Օլգան նույն պահին հեռացել է Պիկասոյից՝ իր հետ վերցնելով որդուն։ Նրանց ամուսնությունը քայքայվել է, չնայած պաշտոնապես մինչև Խոխլովային մահը՝ 1955 թվականը, նրանք մնացել են ամուսիններ։
Մարիա Թերեզա Վալտերը՝ սեքսուալ և ֆիզիկապես գայթակղիչ, Պիկասոյի վրա թողել է ուժեղ ազդեցություն և ներշնչել է նրան վրձնել «Աղջիկը հայելու առաջ», «Երազ», «Մերկ կինը, կանաչ տերևներ և կուրծք» և շատ այլ ստեղծագործություններ, որոնցում մարմնավորվել են նրա կերպարները։
2011 թվականի փետրվարի 8-ին «Ընթերցում» նկարը ցուցադրվել է Լոնդոնի Սոթբիսի աճուրդում և վաճառվել անանուն մասնակցին՝ հեռախոսով 6 րոպե սակարկելուց հետո 25,2 միլիոն ֆունտ ստեռլինգով (40,7 միլիոն դոլարով)[4]։ Ավելի վաղ 1989 թվականին նկարը ցուցադրվել էր Քրիստիս աճուրդում և վաճառվել 5,8 միլիոն դոլարով։ Այդ ժամանակ շատերը այդ աշխատանքը համարել են գերագնահատված[5]։