Թամզարա (պար)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թամզարա (այլ կիրառումներ)

Թամզարա, բուն հայկական հարսանեկան երգ-պար։ Այն պարել են շատ հայկական բնակավայրերում։ Գրառվել է 17-ից ավելի տարբերակ, սակայն գրառման ժամանակ պարը ցուցադրողներից ոչ ոք անվան ծագումը չի կարողացել բացատրել։

Թամզարա գյուղի մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Թամզարան» Սուքիաս Էփրիկյանի «Պատկերազարդ բնաշխարհիկ բառարանում» հանդիպում է որպես հայկական բնակավայրի անվանում։ Այս բնակավայրը, բացի «Թամզարա» անվանումից, կոչվում էր նաև «Թամարզա», «Թումարզա»։

Որոշ ուսումնասիրողների կարծիքով՝ «Թամզարա» անվանումը ծագել է Թովմա Արծրունու անունից, ով, ըստ վարկածի, հիմնել է տվյալ Թամզարա գյուղը։ Հնարավոր է, որ երգ-պարի անվանումն ինչ-որ չափով կապված լինի տվյալ բնակավայրի անվան հետ, ինչպես դա հավաստում է Հրաչյա Աճառյանն իր «Գավառային բառարանում»։

Ըստ Կոմիտասի՝ «Թամզարան» հարսանեկան երգ-պար է, որտեղ գլխավոր դերը վերապահվել է պարբաշուն (պարագլուխ) ու պարապոչին։ Իսկ հարսն անպայման կանգնում էր կնքահոր կողքին։

Այժմ «Թամզարան» կորցրել է իր նախկին ծիսական նշանակությունը, երբ այն կատարվում էր գրեթե բոլոր համայնքային միջոցառումների ու խնջույքների ժամանակ։

«Թամզարա» պարատեսակը պատկանում է երկու գնալ, երկու դառնալ պարաընտանիքին։ «Թամզարայի» տարբերությունը երկու գնալ, երկու դառնալ պարաընտանիքից այն է, որ այս պարատեսակը երկարում է ևս երկու հաշվով՝ դեպի ձախ տեղաշարժող, վերադարձնող երկու շարժումով։ Իսկ պարը վեցի փոխարեն ունի միավոր ութ հաշիվ և շարժում։

Աշխատություններում գրառված «երկու գնալ, երկու դառնալ» պարատեսակներն իրենց շարժումներով այնքան էլ նման չեն։ Սրանց մի քանի տարբերակներում, որոնք էլ հենց կոչվում են «Թամզարա», դեպի ձախ տեղաշարժերի փոխարեն տեղի է ունենում մարմնի ծանրության մի քանի տեղափոխում ձախ, ապա աջ, ապա կրկին ձախ։

Ձեռքերը բռնելու մի քանի տարբերակ կա՝ ճկույթներով, ափերով («բարև բռնած»), իսկ երբեմն նաև ուսերից։ Երաժշտական չափը 9/8=4/8+5/8, որն էլ ստեղծում է ձեռքերի ճոճումների և ոտքերի շարժումների ոչ համաչափ ռիթմ։

Պարի ընդհանուր տեղաշարժը դեպի աջ է։ Պատկանում է «դուրան» պարերի թվին, որոնց հետագիծը հարթ գծով է անցնում։

«Թամզարայի» պարաքայլին բնորոշ են ոտքի կրկնակի հարվածները։

Պարաքայլերը հետևյալ հերթականությամբ են.

  1. աջ ոտքով կատարվում է քայլ դեպի աջ,
  2. ձախ ոտքով կատարվում է կցորդ քայլ՝ ձախ ոտքը միացվում է աջին,
  3. կրկին քայլ աջ ոտքով և դեպի աջ,
  4. կրկնակի հարված ձախ ոտքով,
  5. ձախ ոտքով քայլ դեպի ձախ,
  6. մարմնի ծանրության տեղափոխում աջ ոտքի վրա,
  7. մարմնի ծանրության տեղափոխում ձախ ոտքի վրա,
  8. կրկնակի հարված աջ ոտքով։

Կան պարի այլ տարբերակներ նույնպես, որոնք տարբերվում են վերը նշվածից։ Կարինի տարբերակում պարը դուրս է գալիս իր «դուրան» (ուղիղ) հետագծից և առաջ քայլելով, կրկնակի հարվածում է աջ ոտքով, ապա, վերադառնալով իր հետագծին, նորից կրկնակի հարված կատարում աջ ոտքով։

Կան նաև տարբերակներ, որտեղ ոտքերի հարվածներ չեն կատարվում, հակառակը, ազատ ոտքն օդում խաղացող գործողություն է կատարում, ապա հաջորդ քայլին իր վրա վերցնում մարմնի ծանրությունը։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]