Թխկի գեղեցիկ (լատին․՝ Acer mono Maxim), թխկազգիների ընտանիքի, թխկի ցեղի բույս։
Ծառ է մինչև 15 մ բարձրությամբ, կարճ բնով, որի տրամագիծը հասնում է մինչև 50 սմ- ի և ծածկված է մոխրավուն կեղևով։ Երիտասարդ
ընձյուղները մազմզուկապատ են, հազվադեպ մերկ, բաց գույնի, դեղնավուն կամ մոխրավուն։ Կարճացած ընձյուղների վրա տերևները միշտ 5 բլթականի են' 6- 11 սմ երկարությամբ և 9- 12 սմ լայնությամբ, մերկ, կլորավուն, սրտանման կամ սեպաձև հիմքով։ Բլթակները եռանկյունի են կամ օվալ-եռանկյունի, ամբողջաեզր։ Ծաղկաբույլերը վահանանման հուրաններ են, կազմված 15- 30 ծաղիկներից, որոնք բաց դեղնավուն են, սև ծիրանագույն սկավառակով։ Թևապտուղները միմյանցից հեռանում են համարյա ուղիղ անկյան տակ։ Ծաղկում է մայիսին, պտուղները հասունանում են օգոստոսին։ Գեղեցիկ պարկային ծառ է, որը ուշադրության է արժանի։
Տարածված է ճեռավոր Արևելքում, Կորեայում, հյուսիսարևելյան Չինաստանում։ Աճում է լայնատերև և խառը անտառներում, անտառաեզրերում։ Հանդիսանում է ասեղնալայնատերև անտառների բնորոշ տեսակներից մեկը։ Հայաստանում մշակվում է Երևանում, Վանաձորում, Սևանում։ Ամենուրեք լավ է աճում, բայց Երևանում որոշ չափով տուժում է օդի չորությունից, և սովորաբար ամռան երկրորդ կեսին տերևները արևային այրվածքներ են ստանում[1]։